«Վիտալի Բալասանյանի ձերբակալման արձանագրության մեջ նրան ձերբակալելու նպատակի մասին որեւէ խոսք չկա։ Ես բողոքարկել եմ հենց դա՝ ձերբակալման արձանագրության մեջ ձերբակալման նպատակն առկա չէ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի շահերի պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը։
Հիշեցնենք՝ գեներալ Բալասանյանը եւ նրա որդին բերման էին ենթարկվել երեկ երեկոյան, Ասկերանի իրենց տնից։ Ավելի ուշ նրանք ձերբակալվել են. Վիտալի Բալասանյանը կասկածվում է իշխանության ներկայացուցչի դեմ ոչ համաչափ վարքագիծ դրսեւորելու մեջ, իսկ նրա որդին՝ նպատակային վարկը աննպատակ ծախսելու մեջ։
«Ականատեսը եթե մատնացույց է անում, որ այս կամ այն անձը հանցանք է կատարել, դա դեռ բավարար հիմք չէ մարդուն ձերբակալելու համար։ Ձերբակալման նպատակը հանցագործություն կատարելուց հետո փախուստը կանխելն է, սակայն պաշտպանյալիս ձերբակալման արձանագրության մեջ այդ նպատակի մասին որեւէ արձանագրում չկա։ Այսինքն, Վիտալի Բալասանյանի ձերբակալման արձանագրության մեջ նրա ձերբակալման հիմքերն առկա չեն, բացակայում են»,- մանրամասնեց պաշտպանը։
Դատարանն այսօր մերժել է Վիտալի Բալասանյանի պաշտպանի միջնորդությունը՝ նրա ձերբակալությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասին։ Պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը դատարանի որոշումն անհիմն եւ չպատճառաբանված է համարում։ Դատարանի նման որոշման հիմքերին նա կանդրադառնա ավելի ուշ, դատական ակտին մանրամասն ծանոթանալուց հետո։
Կարդացեք նաև
Երեկ երեկոյան պաշտպանն ահազանգել էր, որ ձերբակալությունից հետո Վիտալի Բալասանյանի մարմնի վրա առկա են վնասվածքներ։ Aravot.am-ի հստակեցնող հարցին՝ բերման ենթարկելիս գեներալ Բալասանյանը բռնությա՞ն է ենթարկվել, պաշտպանը պատասխանեց, որ բռնությունը պետք է դիտարկել բերման ենթարկելիս ֆիզիկական միջոցներ կիրառելու համատեքստում. «Հստակ պատասխաններ չեմ կարող տալ, քանի որ ԱԱԾ ներկայացուցիչների հաղորդած տեղեկություններում հակասություններ կան, իսկ պաշտպանյալս՝ Վիտալի Բալասանյանը, հստակ հայտարարում է, որ բերման ենթարկելիս իր նկատմամբ բռնություն է կիրառվել եւ համարժեք գործողություններ չեն իրականացվել»։
Պաշտպանը պնդում է, որ բավականին բաց հարցեր կան, օրինակ՝ ի՞նչ գործողություններ է կատարել Վիտալի Բալասանյանը, դրանք իրավաչա՞փ էին, նա իր իրավունքները պաշտպանո՞ւմ էր, Սահմանադրությամբ երաշխավորված նրա բնակարանի անձեռնմխելիության իրավունքը պաշտպանվո՞ւմ էր, ինչո՞ւ խուզարկության մասին փաստաթուղթ չի ներկայացրել իրավասու մարմինը խուզարկություն կատարելիս կամ ինչո՞ւ է հայտարարվել նման փաստաթղթի առկայության մասին եւ այլն։
Պաշտպանը նաև տեղեկացրեց, որ Վիտալի Բալասանյանի որդին և եղբայրը ազատ են արձակվել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ