Այսօր բոլորդ ականատես եք եղել մեր, կարելի է ասել, համահայկական հանրահավաքին, այսօր քեֆս եկավ, հոգիս մի լավ հանգստացավ, որ ողջ Արցախը մի նպատակի շուրջ է հավաքվել: Այս մասին ֆեյսբուքյան տեսաեթերով հայտնել է «Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբի» ներկայացուցիչ Դավիթ Վանյանը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտից հազարավոր արցախցիներ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում արեցին հանրահավաք։ Հետո, նրանք իրենց պահանջները ներկայացրին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի դիմաց: Այնուհետև, ինչպես որոշել էին վրաններ տեղադրեցին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, ռուս խաղաղապահների տեղակայման վայրում:
«Քեֆս եկել է բոլոր ելույթներից, և Արցախի պետնախարարի, և Մարդու իրավունքների պաշտպանի, լոխ տոչնի, մեր սրտով: Աստված տա, միշտ էսպես ձեռք-ձեռքի տված հայությունը շարունակի: Քիչ հետո էլի հանրահավաք է լինելու, ինտերնետ լինելու դեպքում ձեզ կիրազեկեմ : Հիմա, մի քանի բան եմ ուզում ասել, որ արցախցին կանգնած պետք է լինի, ինքը շատ դժվար իրավիճակում է, բայց առավոտից-իրիկուն պայքարի մեջ է, ողջ հայությունը՝ 10 միլիոն հայությունը թող Արցախի կողքին լինի:
Միշտ ասել եմ, որ Արցախը միայն արցախցունը չէ, այլ ողջ հայությանը. Այնպես ինչպես մենք ենք մտածում, բոլոր հայերն են պարտավոր այդպես մտածել: Այսօր մի նպատակի շուրջ է պետք համախմբվել՝ Արցախի ապաշրջափակման պայքարի: Ես խնդրում եմ, նույնիսկ՝ պահանջում քաղաքական բոլոր պահանջները մի կողմ թողնել և միայն համախմբվել Արցախի ապաշրջափակման շուրջ. սա մեր Հայրենիքի հարցն է, մեր թասիբի հարցն է, մեր լինել-չլինելու հարցն է»,-ֆեյսբուքյան տեսանյութում ասում է «Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբի» ներկայացուցիչ Դավիթ Վանյանը:
Կարդացեք նաև
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ