«Պաշտոնական Երեւանը դա բացառում է, բացառում եմ նաեւ ես, միանշանակ է, որ Զանգեզուրի միջանցք չի լինելու»,-Քաջարանում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 70-ամյակի նվիրված միջոցառումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Նա անիմաստ համարեց դրան անդրադառնալը, քանի որ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը ո՛չ փաստաթղթերում կա, ո՛չ էլ բանակցությունների ժամանակ է դա քննարկվում։ Ռոբերտ Ղուկասյանը հորդորեց՝ այդ խոսույթը չզարգացնել։
«Կա հստակ դիրքորոշում՝ չի լինելու, եւ պետք է դնել վերջակետ։ Իհարկե, Ադրբեջանը փորձելու է շատ հարցեր օրակարգ բերել, բայց մենք դա չպիտի բերենք օրակարգ։ Ադրբեջանը սադրում է՝ անում է ամեն ինչ, որ հարցը տանի ուժային լուծման։ Մենք պետք է շատ ուշադիր լինենք եւ այնտեղից ստացվող տեղեկությունները չտարածենք այստեղ ու մեր միջեւ»,- նշեց Սյունիքի մարզպետը։
Անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված ադրբեջանական հասարակական կազմակերպությունների նամակին, որով վերջիններս պահանջում էին դադարեցնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի, Ախթալայի հանքավայրի, Գեղարքունիքի պղնձաձուլարանի գործունեությունը՝ Սյունիքը մարզպետը նշեց, որ իրեն չի հետաքրքրում թե ադրբեջանցիները ինչ նամակ են ուղարկել։
Կարդացեք նաև
«Կարծում եմ՝ պատկան մարմիններն արդեն պատասխանած կլինեն նամակին, ինձ չի հետաքրքրում՝ ի՞նչ են անում ադրբեջանական հասարակական կազմակերպությունները։ Էլի եմ ասում ու ցանկանում եմ, որ նմանատիպ հայտարարությունները մեր երկրում շատ տարածում չգտնի»,-նշեց Ռոբերտ Ղուկասյանը։
Վերջինս հավաստիացրեց, որ Սյունիքում աշխատող հանքարդյունաբերական ձեռնարկությունները պատասխանատու են, կիրառում են ժամանակակից ու վերջին տեխնոլոգիաները, որպեսզի շրջակա միջավայրի վրա վնասները քիչ լինեն։
«Հանքարդյունաբերությունն առանց վնասակար ազդեցության չի կարող լինել, բայց վտանգավորությունը պետք է լինի նվազագույնը։ Աշխատանքներ են տարվում պոչամբարների մշակման ուղղությամբ։ Ինչքանով տեղյակ եմ, դրանք վտանգավոր չեն, կան ստանդարտներ, որոնց պետք է հետեւել»,-իր խոսքը եզրափակեց Ռոբերտ Ղուկասյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ