Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչական դատարանը հաճախ հանդես է գալիս «ԲԴԽ փաստաբանի» կարգավիճակով

Հուլիս 15,2023 13:00

Մինչդեռ Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաեւ Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

Օրերս անդրադարձա Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմած հայ դատավորների գործերին: Դրանք տասից ավելի էին: Մեծ թիվ են կազմում նաեւ ՀՀ վարչական դատարան դիմած դատավորների գործերը: Ներկայացնեմ դրանցից մի քանիսը:

Հուլիսի 6-ին դատարան էր դիմել Երեւան քաղաքի դատավոր Դավիթ Բալայանի ներկայացուցիչ Հեղինե Մկրտչյանը՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության համար քվեաթերթիկում ներառելու ծանուցումը միայն մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորներին ուղարկելու՝ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու եւ որպես հետեւանք՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության համար քվեաթերթիկում ներառելու ծանուցում առաջին ատյանի դատարանների բոլոր այն դատավորների, ովքեր բավարարում են Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուի համար սահմանված պահանջներին, ուղարկելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցադիմումով:

Այն ՀՀ վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանի վարույթում է, իսկ դատական նիստի օրը դեռ հայտնի չէ:

Հուլիսի 10-ին ՀՀ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների քրեաիրավական մասնագիտացման բաժնի ցուցակ կազմելուց եւ/կամ հաստատելուց ձեռնպահ մանալուն պարտավորեցնելու պահանջի մասին Բարձրագույն դատական խորհրդի դեմ վարչական դատարան հայց է ներկայացրել դատավոր Գնել Գասպարյանը:

Այն ՀՀ վարչական դատարանի դատավոր Միքայել Մելքումյանի վարույթում է:

ԲԴԽ-ի դեմ դեռ դատարաններում են մի քանի դատավորների գործեր, հիշեցնեմ մի քանիսը:

Արման Հովհաննիսյանի՝ ՀՀ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնից հայցվորին հանելու մասով, 02.05.2023թ. թիվ ԲԴԽ-46-Ո-147 որոշումը՝ մասնակիորեն վերացնելու եւ որպես հետեւանք, վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների քրեական մասնագիտացման բաժնի ցուցակում վերջինիս վերականգնելու, Արման Հովհաննիսյանին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակելու վերաբերյալ, վերջինիս կողմից համաձայնություն տրվելու դեպքում, ՀՀ նախագահին՝ հայցվորին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին գործը: Այն դատարանում է այս տարվա մայիսի քսաներկուսից: Ներկայացուցիչն էր Հարություն Հարությունյանը: Դատավորն է ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանը:

Դատարանը մերժել էր Արման Հովհաննիսյանի կողմից ներկայացված հայցադիմումի ընդունումը, հղում կատարելով տասնյակ հոդվածների, Սահմանադրության 173-րդ հոդվածին, համաձայն որի՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների եւ դատավորների անկախությունը: Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը` ի թիվս այլնի, կազմում եւ հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 79-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը Սահմանադրությամբ եւ սույն օրենսգրքով սահմանված լիազորություններն իրականացնելու միջոցով երաշխավորում է դատարանների եւ դատավորների անկախությունը: Օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը` ի թիվս այլնի, կազմում եւ հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ՝ առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները, ինչպես նաեւ Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա, ներառյալ՝ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին», պատճառաբանել էր վարչական դատարանը: Վերջինը վկայակոչել էր նաեւ օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասը, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետը, 122-րդ հոդվածի 1-ին մասը, երկու էջանոց հղումներ, փաստելով. «Օրենսգրքով ուղղակիորեն նախատեսված են այն դեպքերը, երբ Բարձրագույն դատական խորհրդի կողմից ընդունվող որոշումները ենթակա են վերանայման (բողոքարկման) հենց վարչական դատարանի կողմից: Ընդ որում, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կամ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու մասին որոշումների բողոքարկման արդյունքներով Բարձրագույն դատական խորհրդի որոշումները վերջնական են, ինչը, սակայն, չի բացառում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումը՝ նոր երեւան եկած կամ նոր հանգամանքների հիման վրա վերանայվելու համար»: Անդրադառնալով կոնկրետ գործին, «Դատարանը գտնում է, որ ներկայացված հայցը՝ նշված պահանջի մասով, ենթակա չէ դատարանի քննությանը»:

Դատարանի այդ եզրահանգումը հիմնվում է օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթի վրա, համաձայն որի` «վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության, հայցվորը դիմելով դատարան՝ առաջին պահանջով խնդրել է մասնակիորեն վերացնել ՀՀ բարձրագույն դատական խորհրդի 02.05.2023 թվականի թիվ ԲԴԽ-46-Ո-147 որոշումը՝ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնից իրեն հանելու մասով եւ որպես հետեւանք՝ իրեն վերականգնել այդ ցուցակում, որը, սակայն, չի կարող քննության առարկա դառնալ դատարանում՝ այդպիսի իրավակարգավորման բացակայության պայմաններում»։

Վերաքննիչ վարչական դատարանում ստացվել է Արման Հովհաննիսյանի ներկայացուցչի բողոքը: Հայտնի է դատավորը՝ Էդվարդ Նահապետյանը:

2023 թվականին ԲԴԽ-ի դեմ հայցապահանջներ են ներկայացրել Կարեն Մարդանյանը, Վահագն Գասպարյանը, Լուսինե Մկրտչյանը:

Այս տարվա ապրիլի 26-ին Կարեն Մարդանյանի ներկայացուցիչ Հեղինե Մանուկյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի՝ խնդրելով վերացնել ՀՀ բարձրագույն դատական խորհրդի 13.03.2023թ. թիվ ԲԴԽ-31-Ո-101 որոշումը, որպես հետեւանք՝ Կարեն Մարդանյանին վերականգնել ՀՀ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների քրեական մասնագիտացման բաժնի ցուցակում:

Դատարանն ընդունել էր վարույթ: Դատավոր Դանիել Դանիելյանը նախնական դատական նիստը նշանակել էր հուլիսի 11-ին:

Բարձրագույն դատական խորհրդի իրավասու՝ տեղեկությունը օրենքով սահմանված ժամկետում չտրամադրած պաշտոնատար անձին 50.000 ՀՀ դրամի չափով պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին հայցով մարտի 31-ից դատարանում է Վահագն Գասպարյանի գործը: Երկու նախնական դատական նիստ է տեղի ունեցել ՀՀ վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանի նախագահությամբ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31