Սպիտակ արագիլների աղտոտման արեալն այս տարի նախորդ տարվա համեմատությամբ աճել է 59%-ով։ Այս մասին տեղեկանում ենք Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կատարած ուսումնասիրությունների արդյունքներից։
Ըստ այս հետազոտության, այս տարի աղտոտում է նկատվել այնպիսի բնակավայրերում, որտեղ մինչ այս աղտոտված թռչուններ առհասարակ չեն դիտարկվել:
Արարատյան դաշտում աղտոտված արագիլների տոկոսը, ըստ բների, կազմում է 58․1% , այսինքն` այս տարի 18․5%-ով աճ է գրանցվել՝ 2022 թվականի համեմատ։ Արմավիրի մարզում աղտոտվածության աստիճանը 51․9% է, աճը՝ 16․6%, իսկ Արարատի մարզում աղտոտված արագիլների տոկոսը կազմել է 65․8%, այս տարի 19․2%-ով աճել է՝ համեմատ 2022 թվականի։
Կարդացեք նաև
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը 2020 թվականից սկսած արդեն 4-րդ տարին է՝ Արարատյան դաշտում իրականացնում է սպիտակ արագիլների հաշվառում։ Այն սկսվել է իրականացվել, երբ 2017 թվականից սպիտակ արագիլների շրջանում աղտոտվածությունը խիստ նկատելի դարձավ։
Հետազոտողները նշում են, որ այս տարի աղտոտման ինտենսիվությունը թուլացել է. «Նախորդ տարիների համեմատությամբ` ավելի քիչ են հանդիպում աղտոտվածության «բարձր» աստիճան ունեցող թռչունները, սակայն ավելի շատ՝ «միջին» աստիճան ունեցողները: Նման ցուցանիշի պատճառ կարող է լինել նաեւ, 2022 թվականի համեմատությամբ, 2023 թվականի ավելի «ցուրտ կլիման»։
Սպիտակ արագիլի հաշվառման եւ այս հետազոտության հեղինակների կարծիքով՝ հաշվառումը եւս մեկ անգամ ընդգծում է արագիլների աղտոտման հիմնախնդրի արդիականությունը: Նրանք նշում են, որ խնդիրը փաստում է Արարատյան դաշտում բնական, հատկապես՝ ջրային էկոհամակարգի խաթարումը, ինչը բացասաբար է ազդում նաեւ մարդկանց առողջության վրա:
Նշենք, որ Գերմանիայի բնության պահպանության միության հայաստանյան մասնաճյուղն այս տարի իրականացրել է սպիտակ արագիլների փետուրների նմուշառում բավականին լայն աշխարհագրությամբ՝ գերմանական եւ հայկական քիմիական վերլուծական լաբորատորիաներում համապատասխան փորձաքննություն իրականացնելու նպատակով: Հեղինակները խոստանում են արդյունքները հրապարակել փորձաքննության պատասխանները ստանալուց հետո։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ