Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ստանամ առաջարկ, ինչը կենթադրի, որ ես պետք եմ կրկեսին, մշտական կվերադառնամ Երեւան»

Հուլիս 15,2023 12:00

Հարցազրույց կրկեսի արտիստ, ակրոբատ (կրկեսային մարմնամարզիկ), պարուհի, երգչուհի Թինա Քեյի հետ

– Սիրելի Թինա, չենք կարծում, թե ձեզ առանձնակի ներկայացնելու հարկ կա։ Մինչ օրս տարբեր առիթներով հոլովվում է ձեր անունը, հիշում են, թե ինչպես էիք «լեզու գտնում» օձերի, մողեսների, թունավոր կարիճների, սարդերի հետ, նաեւ մտաբերում են ձեր կրկեսային ռիսկային համարները եւ այլն։ Ստացվել է այնպես, որ մոտ 20 տարի դատապարտված ենք կրկես չունենալուն, բայց դեռ հույսով, սպասումով ապրում ենք. եկող տարվա ավարտին վերջապես կվերաբացվեն Երեւանի կրկեսի դռները։ Չմոռանանք, որ տասը տարի Երեւանում գործել է ձեր պարի եւ կրկեսի դպրոցը։ Ռուսաստանյան ԶԼՄ-ներից ենք տեղեկանում, որ դուք վերջին շրջանում բուռն ստեղծագործական գործունեություն եք ծավալում Մոսկվայում, ավելին՝ հիմնել եք ձեր դպրոցը։ Խնդրում ենք հակիրճ պատմեք այդ մասին։

– Ավելի քան հինգ տարի է՝ Մոսկվայում եմ եւ ձեր նման հույսս չեմ կորցրել, թե մի օր իմ կրկեսը կվերաբացվի։ Այլ բան է, որ ես այդժամ այնտեղ կներկայանամ որպես արտիստ, թե բալետմայստեր-ռեժիսոր… Իսկ Մոսկվայում երեք տարի առաջ սկսեց գործել իմ պարի եւ ակրոբատիկայի դպրոցը, որտեղ ուսանում է մինչեւ 14 տարեկան շուրջ 70 սան։ Այսօր արդեն կարող եմ հպարտորեն բարձրաձայնել, որ սաներիցս ոմանք տարբեր մրցույթներում, այդ թվում՝ միջազգային, արժանացել են դիպլոմների։ Ինչ վերաբերում է իմ անձնական ստեղծագործական գործունեությանը, Մոսկվայում ես հայտնի դարձա «Դերվիշների պարը» համարով, ինչի առիթով մամուլը գրեց, թե աշխարհում միակ աղջիկն եմ, որ ծրագրում ունեմ այդ դիտարժան համարը։

– Ի դեպ, եթե չենք սխալվում՝ լուսանկարներից տպավորություն ենք ստացել, թե  «Դերվիշների պարը» դուք ներկայացնում եք ոչ թե կրկեսի արենայում, այլ զվարճանքի վայրերում, այդ թվում՝ ռեստորաններում։

– Այո, հանդես եմ գալիս նաեւ զվարճանքի տարբեր վայրերում։ Եթե ճիշտ հասկացա ձեր հարցի ենթատեքստը, ապա պետք է նշեմ, որ ռեստորանում հանդես գալը «մեկ քայլ առաջ»-ի փոխարեն տասը քայլ հետ է… Անպակաս են նաեւ բեմելներն ու նկարահանումները ռուսաստանյան շոու-բիզնեսի աստղերի ընկերակցությամբ՝ Սոսո Պավլիաշվիլի, Դմիտրի Մալիկով, Ագուտին ու Անժելիկա Վառում եւ այլն, բազմիցս մասնակցություն եմ ունեցել երջանկահիշատակ կուտուրյե Վալենտին Յուդաշկինի ցուցադրություններին։

– Առաջին մասնագիտությամբ կրկեսի արտիստ եք, որն, ինչպես բալետի արտիստը, բեմական կարճ կյանք ունի…

– Իհարկե, այդպես է, բայց հիշեցնեմ, որ ես նաեւ երգչուհի եմ, ավարտել եմ Երեւանի կոնսերվատորիան՝ բարձրարվեստ երգչուհի Լուսինե Կչոզյանի դասարանը, շփվել, համագործակցել կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանի ղեկավարած Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի հետ, հետո Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտում ձեռք եմ բերել բալետմայստեր-ռեժիսորի մասնագիտություն՝ անվանի բալետի արտիստ,  խորեոգրաֆ Վիլեն Գալստյանի ղեկավարությամբ։ Այնպես որ, եթե որպես պարուհի կյանքս կարճատեւ է, ապա թույլ տվեք առանց ավելորդ համեստության ասել, որ մյուս մասնագիտություններով փայլել եմ ու դեռ կփայլեմ։

– Դյումայի վեպերից մեկի վերնագիրը վերափոխելով՝ հետեւյալ հարցն ուղղենք. «100 տարի անց» մեր կրկեսը վերջիվերջո կսկսի գործել, այդ ժամանակ դուք կվերադառնա՞ք, թե՞…

– Վստահ եմ, որ Երեւանի կրկեսի կառավարիչ, անկրկնելի արտիստ, ճանաչված ու սիրված Սոս Պետրոսյանը, ով գերազանց գիտի իմ տվյալները, հնարավորությունները, կհրավիրի ինձ եւ համատեղ կբեմադրենք, կիրականացնենք մերօրյա լավագույն կրկեսային ներկայացումը, ինչու ոչ՝ սինթեզելով պարոն Պետրոսյանի գիտելիքներն ու հարուստ փորձը իմ նոր մասնագիտական հայացքների հետ։ Կարճ ասած՝ եթե ստանամ առաջարկ, ինչը կենթադրի, որ ես պետք եմ կրկեսին, մշտական կվերադառնամ Երեւան։ Այնպես չէ, որ ես Երեւանից մշտապես հեռացել կամ գնացել եմ Մոսկվա։ Ամռան ամիսներին, այսօր էլ, Երեւանում եմ։ Շուրջ 15 տարի առաջ հիմնած Ti Key շոու-բալետի հետ հանդես ենք գալիս  հայաստանյան տարբեր միջոցառումներին, ամենամյա փառատոներին եւ այլն։

– Հետաքրքիր է՝ կրկեսի չգործունեության տարիներին հանդիպե՞լ եք Սոս Պետրոսյանի հետ։

– Իհարկե։ Հենց պարոն Պետրոսյանն է ինձ ուղղորդել թատերական ինստիտուտ, նպատակով, որ այն ավարտելուց հետո վերադառնամ կրկես։

– Իսկ այս պահին որտե՞ղ են ձեր վարժեցրած կենդանիները, գուցե Մոսկվայո՞ւմ են։

– Գիտեք ինչպե՜ս եմ կարոտել գործընկերներիս՝ կոկորդիլոսներին, օձերին, մողեսներին, սարդերին, կարիճներին… Չէ, նրանց ինձ հետ Մոսկվա չեմ տարել, մի մասը  կենդանաբանական այգում են, մյուսները՝ Էկզոտարիումում։

– Դուք, կներեք բառի համար, մեր հիշողություններում եղել եւ մնում եք ռիսկային արտիստ։ Մոսկվայում նման բեմադրություններ իրականացրե՞լ եք։

– Մոսկվայում՝ դեռեւս ոչ, բայց Հայաստանում իմ աղջիկները շարունակում են հանդես գալ այդ բեմադրությամբ՝ «Կրակներով շոու»։


Լուսանկարներ «Լուսային շոուից»

– Ի՞նչ նոր համարներ կամ բեմադրություններ եք իրականացրել Մոսկվայում, որը ծանոթ չէ հայ հանդիսատեսին։

– Իրականացրել եմ իսկապես հետաքրքիր լուսային շոու, որը այս այցիս ներկայացնելու եմ Հայաստանում։

– Եթե հնարավոր է՝ կմանրամասնե՞ք։

– Փորձեմ։ Զգեստներն ամբողջությամբ լուսային էֆեկտներով են, օգտագործում ենք ճոխ  թագեր փետուրներից… Դժվար է բառերով ներկայացնել, կարճ ասեմ՝ այդ շքեղ հագուստները բնորոշ են միայն կրկեսային շոու-բալետին կամ նախատեսված են մեծամասշտաբ միջոցառումների համար։

– Եթե ճիշտ ընկալեցինք՝ նման հագուստներ կարելի է տեսնել, ասենք՝ փարիզյան Մուլեն Ռուժում…

– Այո, այո, տարիներ առաջ ես Փարիզում էի, այցելեցի Լիդո եւ Մուլեն Ռուժ թատրոններ, ոգեշնչվեցի ներկայացված շոուներով, շքեղ, աչք շոյող, տպավորիչ տեսարաններով ու հանդերձներով։ Եվ տարիներ անց դա վերարտադրեցի Մոսկվայում, որտեղ թեեւ կային նման բեմադրություններ, բայց մասնագետները ինձ վստահեցրին, որ ձեռագիրս խիստ տարբերվում է եղածներից եւ նույնիսկ համեմատության եզրեր չկան։

– Թինա, թույլ տվեք նկատել, որ դուք նույն «կրակի կտորն» եք՝ թեկուզ որպես զրուցակից։ Ձեր ամուսինը, դուստրը, որդին ինչպե՞ս են դիմանում ձեզ, ավելի ճիշտ՝ ձեզնից հորդող էներգիային։

– Ուզեն-չուզեն՝ դիմանում են։ Զավակներիս համար նույն մայրն եմ, ամուսնուս համար՝ միակ կինը։ Բայց մեր մեջ ասած՝ ամուսինս շա՜տ ուժեղ մարդ է…

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Լուսանկարներ «Լուսային շոուից»

«Առավոտ» օրաթերթ
13.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31