«Ասկերանից ներկայացած մեր եղբայրներն ու քույրերն այս հատվածում տեղադրում են վրաններ, և բոլորը սպասում են վրաններում մեր պահանջի կատարմանը։ Այլևս որևէ տարբերություն չկա՝ մենք սոցիալական, կենցաղային, սննդի, վառելիքի և մնացածի հետ կապված խնդիրներով այստե՞ղ ենք, թե՞ Ստեփանակերտում»,- ռուս խաղաղապահ ուժերի տեղակայման վայրում անցկացվող ցույցի ժամանակ հայտարարեց ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։
Հիշեցնենք՝ այսօր առավոտից հազարավոր արցախցիներ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում արեցին հանրահավաք։
Այնուհետև նրանք իրենց պահանջները ներկայացրին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի դիմաց։
Գուրգեն Ներսիսյանը վստահեցրեց՝ որևէ մեկը կասկած չունի, որ արցախցին իր հանդեպ կատարած ցանկացած լավության տեղը գնահատող և բազմապատիկը վերադարձնող տեսակ է․ «Արցախցին այս ծանրագույն և բարդ շրջանում մշտապես իր երախտիքի խոսքն է ասել ռուս խաղաղապահ ուժերին։ Այսօր էլ մեր խաղաղապահական զգացումից է բխում, որ բոլորս համերաշխ ներկայացել ենք ու մեր արդար ու հիմնավոր պահանջն ենք ներկայացնում ռուսական խաղաղապահ ուժերին։ Այդ պահանջը ընդամենը մի պարզ բան է՝ բացել ճանապարհը․ հայ գրագետ, խելացի տեսակը պահպանենք։ Մենք արդյոք ավելի՞ն ենք ուզում»։
Կարդացեք նաև
Գուրգեն Ներսիսյանը նշեց՝ մենք ուզում ենք ռուս խաղաղապահներին ասել, որ Արցախի ժողովուրդը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության թիվ մեկ շահառուն է․ «Եթե եռակողմ հայտարարության կողմերից որևէ մեկը չի կատարում իր ստանձնած պարտականությունները, դա չի նշանակում, որ դրա ծանր հետևանքները պետք է կրի արցախցին։ Հետևաբար` մենք ներկայացել ենք այստեղ, որպեսզի ԱՀ ամբողջ ժողովրդի անունից մեր խոսքը փոխանցենք։ Ամենևին ընկերական ու բարեկամական չէ, երբ Արցախը գտնվում է լիակատար շրջափակման մեջ, բայց մենք տեսնում ենք ամենօրյա ուղղաթիռների թռիչքներ»։
Գուրգեն Ներսիսյանն ասաց, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ մի քանի հոգով կհանդիպեն խաղաղապահների հրամանատարության հետ, որից հետո կվերադառնան ու կիրազեկեն։ Իսկ արցախցիների վրանները կմնան այստեղ քանի դեռ իրենց պահանջները կատարված չեն։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային