Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Պատերազմը չի ավարտվել։ Ու հիմա մարդկանց վախեցնել պատերազմով․․․»․ «Առերեսում»

Հուլիս 15,2023 22:00

«Հայաքվե» նախաձեռնության դեմ հիմնական փաստարկներից մեկն է, թե այն կաշկանդելու է իշխանությանը բանակցությունների ընթացքում։ Մի օրինակ՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը պնդում է, թե «Հայաքվե»-ի առաջարկած նախագծի ընդունման հաջորդ վայրկյանին Ադրբեջանը Հայաստանի ու ԼՂ-ի հանդեպ կսկսի լայնածավալ ռազմական ագրեսիա․ «Մենք հիմա բանակցում ենք Ադրբեջանի հետ եւ բանակցությունների ժամանակ կողմերին պետք է թողնել ճկունության տեղ, եթե դիմացի կողմին չես թողնում ճկունության տեղ, ապա դիմացի կողմն ունի երկու տարբերակ՝ կամ ճանաչում է այն, ինչ դու ուզում ես, կամ պատերազմ է հայտարարում»։

Անդրադառնալով այս պնդմանը՝ «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ «Հայաքվե»–ի նախաձեռնող խմբի լիազոր անձ, իրավաբան Արամ Պետրոսյանն ասաց․ «Նախ՝ պատերազմը նոյեմբերի 9-ից հետո էլ չի դադարել։ Ըստ պաշտոնական տվյալների, ցավոք սրտի, արդեն շուրջ 400 զոհ ունենք։ Երկրորդը՝ պատերազմի հավանականությունը եթե նույնիսկ մեծ է, ապա դրա մի պատճառն այն է, որ իրենց ընտրած վարչապետն ԱԺ ամբիոնից խոստովանում է, թե ինքն ունակ չէ զենք գնելու․ փող կա, բայց իրեն զենք չեն տալիս»։

Արամ Պետրոսյանն ընդգծեց․ «Հայաքվեն» քաղաքացիական նախաձեռնություն է եւ արտահայտում է 2021 թվականին ընտրություններին մասնակցած Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների՝ 100 տոկոսի կամարտահայտությունը։ 2021 թվականի ընտրություններում որեւէ դաշինք կամ կուսակցություն չի հայտարարել, թե ճանաչելու է Արցախը Ադրբեջանի կազմում․․․ 2021 թվականին 1 միլիոն 281 հազար մարդ մասնակցել է ընտրություններին եւ ասել՝ այո, ես կողմ եմ քո ծրագրին, որ Արցախն անկախանա, հետագայում վերամիավորվի ՀՀ–ին»։

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի «Արցախի հիմնախնդիր» բաժնում մասնավորապես նշված է․ «Մոտակա տարիներին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի աղետալի պատերազմի հետևանքների վերացումը, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա, որը բխում է Արցախի ժողովրդի գոյութենական վտանգներին դիմակայելու անհրաժեշտությունից։ Այն փաստը, որ մարդու իրավունքների զանգվածային խախտումների և զանգվածային ոճրագործությունների հետևանքով հայաթափվել են Արցախի բոլոր այն տարածքները, որտեղ հաստատվել է ադրբեջանական վերահսկողություն, մատնանշում է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո»։

Հաղորդման մյուս հյուրը՝ «Հայաքվե» նախաձեռնության անդամ Նաիրի Հոխիկյանը վիճարկելով, թե նախաձեռնելով քրեական պատասխանատվություն Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող պաշտոնատար անձանց համար՝ տորպեդահարելու են բանակցային գործընթացը՝ մեջբերեց Ուինսթոն Չերչիլին․ «Ե՞րբ դուք վերջապես կհասկանաք, որ վագրի հետ հնարավոր չէ բանակցել, եթե գլուխդ նրա բերանում է»։ Եվ հավելեց․ «Հիմա Ադրբեջանն իհարկե շատ հեռու է վագր լինելուց, բայց ՀՀ իշխանությունն իր գլուխը մտցրել է այդ վագրի, բորենու կամ որեւէ այլ կենդանու երախի մեջ եւ ասում է՝ բանակցում ենք։ Չկա բանակցություն։ Կա ընդամենը հետեւյալը՝ Նիկոլ Փաշինյանը գնում է Եվրոպա, Իլհամ Ալիեւը թուղթը տալիս է՝ ասում, թե պիտի սա ասես։ Նիկոլ Փաշինյանը գալիս է Հայաստան եւ հայտարարում։ Սա բանակցություն չի։ Ինչ վերաբերվում է Հայաստանի կամ Արցախի դեմ լայնածավալ պատերազմի վտանգին՝ այն, ինչպես պարոն Պետրոսյանը նշեց՝ չի ավարտվել։ Հետո՞ ինչ, որ երբեմն–երբեմն դադարներ են լինում։ Բայց պատերազմը չի ավարտվել։ Ու հիմա մարդկանց վախեցնել պատերազմով․․․ Նժդեհն է ասում․ «Ամենից զարհուրելին պարտությունը չէ, այլ պարտվողականությունը, որով բռնված ժողովուրդը լրացնում է, կատարյալ դարձնում իր թշնամու հաղթանակը»:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31