ՀՀԿ երիտթեւն այսօր ի աջակցություն Արցախի բողոքի ցույց էր անում, որը սկսել էր Եվրոպական միության պատվիրակության շենքի առջեւից։ Ցույցի մասնակիցները երթով շարժվեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, որտեղ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն իր ելույթում՝ դիմելով ՄԱԿ-ին եւ այլ միջազգային կառույցներին, ասաց․ «Ես գիտեմ, որ այս պահին մենք ձեզ խնդրում ենք լինել ավելի հայրենասեր, ավելի հայասեր, քան Հայաստանի իշխանություններն են։ Մենք այդ խնդիրը կշտկենք, մենք մեր բաժին գործը կանենք, բայց դրա համար անհրաժեշտ է ժամանակ, որը Արցախի մեր քույրերն ու եղբայրները չունեն։ Մենք ակնկալում ենք, որ դուք գործուն աջակցություն կցուցաբերեք։ Պարտադիր չէ, որ Ստեփանակերտի կենտրոնում սովամահ եղած հայերի դիակներ լինեն, դրանք հայտնվեն միջազգային պարբերականներում, ու նոր սկսեք գործել»։
Մամիջանյանը միջազգային կառույցներին կոչ արեց գործել այսօր եւ հրատապ․ «Այլապես օրեցօր չգործելու հետեւանքները ավելի ահասարսուռ են դառնում։ Հայաստանի իշխանություններից ակնկալիք չկա, որովհետեւ Հայաստանի իշխանություններն ասում են՝ Ստեփանակերտ, գնա Բաքվի հետ բանակցի, միեւնույն ժամանակ ասում են, որ Արցախն Ադրբեջանի մաս է։ Այլ կերպ ասած Արցախի մեր քույրերն ու եղբայրներն ասում են՝ հաց չունենք, իսկ Հայաստանի իշխանություններն ասում են՝ գնացեք, դա ասեք Բաքվին»։
Մամիջանյանը հայտարարեց՝ հայությունը երբեք չի հանդուրժի Արցախի հայտնվելն Ադրբեջանի կազմում․ «Այս պահին անհրաժեշտ է լուծել հումանիտար ճգնաժամը, որն արդեն դարձել է աղետ։ Խնդրում եմ, գործեք այսօր, այլապես ավելի ուշ մեր հաջորդ հավաքն այստեղ կլինի Արցախում հայերի նկատմամբ իրականացրած ցեղասպանության վերաբերյալ»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ