Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գազամուղ Արցախի դիմաց

Հուլիս 14,2023 19:44

2020թ․ խայտառակ պարտությունից հետո, որոշակի ժամանակ անց, վարչապետ կոչեցյալն իր կողմից հրահրված և պարտված պատերազմն արդարացնելու համար, բացեց հերթական կեղծիքների տոպրակը, այս անգամ «նախկիններին» մեղադրելով Արցախի հանձնման մեջ։ Բնականաբար,  այս տխմար թեզերը սկսեցին թութակի պես կրկնել և «հիմնավորել» նրա հպատակ-պատգամավորները։

Սակայն, այդ մասին չէ, որ կուզենայի գրել։ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը վերջերս հանդես եկավ ելույթով, որտեղ ասաց, որ Արցախի ճակատագիրը կարելի է շտկել, եթե փոխվեն բանակցողները։

Եվ սկսվեցին, բազմապիսի հարձակումները Վարդան Օսկանյանի դեմ։ Այն որ , իրենց սրբազան պարտքը պետք է համարեին, հայհոյել, կեղծել պատմական փաստերը, իրենց կերակրող-տիրոջը քծնելու համար, տարատեսակ քպ-ականներ, հասկանալի էր։ Բայց Վարդան Օսկանյանին քննադատողների մեջ էին նաև , արտաքուստ ոչ քպ-ականներ, իրենց իրավապաշտպան, վերլուծաբան համարողներ։ Եթե բացահայտ քպ-ականները Վարդան Օսկանյանին մեղադրում են, իբր Մեղրին փոխանակելու, վարչապետ կոչեցյալի ասված տխմարաբանության մեջ, ապա քողարկված քպ-ականները ավելի «լուրջ» փաստարկներ են բերում։

Ըստ այս վերլուծաբանների, Վարդան Օսկանյանը 20 տարուց ավելի շատ ժամանակ է ունեցել և չի լուծել արցախյան հիմնախնիրը։ Սույն վերլուծաբանները մեղադրում են Վարդան Օսկանյանին, որ նա հայտարարել էր, Հայաստանը շրջափակված վիճակում, առանց գազատարների և նավթատարների և միջանցիկ մայրուղիների կարող է տնտեսապես զարգանալ։

Իրականում, նման գործիչներն, ինչպես նրանց  հարազատ քպ-ականները, փորձելով նրանցից տարբերվել, իրենց իբր գաղափարական համարելով, իրականում նույնպես մտածում են միայն ստամոքսով։

Նախ, Արցախի մասին։ «Նախկինների» հասցեին հնչող հիմնական մեղադրանքը՝ փոխզիջումների չգնալն է։ Պարզից էլ պարզ է, որ Ադրբեջանի ցանկացած ղեկավար երբևէ չէր համաձայնի որևէ փոխզիջման Արցախի հարցում։ Ադրբեջանի նախագահն, ինչպես այսօր, ցանկանում էր ոչ միայն ազատագրված տարածքներն ու Արցախը, այլև մտքում Սյունիքն ու Հայաստանի այլ տարածքներ։ Այդ էր պատճառը, որ ավելի քան 20 տարի Արցախի հարցը չէր լուծվում։ Ի դեպ, բոլորին, այդ թվում՝ քողարկված քպ-ականներին հիշեցնեմ, որ և Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը կողմ են եղել փոխզիջումների, բայց ոչ Արցախն Ադրբեջանի կազմում լինելու պայմանով։ Այնպես որ, գործնականում, Արցախի հարցի վերջնական լուծում գոյություն չուներ։ Վերջնական լուծում, հայկական կողմից, նշանակում էր բավարարել Ադրբեջանի բոլոր պահանջները, ինչ այժմ հպատակորեն կատարում է վարչապետ կոչեցյալը։ Մնացածը, այսպես կոչված «փոխզիջումներով արժանապատիվ խաղաղություն» խոսքերը, հեքիաթի ժանրից են։ Այնպես որ, Արցախի «չլուծված» , և այո՛ , մեզ համար լուծված հարցը փոխանցվում էր ապագա սերունդներին։

Արցախի ոչ Ադրբեջանի կազմում լինելու գաղափարը պետք է լիներ ողջ հայության նպատակը։ Առանց ազգային նպատակի, որևէ պետություն, երկիր վաղ թե ուշ կործանվելու է։ Աշխարհում բազմաթիվ են չլուծված հակամարտությունները, բոլոր աշխարհամասերում։ Սակայն հակամարտող կողմերից ոչ մեկը  չի մտածում՝ ա՛յ երկրիս այս կտորը հանձնեմ, որ լավ ապրեմ։ Իսկ, եթե հակամարտող երկրներից որևէ մեկի ղեկավար, «հանուն սերունդների», զիջի հայրենիքի մաս, ապա հակառակը՝ կարժանանա այդ նույն սերունդների անեծքին։

Ինչպես վերը նշեցի, ի տարբերություն մեզ, Ադրբեջանն ուներ և ունի ազգային նպատակ։ Արցախի հարցում,նախորդ իշխանություններին իմ հիմնական մեղադրանքն այն է, որ իրենց իշխանության տարիներին չքրեականացվեց Արցախն Ադրբեջանի կազմում լինելու խոսքը։ Ինչու պետք է ոչ միայն արտերկրում, այլև հենց Հայաստանում, քննարկումներ լինեին Արցախը հանձնելու վերաբերյալ։ Այս արգելքը բնավ չէր նշանակի խոսքի ազատության սահմանափակում, սա ազգային անվտանգության հարց է։

Այժմ երկու խոսք շրջափակման, նավթամուղների, գազամուղների, տարածաջրջանային տնտեսական նախագծերի մասին։ Ինքս հեռու եմ տնտեսագիտությունից և կփորձեմ այս հարցին տալ տրամաբանական պատասխան։ Նախ, Հայաստանը լիակատար շրջափակման մեջ չէր և չէ։ Ունենք ելք դեպի Վրաստան և Իրան։ Այո, դրանք համեմատաբար թանկ երթուղիներ են, որպես ավտոճանապարհներ։ Պետք է նպատակ դրվեր և կառուցվեր Իրան-Հայաստան երկաթգիծը, ինչպես նաև ակտիվ դիվանագիտությամբ նպաստել Աբխազիայի տարածքով երկաթգծի վերաբացմանը։ Իսկ հանուն նավթամուղների, գազամուղների և տարածաշրջանային տնտեսական նախագծերի․․․հանձնել Արցախը․․․այո՛, միայն ստամոքսով մտածողը կարող է ասել։ Դեռ մի կողմ դնենք հնարավոր բնապահպանական սպասվելիք աղետը, Թուրքիայի կողմից տնտեսական էքսպանսիան, Հայաստանի սպասվելիք ժողովրդագրական աղետը։ Այս ամենը ստամոքսով մտածող կոսմոպոլիտի համար ոչ մի արժեք չունի, նա միայն գրպանի փողն է հաշվում։

Ցավոք, այս մտածողությունն ի վերջո հաղթեց Հայաստանում, որի արդյունքում իշխանության եկան նյութապաշտ, անհայրենիք արարածները, որոնց ղեկավարն էլ հանուն փողի, հրահրեց և տանուլ տվեց պատերազմը։

 

Ավետիք Իշխանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31