Գյումրիում, որտեղ թատրոն գնալը տոն է, կոլորիտային այս քաղաքի անխախտ ավանդույթներից է․ հասարակության բոլոր շերտերը՝ մտավորականից մինչև բանվոր գրեթե բաց չեն թողնում ոչ մի ներկայացում, թատերական աշխարհը համալրվել է ևս մեկ թատերախմբով։
Այն երիտասարդական է, ունի իր ձեռագիրը, աչքի է ընկնում նորարարական մոտեցումներով։
«Գյումրու երիտասարդական թատերախմբի» հիմնադիր Արմեն Արշալույսյանն Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ թատերախումբը ստեղծվել է մեկ տարի առաջ․ ավարտելով Թատերական ինստիտուտը՝ միանգամից քայլեր են ձեռնարկել թատերական միջավայրում նոր խոսք ունենալու։
Կարդացեք նաև
«Հենց հիմնադրեցինք, որոշեցինք անմիջապես բեմադրություն անել։ Ամենաբարդը հեքիաթներ բեմադրելն է ու որոշեցինք՝ ինքներս մեզ մարտահրավեր ենք նետելու, հեքիաթ ենք բեմադրելու՝ հասկանալու, թե ինչքանով է մեր մասնագիտական որակը բավարարում նման լուրջ, պրոֆեսիոնալ հայտ ներկայացնելու։ Շվեդական հեքիաթը՝ «Վիկինգները հսկայի քարանձավում» դարձրեցինք պիես ու բեմադրեցինք»,- պատմեց Արմեն Արշալույսյանը։
Մեր զրուցակցի ասելով՝ թատերախումբը չունի մշտական վայր, որտեղ ցուցադրեն իրենց ներկայացումները, հետևաբար և համագործակցելով Գյումրու սրտում գտնվող «Մտորումների թատրոնի» հետ՝ առաջին բեմադրությունը ներկայացրել են նրանց հետ։
Ըստ Արմեն Արշալույսյանի, քանի որ «Մտորումների թատրոնը» մասնավոր է, նրանց հետ ամեն ինչ շատ ավելի արագ է ստացվել։ Երկու ամսում մոտ 10 անգամ խաղացել են այդ նույն ներկայացումը։
«Մեզ համար ինքնանպատակ չի եղել թատերախումբ ստեղծելը, ճիշտ է՝ քաղաքն ունի երեք թատրոն, մենք համարվում ենք չորրորդը, բայց երիտասարդների համար էքսպերիմենտների հարթակ չկար։ Ճիշտ է՝ և՛ Վարդան Աճեմյանի անվան թատրոնն ունի փոքր բեմ, որը երիտասարդների համար է, և՛ «Մտորումների» թատրոնն է դառնում այլընտրանքային հարթակ, բայց մենք հասկացանք՝ երիտասարդական թատրոնը պետք է ստեղծվի ու ղեկավարվի երիտասարդների կողմից, իրենք պետք է սահմանեն իրենց գեղագիտական ճաշակն ու ընկալումները։ Դա շատ կարևոր է։
Մենք ոչ թե առանձնանում ենք ավագ սերնդից, ոչ թե ասում ենք՝ նրանք ավելի քիչ գիտեն, քան մենք, մենք ասում ենք՝ մեր ավյունը, մեր նորարական մտքերը ուզում ենք իրականացնել՝ իհարկե, իրենց օգնությամբ։ Մենք շատ կարևորում ենք, որ մեր ներկայացումներում լինեն թատերական աշխարհի փորձառու ներկայացուցիչներ։ Մենք իրենց հետ մշտական կապի մեջ ենք, խորհուրդներ ենք իմանում, բայց մեզ համար կարևոր էր ստեղծել ազատ, ստեղծագործական միջավայր, ազատ ու պետական համակարգից դուրս, ինչպես նաև այլ գեղագիտական ընկալումներից դուրս։
Դա էր մեր հիմնական նպատակը, մենք չտեսանք այլ հարթակ Գյումրիում, և դա դարձավ հիմնական մոտվիացնող հանգամանքը։ Մենք այդ ծանր գործը վերցրեցինք մեր ուսերին ու անում ենք սիրով։ Այն, ինչի մեջ ենք հիմա, երազել ենք սրա մասին։ Մեր թատերախումբը ոչ թե կայացած թատրոն է, այլ կարծես մեր ուսումը շարունակելու միջոց է։
Ճիշտ է՝ մենք ավարտել ենք Թատերական ինստիտուտը, ես դեռ շարունակում եմ մագիստրատուրան, բայց թատերախումբը մեզ համար կրթվելու ևս մեկ տարբերակ է, մենք ոչ թե ասում ենք գիտենք ամեն ինչ, այլ ասում ենք՝ շատ բաներ դեռ չգիտենք ու մեր թատերախումբը այդ շատ բաները բավարարելու տարբերակներից մեկն է լինելու»։
Արմեն Արշալույսյանի ասելով՝ թատերախումբը ֆինանսավորում չունի, այն ընկերների ու համագործակցող մարդկանց օգնությամբ են պահում։
Ինչպես առաջին բեմադրությունն են արել իրենց ուժերով՝ երիտասարդական հոգացությամբ, այնպես էլ հետագա նախագծերն են նույն ձևով կյանքի կոչվել։
Թատերախումբը սկսել է մի մեծ, հսկայածավալ նախագիծ, որը կոչվում է «ԵրիտասArt»։
«Երբ մարդկանց համագործակցման նպատակով պատմում եմ նախագծի մասին, շատերը հարցնում են՝ ի՞նչ ֆինանսավորմամբ ենք մենք անում։ Ասում են ֆինանսավորում չունենք, մեր վալյուտան, մեր ռեսուրսը մեր էնտուզիազմն է։ Այդպես ենք մենք պատասխանում, այսինքն՝ արվեստ ստեղծելու ցանկությունն է մեր հիմնական ռեսուրսը։ Փառք Աստծո, դա մեր մոտ հաջողվում է ինչ-որ չափով։
Մեր «ԵրիտասArt» նախագծով ուզում ենք արվեստի տարբեր ոլորտների, երիտասարդ արվեստագետների համար ստեղծել մի ընդhանուր հարթակ, որտեղ մեկը մյուսի հետ շփվելով՝ կստեղծեն մի հետաքրքիր լաբորատոր միջավայր, որից դուրս են գալու նկարներ, պիեսներ, բեմադրություններ, ֆոտոպատմություններ, վավերագրական ֆիլմեր։
Նախագիծը կազմված է չորս հիմնական փուլերից, և մենք ունենք երեք թեմա, որի շուրջ պետք է ստեղծագործի յուրաքանչյուրը՝ հետպատերազմյան Հայաստան, ծնող-երեխա փոխհարաբերություններ և երիտասարդներին առնչվող խնդիրներ։
Առաջին փուլում մենք Հայաստանի հինգ մարզերից ունեցանք հայտեր, մեզ համար և՛ զարմանալի էր, և՛ ուրախացնող, երիտասարդ նկարիչներ ցանկություն էին հայտնել մեր նախագծում լինելու, մենք մեկ ամիս իրենց հետ աշխատեցինք իրենց ընտրած թեմաների շուրջ։ Մի քանի օր առաջ առաջին փուլի ավարտն էր, իրենց թեմատիկ նկարները հանձնեցին մեզ։
Հիմա այդ նույն թեմաների համար ընտրվել են գրողներ, այդ նկարները պետք է տեքստի վերածվեն, այսինքն՝ ինչ-որ նորարարական բան ենք մտածել՝ տարբեր ոլորտի արվեստագետներին կապելով, հասկանանք, օրինակ՝ նկարիչը նույն թեմայի մասին ինչ կմտածի, կստեղծի, գրողն այդ նույնի մասին ինչ կասի։ Ուզում ենք նոր պիեսներ ստեղծել մեր իրականության մեջ, քանի որ Հայաստանում դրամատուրգիան շատ փոթորկուն իրավիճակում է ու մանավանդ երիտասարդ գրողների շրջանակում քիչ են անունները, իսկ թատրոնն առանց դրամատուրգիայի, առանց ժամանակակից տեքստի ու հնչեղության, կառուցվածքի պատկերացնելը գրեթե անհնար է։
Մենք փորձ ենք անում ստեղծել ժամանակակից պիես, եթե չասեմ դրամատուրգիա։ Ժամանակակից պիեսում երիտասարդը խոսում է այն իրականության մասին, որի մեջ ինքն ապրում է ու արդեն հուլիս ամսին գրողներն աշխատելու են իրենց պիեսների վրա, տարբեր ժամանակակից կայացած գրողներն են վերապատրաստելու ընտրված մասնակիցներին»,-ասում է Արմեն Արշալույսյանը։
Մեր զրուցակցի ներկայացմամբ՝ օգոստոսին պատրաստվում են ընտրված երեք պիեսները հանձնել երեք ընտրված ռեժիսորներին։ Գյումրիի տարբեր անկյուներում՝ թատերային ու ոչ թատերային հարթակներում լինելու են ոչ ստանդարտ բեմադրություններ՝ հետաքրքիր իլյուստրացիաներով։
Հոկտեմբերին ներկայացումներն արդեն պատրաստ կլինեն ու նախագծի 4-րդ փուլում փառատոն կկազմակերպեն։
Փառատոնը կոչվում է «YouthArt Festival», այն փորձելու են դարձնել թատերախմբի բիենալեն, եթե ոչ ամենամյա, ապա գոնե երկու տարին մեկ կանցկացնեն։
Փառատոնի շրջանակում, ըստ մեր զրուցակցի, կներկայացնեն ոչ միայն նախագծի շրջանակում ստեղծված արվեստի գործերը, բեմադրությունները, այլ նախատեսում են գրքերի շնորհանդեսներ։
Արմեն Արալույսյանի պարզաբանմամբ, ժամանակակից հայ գրողներ կան, որոնք իրենց գրքերի շնորհանդեսն անցկացրել են Երևանում, այժմ էլ փառատոնի շրջանակում կանցկացնեն Գյումրիում։
Թբիլիսի երկու թատրոններ ևս կմիանան Գյումրու փառատոնին։
«Սա կարծում եմ կլինի բումային, քանի որ իրականացվում է երիտասարդների շնչով, երիտասարդներն են թելադրում, թե իրենք ինչ են ուզում, ոչ թե թելադրվում է մի բան, որ երիտասարդը հասկանա՝ դա ինչքանով է իրեն պետք, այլ մենք մեր կողքը հավաքում ենք այնպիսի երիտասարդների, ովքեր կարողանան արժեք ստեղծել, կարծիք ստեղծել և այդ կարծիքը մատուցել։ Դա է հիմնական նպատակը։
Փառատոնը նաև վարպետության դասեր է ներառում, երկու շաբաթ է տևելու ողջ Գյումրիում։ Մեզ համար շատ կարևոր է մարզակենտրոն քաղաքականություն վարել՝ ստեղծագործել մայրաքաղաքից հեռու, մարզում։
Գյումրին, լինելով մշակութային մայրաքաղաք, երբեմն կասկածի տեղիք է տալիս, քանի որ մենք, ցավոք սրտի, երբեմն անճաշակ գործերի ենք հանդիպում, խոսքը ոչ թե թատերարվեստի մասին է, այլ մշակույթի իմաստով, մենք փորձում են միշտ զգոն պահել մեր երևակայությունն ու ստեղծարար միտքը, որ կարողանանք այնպիսի գործեր ստեղծել, որոնք կարողանանք ժառանգություն թողնել, ինչպես մեզ է թողնված մեր հարուստ պատմություն ունեցող քաղաքը», ասում է Արմեն Արշալույսյանը։
Թատերախումբը մասնակցել է «Արտավազդ» մրցանակաբաշխության, երեք անվանակարգերում մասնակցել են, նոմինացվել են երկուսում՝ Արմեն Արշալույսյանը որպես «Լավագույն երիտասարդ ռեժիսոր», Ֆլորա Նաշխքարյանը՝ որպես «Լավագույն սցենոգրաֆ»։ Ֆլորա Նախշքարյանի անունը նոմինացվել է անվանի մարդկանց կողքին։
«Մեզ համար շատ կարևոր է նոմինացվել, հայկական թատերական աշխարհում հնչեցնել մեր անունը, որ մենք կանք։ Թատրոնի միջազգային օրն է անցկացվում «Արտավազդ» մրցանակաբաշխությունը։ Հաջորդ օրը մեզ զանգահարեցին Գյումրու քաղաքապետարանից ու ասացին՝ քաղաքապետը ձեզ պատվոգիր ունի հանձնելու։
Մեզ համար կարևոր էր, որ մենք նույն սեղանի շուրջ նստեցինք 157 տարվա պատմություն ունեցող թատրոնի, Տիկնիկային թատրոնի ու Մտորումների թատրոնի անձնակազմի հետ ու այդ օրվանից մենք հասկացանք, որ քաղաքը մեզ ընկալում է որպես գործող չորրորդ թատերական բաղադրիչ, ու մենք ամեն ինչ անում ենք, որ մոտ ապագայում ունենանք կայացած թատրոն, որը կունենա իր ուրույն ոճը, իր ուրույն գեղագիտական ճաշակը ու տեղը։
Մեր թատրոնը հիմա վիրտուալ է, որովհետև մենք այնտեղ ենք, որտեղ պետք է լինեք, այն կառույցում ենք, որտեղ պատկերացնում ենք, որ մեր ներկայացումները պետք է լինեն, բայց կարող է օրերից մի օր կառույցի տեսքով ունենանք մեր սեփականը»,-ասում է մեր զրուցակիցը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ