Երասխում կառուցվող երկաթի ձուլման գործարանի սեփականատեր՝ ամերիկյան «ՎԻՐՏՈՒԱԼ ՖՈՆԴԻՆԳ» և «ՍԻԷՍԻ ԳԼՈԲԱԼ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՍՊ ընկերությունների կողմից
Սույն թվականի հունիսի սկզբին Ադրբեջանը հայտարարեց, որ Հայաստանի Երասխ բնակավայրում կառուցվում է մետալուրգիական գործարան, որը բնապահպանական խնդիրներ է ստեղծելու իրենց երկրի համար: Մեր կողմից Հայաստանում հիմնադրված «Ջի Թի Բի Սթիլ» ընկերությունը հունիսի 8-ին հայտարարություն տարածեց, նշելով, որ ստացել է շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական եզրակացություն՝ համապատասխան փորձաքննական պահանջներով, որոնք համապատասխանում են բոլոր միջազգային չափորոշիչներին։
5 օրանց՝ հունիսի 13-ին, Ադրբեջանը սկսեց կրակել մեր կողմից կառուցվող գործարանի ուղղությամբ: Կրակոցները շարունակվում են մինչ այսօր: Այս ընթացքում մարմնական ծանր վնասվածքներ են ստացել մեր 2 աշխատակիցները, վնասվել և շարքից դուրս են եկել ընկերության տրակտորը, ռունկն ու բեռնատարը: Դրանք ֆոտո և տեսանկարահանմամբ արձանագրվել և հրապարակվել են մեր կողմից: Վերոնշյալ փաստերն արձանագրել են նաև տարբեր երկրների դեսպաններ, դիվանագիտական ներկայացուցիչներ, միջազգային դիտորդներ և լրագրողներ:
Հարկ ենք համարում ընդգծել հետևյալ անկյունաքարային կետերը՝
- Կեղծ են պնդումները, որ Երասխում կառուցվող գործարանը էկոլոգիական խնդիր է ստեղծելու Ադրբեջանի համար: Մեր գործարանը ոչ թե մետալուրգիական է, որտեղ հանքաքարից մետաղ են արտազատում, այլ մետաղաձուլարան է, որտեղ պատրաստի մետաղները, ձուլելու արդյունքում, վերածվում են ամրանների: Այս պարագայում, չկան վնասակար արտանետումներ ո՛չ դեպի մթնոլորտ, ո՛չ դեպի շրջակա միջավայր ու պոչամբար:
Թափոններ նույնպես չկան: Նմանատիպ գործարան այժմ աշխատում է նաև Ադրբեջանի մայրաքաղաքում՝ «Բաքու սթիլ քոմփանի» անվամբ, որը տարեկան 4 անգամ ավել երկաթ է ձուլում, քան նախատեսվում է ձուլել մեր գործարանում և գտնվում է բնակելի տներից 400 մետր հեռավորության վրա:
- Երասխ համայնքի բնակելի տները գտնվում են մեր գործարանից շուրջ 300 մետր հեռավորության վրա, իսկ ադրբեջանական ամենամոտ Հեյդարաբադ գյուղը 1.8 կմ հեռավորության վրա: Հետևաբար, Ադրբեջանի համար բնապահպանական խնդիր ստեղծելու նպատակ այստեղ չի՛ կարող լինել: Նմանատիպ գործարան կա նաև Հայաստանի Չարենցավան քաղաքում, որը 1.8 կմ շառավիղով ընդգրկում է ամբողջ քաղաքն ու հարակից գյուղն՝ իրենց տասնյակ հազարավոր քաղաքացիներով:
- Գործարանն աշխատելու է ջրային հովացման համակարգով, որտեղ օգտագործվող ջուրը ներքին շրջապտույտի մեջ է և երբեք դուրս չի գալիս գործարանի տարածքից: Դա նման է մեքենայի շարժիչը հովացնող հեղուկին, որը երբեք դուրս չի գալիս մեքենայից: Արաքս գետը, որի հնարավոր աղտոտման մասին բարձրաձայնում են ադրբեջանցիները, գտնվում է գործարանից 6 կմ հեռավորության վրա: Եթե անգամ մենք դիտավորություն ունենանք գետն աղտոտելու, չենք կարող:
- Մեր գործարանի վառարանի ծխնելույզն ունենալու է 33 մետր բարձրություն և եռաստիճան ֆիլտրման համակարգ, որի միջոցով բարձրացող օդը չի ունենալու շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն: Դա հաստատվել է ՇՄԱԳ փորձաքննության ընթացքում, որը տևել է ավելի քան 6 ամիս:
Այսպիսով, Ադրբեջանի կողմից մատնանշած միջազգային կոնվենցիաների որևէ դրույթ մենք չենք խախտել, քանի որ մեր կողմից կառուցվող գործարանի տեսակն ու արտադրողականության չափը չի՛ առաջացնում անդրսահմանային ազդեցություն:
Այս պնդումներն ապացուցելու համար պատրաստ ենք աշխատանքային կարգով քննարկել միջազգային փորձագետների հետ ինչպես առերես հանդիպման, այնպես էլ հեռահար ձևաչափերով: Վերոգրյալին հաջորդելու են մեր գործողությունները միջազգային իրավական հարթակներում, որոնց համար մենք չենք խնայի որևէ միջոց և պահանջելու ենք կատարված ներդրումների, կրած վնասների և չստացված օգուտների հատուցում: Ընդգծենք, որ մենք ունենք բոլոր հիմքերն, այդ թվում՝ արձանագրված շուրջ 40 երկրների դիվանագիտական ներկայացուցիչների կողմից:
Մեր այս հայտարարությունն անտեսելու և անզեն բանվորերի ուղղությամբ կրկին կրակահերթ արձակելու պարագայում, մենք դա կդիտենք ուղիղ հարված ամերիկյան կապիտալի ուղղությամբ, որը ոչ թե բնապահպանական շարժառիթ ունի, այլ զուտ քաղաքական որոշում է:
«ՎԻՐՏՈՒԱԼ ՖՈՆԴԻՆԳ» ՍՊԸ
«ՍԻԷՍԻ ԳԼՈԲԱԼ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՍՊԸ