Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ համակիրները Սպիտակում սպառնում են ընդդիմադիր գործչին ու նրա ընտանիքին

Հուլիս 15,2023 13:30

Սամվել Խոյեցյանին աշխատանքից ազատել են սեւերի ու սպիտակների քաղաքական բաժանման համատեքստում, այժմ էլ պահանջում են՝ չհակառակվել իշխանությանը

«Քաղաքական ճնշումներ էին գործադրում, սպառնողական մեսիջներ էին ուղարկում ինձ՝ ընտանիքիս հետ կապված: Մամուլում՝ ինձ անօրինական կերպով աշխատանքից ազատելու խնդիրների մասին խոսելուց հետո էլ անակնկալ ձեւով ուժ գործադրեցին. զրույցի հրավիրեցին, ուզեցին ուժ գործադրել, սպառնացին ընտանիքիս, կրկին անգամ փորձեցին վախեցնել, որ այլեւս մամուլի հետ չշփվեմ այդ հարցերով»,- Aravot.am-ի հետ զրույցում, իր հետ կատարվածի մասին է պատմում ՍԱՊԾ Սպիտակի տարածքային բաժնի նախկին պետ Սամվել Խոյեցյանը։ Բանը հասել է ձեռնամարտերի, նաեւ առողջապահական հիմնարկներում կան գրառումներ կատարվածի մասին, բայց իրավապահներն անուշադրության են մատնել եղածը, մատների արանքով են նայել կատարվածին:

Սամվել Խոյեցյանն անուններ չի հրապարակում, ասում է՝ տվյալ անձանց դեմքերով է ճանաչում, նրանք իշխող ՔՊ-ի անդամներ կամ համակիրներ են: Իր բոլոր հարցերին ու հակադարձումներին իրեն զրույցի հրավիրած անծանոթները միայն պատասխանել են՝ «դու իրավունք չունես իշխանությանը հակառակվես, խելոք մնա, մտածիր ընտանիքիդ ու ձեր անվտանգության մասին»:

«Ես իրենց զգուշացրեցի, որ ճիշտ բան չեք անում, իմ գործունեության մեջ ամեն ինչ արդար է, ես իմ գործողությունները միշտ ճիշտ եւ օրինապաշտ եմ արել, աշխատանքի վայրում քաղաքական գործունեություն չեմ ծավալել, կոլեկտիվն ու հասարակությունը միշտ գոհ են եղել, քանի որ օրենքի եւ ճիշտ լուծումների համար եմ միշտ պայքարել: Սակայն իրենք չեն համակերպվում նրա հետ, որ դու հակառակվել ես իրենց եւ օրենքով արդարություն ես պահանջում: Ես ի՞նչ եմ ասում, որ դուք սխալ եք ինձ աշխատանքից հեռացրել, դրա իրավունքը չունեիք, ես քաղծառայող եմ եւ օրենքով պաշտպանված: Ինչի՞ց են նեղանում, չէ՞ որ մարդու իրավունքների հետ գործ ունեն, իշխանության հայտարարած՝ ժողովրդավարական պետությունում ենք. այսպիսինն է՞ իրենց ժողովրդավար պետությունը»,- մանրամասնում է Սամվել Խոյեցյանը:

Այս ամենի արդյունքն այն է, ըստ մեր զրուցակցի, որ միանշանակ հանգում ես նրան, որ հետապնդումը քաղաքական է եւ գործող իշխանությունն իրականում անում է ճիշտ հակառակը, ինչը որ հայտարարում է. «Լրիվ վերածել են մաֆիայի, պիտի ամեն տեղ իրենք լինեն, սեւի-սպիտակի են ամեն ինչը տարանջատում: Բայց ես իմ պետությունը սիրում եմ՝ սովորել եմ, աշխատել ու ծառայել իմ պետությանը՝ նաեւ իմ մասնագիտական աշխատանքով, նաեւ ընտանիք կազմելով, երեխաներ ունենալով եւ իմ պետության քաղաքացիներ դաստիարակելով: Բայց եթե այսպես շարունակվի՝ ո՞ւր է տանում իշխանությունը, ինչի՞ կհասցնի»:

Սամվել Խոյեցյանին աշխատանքից ազատել են 2021 թվականի ապրիլ ամսին: Դրան հաջորդած ժամանակահատվածում, արդեն գործազուրկի կարգավիճակում, հրապարակային քաղաքական գործունեությամբ է զբաղվել՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում համակարգելով տվյալ տարածաշրջանում ընդդիմության շտաբի աշխատանքները: Սամվել Խոյեցյանը ՀՀԿ անդամ է:

2021-ին ծառայության վերափոխման-միավորման արդյունքում փոփոխություններ են կատարվել եւ Սամվել Խոյեցյանը պնդում է՝ աշխատանքից ազատվել է անհիմն՝ խախտելով-անտեսելով ՀՀ քաղծառայողի մասին օրենքը: Նա համակարգում է կայացել՝ մոտ 20 տարի աշխատելով ներքին օղակներից եւ հասնելով ծառայության պետի պաշտոնին. այն զբաղեցնում է 2016 թվականից: Իրեն փոխարինել են Վանաձորից ոչ մասնագետով, քանի որ, կարծում է, Սպիտակի տարածաշրջանում երկար փնտրել ու իրեն համարժեք մասնագետ չեն գտել:

Աշխատանքի, դրա որակի հետ կապված որեւէ խնդիր չի եղել, անձնական փոխհարաբերությունների առումով, իր քաղաքական հայացքներն ու նախասիրություններն աշխատավայրում չի դրսեւորել, իր աշխատանքը կատարել է քաղծառայողին եւ պետական ծառայողին հարիր. դա նաեւ համակարգում աշխատողները, վերադասներն են արձանագրել: Աշխատանքից ազատման պաշտոնական պատճառաբանություն չի ներկայացվել. աշխատանքից իր ազատվելու մասին պատահաբար է իմացել՝ աշխատավայրում: Այլ՝ աշխատանքի անցնելու առաջարկ էլ է արվել իրեն, որն ինքը մերժել է: Դատական գործընթացի մեջ է, Վարչական դատարանում գործը շահել է, Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել Վարչական դատարանի որոշումը, պատասխանողը դիմել է Վճռաբեկ:

Մեր զրուցակիցը ներքին հակասություններից շատ բան չի պատմում, միայն պնդում է, որ համակարգն ամբողջությամբ կոլաբսի էր ենթարկվել՝ վերադասների կողմից սեւերի ու սպիտակների քաղաքական բաժանման արդյունքում:

Սամվել Խոյեցյանը Վարչական էր դիմել հետեւյալ պահանջով. «ՀՀ ԱՍՀՆ ՍԱՊԾ գլխավոր քարտուղարի 14.04.2021թ. թիվ 2894-2021 հրամանը վերացնել, ՀՀ ԱՍՀ նախարարությանը Սամվել Խոյեցյանին նախկին պաշտոնին համարժեք` ՀՀ ԱՍՀՆ միասնական սոցիալական ծառայության Սպիտակի տարածքային կենտրոնի տնօրենի պաշտոնին նշանակելուն պարտավորեցնելու եւ ՀՀ ԱՍՀ նախարարությանը Սամվել Խոյեցյանին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար նրա միջին աշխատավարձի գումարը՝ սկսած 14.04.2021թ., վճարելուն պարտավորեցնել»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31