«200 օրից ավելի է՝ Արցախը շրջափակման մեջ է, հումանիտար աղետի շեմին է, եւ դա իրականացվում է միջազգային հանրության եւ ՀՀ կապիտուլյանտ իշխանությունների անտարբերության քողի տակ»,-այս մասին այսօր Եվրոպական միության պատվիրակության շենքի առջեւ իրականացվող բողոքի ցույցի ժամանակ ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
Հանրապետականները Եվրոպական միության պատվիրակության շենքի առջեւ բողոքի ցույց են անում ի աջակցություն Արցախից հնչող կոչերի։
Շարմազանովի խոսքով՝ ԵՄ-ն ունի միջազգային պարտավորություն, ունի պարտավորություն նաեւ հայ ժողովրդի, ՀՀ քաղաքացիների եւ Արցախի քաղաքացիների առջեւ․ «Որովհետեւ դեռ մեր իշխանության օրոք ԵՄ-ն ստորագրել է Հայաստանի Հանրապետության հետ համագործակցության պայմանագիր՝ CEPA-ն, որտեղ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրացումն անքակտելի է։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը վավերացրել են ԵՄ բոլոր երկրներն՝ առանց բացառության։ Բայց այսօր ԵՄ-ն փոխանակ պաշտպանի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, դարձել է Արցախի ադրբեջանացման քավորը»։
Ցույցի մասնակիցները «ամոթ-ամոթ» էին բացականչում։
Կարդացեք նաև
Շարմազանովը հայտարարեց՝ Արցախի ադրբեջանացում չի լինելու․ «Թող Միշելն էլ, Նիկոլն էլ, Իլհամն էլ ականջներին օղ անեն՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Արցախը հայինը եղել է, հայինն էլ մնալու է»։
Ցույցի մասնակիցները ԵՄ պատվիրակության շենքի առջեւ պահանջ ներկայացրեցին՝ միջազգային հանրությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի, որպեսզի կարողանա ապահովել Արցախի կյանքի միակ ճանապարհը, այն ճանապարհը, որն ապօրինաբար փակված է։
«Միջազգային հանրությունը լուռ է, երբ հարյուր հազարավոր հայերի կյանքը վտանգված է»,-հայտարարեցին ցույցի մասնակիցները։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ