Մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի» 2023 թ. փուլը: Հուլիսի 3-ից 18 երկրի 60 սփյուռքահայ ուսուցիչ վերապատրաստվում է 7 տարբեր ծրագրերով՝ «Ուսուցում մանկապարտեզում», «Ուսուցում մեկօրյա դպրոցում», «Տարրական ուսուցում», «Հայոց լեզվի և գրականության դասավանդում», «Հայոց պատմություն և մշակույթի պատմություն», «Պարարվեստ», «Տնօրենների վերապատրաստում»:
«Ծրագրի հիմնական խնդիրը կրթադաստիարակչական և մանկավարժական մեթոդների միասնական մոտեցում ունենալն ու սփյուռքին մեկ աղբյուրից սնելն է: Մեր նպատակն է Հայաստանում ձեռք բերված մանկավարժական գիտելիքը, մեթոդիկան, կիրառելի գործիքները փոխանցել նաև սփյուռքում աշխատող մեր գործընկերներին»,- նշել է ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանը:
Վերապատրաստման ծրագրին այս տարի դիմել է 167 ուսուցիչ, որոնցից ընտրվել է 60-ը՝ տարբեր սկզբունքներով: Կարեն Մնացականյանի տեղեկացմամբ՝ ամենաշատ դիմողներ եղել են Ռուսաստանի Դաշնությունից՝ պայմանավորված հայ համայնքի մեծությամբ. «Շուրջ 60 հոգի դիմել է միայն Ռուսաստանից: Այս տարի մեզ զարմացրեց Հնդկաստանի հայ համայնքը, որը թեև փոքր է, բայց մեծ հետաքրքրության և ակտիվ գործունեության արդյունքում ևս դիմել է ծրագրին և ընտրվել»:
Դիմողների ընտրության սկզբունքներից են մասնագիտական աշխատանքային փորձի առկայությունը, ինչպես նաև ԿԳՄՍՆ վերապատրաստման ծրագրերում վերջին 3 տարի ընդգրկված չլինելու հանգամանքը:
Կարդացեք նաև
«Մեր խնդիրը ոչ թե մասնագետ պատրաստելն է, այլ մասնագետներին մեթոդական աջակցություն տալը»,- եզրափակել է Կարեն Մնացականյանը:
Մասնագիտությամբ շինարար-ինժեներ, տեխնիկական գիտությունների թեկնածու Արմեն Պողոսյանն էլ եկել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ջորջա նահանգի Ատլանտա քաղաքից՝ մասնակցելու ծրագրի «Տնօրենների վերապատրաստում» դասընթացին՝ որպես հայկական մեկօրյա դպրոցի տնօրեն: «Դպրոցը ստեղծվել է 2021 թ. սեպտեմբերի 12-ին: Այս պահին դասավանդում ենք հայոց լեզու՝ գրել, կարդալ, պատմություն և երգ: Պլանավորում ենք ավելացնել նաև պարը»,- ասում է Ատլանտայի հայկական դպրոցի տնօրենը: Նրա խոսքով՝ դպրոցի ստեղծման սկզբնական փուլում եղել են դժվարություններ, որոնք, սակայն, դարձել են հաղթահարելի Հայաստանի հետ կապը պահելու արդյունքում: ԿԳՄՍ նախարարությունն ապահովել է գրականությամբ ու անհրաժեշտ նյութերով, իսկ հաջորդ քայլը պետք է լիներ վերապատրաստման ծրագրին մասնակցելը:
«Դպրոց այս պահին հաճախում է 4-14 տարեկան 25 աշակերտ՝ 3-խմբով, որոնց դասավանդում է 4 ուսուցիչ: Համայնքը փոքր է, բայց զարգացող, և հույս ունենք՝ թիվը կմեծանա»,- ասում է Արմեն Պողոսյանը: Փաստելով, որ ոչ միայն ծնողները, այլև հենց երեխաներն են շահագրգռված հաճախել դպրոց՝ նա հիշում է. «Կային երեխաներ, որոնք այլևս չէին գալու դպրոց, որովհետև ծնողը ծանրաբեռնված էր և չէր հասցնում: Այդուհանդերձ, երեխաները պարտադրեցին ծնողներին չընդհատել իրենց ուսումը և շարունակեցին հաճախել դպրոց»: Ատլանտայի հայկական մեկօրյա դպրոցում տարվա ընթացքում առնվազն 2 միջոցառում է կազմակերպվում, որին հրավիրվում և մասնակցում են նաև դպրոց չհաճախող հայ երեխաները, ինչը ոգևորում է նրանց՝ սովորելու հայերեն: Վերապատրաստման նպատակով Հայաստան է ժամանել ոչ միայն տնօրենը, այլև ուսուցիչներից մեկը՝ «Ուսուցում մեկօրյա դպրոցում» դասընթացին մասնակցելու նպատակով:
Քրիստին Մարաշլյանը, որը դասական սփյուռքից է, ներկայացնում է Լիբանանի Մխիթարյան վարժարանը, վերապատրաստվում է «Ուսուցում մանկապարտեզում» ծրագրով: Դպրոցն ամենօրյա է, տարբեր խմբերում հաճախում են 15-20 աշակերտ: «Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը բարելավում է մեր գիտելիքը և մանկավարժական գործունեության որակը: Մենք ոչ միայն տեսական, այլև գործնական գիտելիք ենք ձեռք բերում, ինչն անմիջապես կապում ենք մեր դպրոցական ծրագրին,- ասում է Քրիստին Մարաշլյանը և հավելում,- գիտելիքից զատ՝ շատ կարևոր է աշխարհի մյուս ծայրում ապրող և դասավանդող մեր գործընկերների հետ փորձի փոխանակումը, ինչի շնորհիվ նոր հմտություններ ենք ձեռք բերում, տարբեր իրավիճակների ենք ծանոթանում»: Լիբանանահայ ուսուցիչը վստահ է՝ կվերադառնա սփյուռք գիտելիքի մեծ պաշարով, և հայրենիքի հետ շփմամբ հարստացած, որը կծառայեցնի՝ ի նպաստ համայնքի և դպրոցի զարգացման:
Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի շրջանակում, բացի բուն դասընթացներից, մանկավարժների համար կազմակերպվում են այցեր պատմամշակութային վայրեր և մշակութային օջախներ:
Նշենք, որ վերապատրաստման ծրագիրը կտևի մինչև հուլիսի 28-ը:
ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ