Օրերս ԱԺ-ում իշխող ուժը կողմ քվեարկեց ու ընդունեց «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին կառավարության բերած նախագիծը։ Ըստ այդ օրենքի, նախատեսված 170 մլն խմ ջրի փոխարեն, ոռոգման նպատակով Սեւանից այս տարի բաց կթողնվի մինչեւ 240 մլն խմ ջուր։ Ընդ որում, ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացրեց, որ ԳԱԱ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը քննարկումների արդյունքում բացասական եզրակացություն է տվել Սեւանից հավելյալ ջրառի մասին կառավարության առաջարկին:
Առավել ուշագրավ էր, թե ինչպես էին կառավարության անդամները լրացուցիչ ջրառը հիմնավորում՝ նշելով, որ տարին սակավաջուր է, եւ ջրամբարներում անհրաժեշտ քանակի ջուր ամբարված չէ:
Այս հիմնավորումը հետաքրքիր հիշողություններ է արթնացնում 2012-ի հունիսի 22-ին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի սուր հարցադրումներից ու ելույթից: Այն ժամանակ էլ Ջրտնտպետկոմի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը լրացուցիչ 150 մլն խմ ջրառը Սեւանից հիմնավորում էր սակավաջրությամբ: Ընդդիմադիր Փաշինյանը կրծքով պաշտպանում էր Սեւանն ու Սեւանի շահերը՝ ասելով. «Փաստորեն, կառավարությունը չի կարողացել կանխատեսել սակավաջրությունը եւ կառավարության գործունեության արդյունքում այդ սակավաջրությունը առաջացել է, որովհետեւ օրենքով նախատեսված, Ջրային օրենսգրքի 92 հոդվածով նախատեսված միջոցառումները չեն ձեռնարկվել։ Եվ քանի որ կառավարությունը չի նախատեսել եւ չի կարողացել կանխատեսել, ստացվում է, որ այդ բեռը պետք է կրի Սեւանը։
Ընդ որում, օրենքով չնախատեսված, նույնիսկ արգելված ձեւով: Տրամաբանությունն այն է, որ եթե կա սակավաջրության վտանգ, կառավարությունը պետք է հատուկ միջոցներ ձեռնարկի ջրի խնայողության ռեժիմի օգտագործման համար։ Այսինքն՝ եթե ապրիլին պարզ է, որ սակավաջրություն կլինի, կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի ձեր ասած նույն Ազատի, Ախուրյանի ջրամբարների, Ապարանի ջրերը խնայողաբար օգտագործվեն։ 2-րդը՝ «Սեւանա լճի մասին» օրենքի 11-րդ հոդվածում ասվում է, որ օրենքի եւ ընդհանրապես ՀՀ կառավարության քաղաքականությունը պետք է լինի Սեւանա լճի բացասական հաշվեկշռի բացառումը։ Սա նշանակում է, որ Սեւանից պետք է բաց չթողնվի այնքան ջուր, որքան տվյալ դեպքում մուտք է գործել»:
Կարդացեք նաև
Ընդդիմադիր Փաշինյանը փորձում էր կառավարության անգործությունը, կամիր խոսքով՝ «հանցավոր անփութությունը» աչք մտցնել, թե՝ «ինչու՞ այդ սակավաջրության պարագայում չի օգտագործվում արտեզյան ջրերը»։ Այն ժամանակ նա դեմ էր, որ Սեւանից ջրառ իրականացնեն եւ դա բացատրում էր այսպես. «Տվյալ դեպքում խնդիրն ընդամենը որոշակի օբյեկտների եւ առանձնատների ու տարածքների փրկությանն է վերաբերում եւ ոչ թե գյուղատնտեսական խնդիրներին…Կառավարությունը, որ պատրաստվում է Սեւանից վերցվելիք ջուրը վաճառել հայաստանցի գյուղացիների վրա, որոնցից շատերը, ի դեպ, ճռռում են ոռոգման ջրի համար կուտակած պարտքերի տակ, պատրաստվում է ահա 150 մլն խորանարդ մետր ջուրը նվիրաբերել Սեւան-Հրազդան կասկադի հիդրոէլեկտրակայաններին, եւ այդ նվերի արդյունքում հիդրոկայանները միլիոնավոր դոլարների շահույթ կապահովեն»:
Հետո Փաշինյանը հայտարարեց. «Տիկնայք եւ պարոնայք, Սեւանից հավելյալ 150 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու մասին առաջարկը կոռուպցիոն լուրջ ռիսկեր է պարունակում եւ, մեծ հաշվով, հակաօրինական է»:
Որպեսզի «կողմ» քվեարկի եւ թույլ տա, որ Սեւանա լճից լրացուցիչ ջրառ իրականացվի, ընդդիմադիր Փաշինյանն առաջարկ ներկայացրեց ստեղծել աշխատանքային խումբ, որտեղ կընդգրկվեն քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները, մի քանի օրվա ընթացքում կլինեն Սեւանում, Սեւանի կասկադում, Ապարանի, Ազատի, Ախուրյանի ջրամբարում, Արարատյան դաշտավայրում եւ եզրակացություն կներկայացնեն ԱԺ-ին` նաեւ Սեւանի ափամերձ դղյակներին սպառնացող վտանգների եւ տվյալ խնդրի հետ կառավարության առաջարկի հնարավոր առնչության մասին. «Գուցե թե նաեւ դիմենք պատկան մարմիններին` համապատասխան պաշտոնյաների գործունեությունը կամ անգործունեությունը քննարկելու հարցով, կամ գուցե թե որոշվի, որ չի կարելի Հայաստանի ազգային հարստություն հանդիսացող Սեւանի ջուրն անվճար նվիրաբերել Սեւանի կասկադի հիդրոկայաններին, եւ դրա համար անհրաժեշտ է սահմանել սակագին: Ի դեպ, եթե նույնիսկ կառավարության գործունեության արդյունքում Սեւանի մակարդակը մի քանի մետրով բարձրացել է, դա դեռ չի նշանակում, որ գործադիրը կարող է մի քանի մետր ջուրը նվիրաբերել ում ուզենա: Կառավարությունը կաշկանդված է օրենքով եւ հասարակական կարծիքով»:
Ի դեպ, հեղափոխությունից հետո դեռ Սեւանա լճի մասին մտածող Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառումներ էր անում՝ հանրության հետ կիսելով իր ուրախությունը, որ այս տարի Սեւանից նախորդ տարվա համեմատ 51 մլն խորանարդ մետրով ավելի քիչ ջուր է բաց թողնվել, կամ ռեկորդային բարձրացել է Սեւանի ջուրը եւ այլն:
Հիմա Սեւանից իր կառավարությունը լրացուցիչ ջրառ է իրականացնում ու հանցավոր անփութություն, կոռուպցիա դրա տակ բնականաբար չի տեսնում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ