«Պարտավորվել են ամենօրյա, ամենժամյա ռեժիմով տեղեկություն փոխանցել ՌԴ-ին և ընդունել են, որ իրենք ունեն աշխատանք անելու անհապաղ իրավիճակը կարգավորելու և հումանիտար ճգնաժամը վերցնելու ուղղությամբ»,- ռուս խաղաղապահ ուժերի հրամանատարության հետ հանդիպումից հետո խաղաղապահ ուժերի տեղակայման վայրում հավաքված արցախցիներին տեղեկացրեց ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
Նա ասաց, որ ինչպես որոշել են, Ասկերանի ժողովուրդը վրաններով այստեղ կմնա, իսկ իրենք կվերադառնան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ․ «Քիչ անց ես կհրապարակեմ՝ ժամը քանիսին ենք հանդիպելու Վերածննդի հրապարակում, իսկ Ասկերանի շրջանի բնակիչները տեղադրում են իրենց վրանները և շարունակում են այստեղ վառվող կրակի պես պահել հումանիտար աղետալի իրավիճակի կարմիր լույսը։ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում վրաններ ենք տեղադրում, որ նույն կարմիր լույսը վառված պահենք նաև Ստեփանակերտում։ Կարծում եմ՝ բոլորս տրամադրված ենք միասնական, համախմբված պայքարի, որպեսզի մենք ոչ թե խոսենք Արցախը լքելու, Արցախի բնակչությանը հումանիտար միջանցք տալու և Արցախից դուրս գալու մասին, այլ բացարձակապես մոռանանք այդ հիմար, տարբեր տեղերից ներդրված մտքերը ու պայքարենք մեր նախնիների երկրում ապրելու՝ մեր իրավունքի համար»։
Գուրգեն Ներսիսյանն ասաց, որ հանդիպումներ լինելու են ամեն օր․ «Բոլորս միասին ստեղծված իրավիճակի վերաբերյալ միմյանց հետ անկեղծ լինելով՝ հաջորդաբար որոշում ենք մեր հետագա քայլերը։ Հաշվի առեք, որ սա մեր հերթական քայլն է, որն ուղղված չէ որևէ մեկի դեմ, այլ հանուն մեր ժողովրդի արժանապատիվ կեցության»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ