Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եվրոպական կառույցները, որոնք խոսում են ժողովրդավարության, մարդու իրավունքների մասին, որեւէ լուրջ քայլ չեն անում արցախցիներին այս ծանր իրավիճակից հանելու ուղղությամբ»․ Տիգրան Աբրահամյան

Հուլիս 14,2023 17:06

Ինչպես տեղեկացրել էինք՝ Եվրոպական միության պատվիրակության շենքի առջեւ այսօր Հանրապետականները բողոքի ցույց են անում՝ ի աջակցություն Արցախից հնչող կոչերի։

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ցույցի ժամանակ իր ելույթում ասաց՝ Արցախն արդեն մեկ ամիս է՝ ուղղություն է վերցրել դեպի խորը ճգնաժամ, որն ունի քաղաքական ընդգծված բնույթ։

«Երբ մենք ժամանակին նշում էինք բոլոր այն հիմքերը՝ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման եւ ճանաչման տեսանկյունից, նաեւ նշում էինք մի կարեւոր հանգամանք՝ ժամանակը, պատմությունը ցույց է տվել, որ Արցախը որեւէ պայմաններում ադրբեջանցիների հետ մեկ ընդհանուր պետության կազմում ապրելու հնարավորություն չունի»,-ասաց Աբրահամյանը։

Նա ընդգծեց՝ հիմա Ադրբեջանը հայտարարում է, թե արցախցիներն իր քաղաքացիներն են, բայց այդ նույն Ադրբեջանը Արցախում էթնիկ զտումների, արցախցիներին սովամահության տանելու քաղաքականություն է վարում․ «Երբ մենք խոսում էինք ինքնորոշման իրավունքի եւ դա բանակցային հիմքում դնելու մասին, Հայաստանի այս իշխանություններն ասում էին՝ գիտեք, Արցախը կարող է Ադրբեջանի կազմում խաղաղ եւ անվտանգ ապրել։ Արցախում ստեղծված այս իրավիճակի գլխավոր պատասխանատուն եւ գլխավոր սպառնալիքը Հայաստանի իշխանությունն է եւ այդ խնդիրն ունի կոնկրետ անուն՝ Նիկոլ Փաշինյան»։

Աբրահամյանի պնդմամբ՝ Փաշինյանի քաղաքական կուրսի հետեւանքով է, որ  Հայաստանն ու Արցախն ունեցան տարածքային եւ մարդկային մեծ կորուստներ, եւ, որ այսօր արցախցիները սովամահության են մատնված։

«Եվրոպական կառույցները, միջազգային դերակատարները, որոնք ամենատարբեր առիթներով եւ տարբեր կոնֆլիկտների համատեքստում խոսում են ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ այլ վեհ գաղափարների մասին, ըստ էության, որեւէ լուրջ քայլ չեն ձեռնարկում Արցախում 120 հազար մարդու այս ծանր իրավիճակից հանելու ուղղությամբ։ Բոլոր միջազգային դերակատարները, որոնք ներկայացված են մեր տարածաշրջանում, որոնք ուղղակի կամ անուղղակի միջնորդական դերակատարություն են փորձում ստանձնել կամ արդեն ստանձնել են Արցախի հարցում, փաստացի պատասխանատվություն են կրում Արցախում ստեղծված այս ողբերգական վիճակի համար»։

Աբրահամյանը կոչ արեց ի աջակցություն Արցախի համախմբել ռեսուրսները։

Նրա ելույթից հետո ցույցի մասնակիցները վանկարկեցին՝ «Նիկոլ, դավաճան»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31