«Ակնկալում ենք, որ առաջիկայում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակը հայտարարությամբ հանդես կգա՝ այնքանով, որքան թույլ է տալիս ձեր կանոնադրությունը, Արցախի ժողովրդին կտա տեղեկություն, որ իրավիճակի վերաբերյալ ամբողջական տեղեկությունը փոխանցվել է միջազգային կառույցներին»,-Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի դիմաց հայտարարեց ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։
Հիշեցնենք՝ այսօր առավոտից Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հազարավոր արցախցիներ հանրահավաք են անում՝ Արցախի ապաշրջափակման պահանջով։
Պետնախարարը նշեց՝ տեղյակ ենք, թե ինչ աշխատանք է կատարում Ստեփանակերտի գրասենյակը, գնահատում ենք, բայց միևնույն ժամանակ ասաց, որ շատ դեպքերում իրավիճակն օբյեկտիվորեն չի ներկայացվում։ Այն, որ Ադրբեջանը թույլատրում է մահամերձ վիճակում մարդկանց հասցնել հիվանդանոց, դա թող ողորմություն չհամարեն․ «Եկեք սա ողորմություն չհամարենք։ Արցախի ժողովուրդը ողորմության արժանի ժողովուրդ չէ»։
Ցուցարարների՝ գրասենյակի մոտ գտնվելու ժամանակ գրասենյակի ղեկավարը տեղում չէր, ուստի Գուրգեն Ներսիսյանն ասաց․ «Ինձ իրավունք եմ վերապահում բոլորի անունից պահանջ ներկայացնել գրասենյակի ներկայացուցիչներին՝ ի դեմս ղեկավարի, ակնկալել, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակն Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ իրավիճակն ամբողջությամբ արտացոլող տեղեկատվություն կներկայացնի։ Պարտավոր եք ամբողջ իրավիճակը պատշաճորեն ներկայացնել ձեր կենտրոնական գրասենյակին և հետևաբար պնդել, որ այդ տեղեկությունը արդեն վաղուց՝ որպես վառված կարմիր լույս փոխանցված պիտի լիներ միջազգային կազմակերպություններին։ Դուք այն տեղեկատվության աղբյուրն եք, որը պարտավոր են հիմք ընդունել միջազգային կառույցները։ Ցավում ենք, որ մինչև այժմ ունեցել ենք դեպքեր, երբ հղում անելով ձեր կողմից տրված տեղեկատվությանը՝ մեզ պարզաբանել են, որ իրավիճակն Արցախում աղետալի կամ օրհասական չէ։ Ընդունեք, որ սա ձեր աշխատանքի թերություններից է և պատասխանատու գտնվեք Արցախի ժողովրդի նկատմամբ։ Սա քաղաքականություն չէ, սա միջազգային հարաբերություններ չէ, խոսքը Արցախի բազմաչարչար ժողովրդի կյանքի և ապրելու մասին է»։
Կարդացեք նաև
Գուրգեն Ներսիսյանն ասաց, որ Կարմիր Խաչի Ստեփանակերտի գրասենյակը ոչ թե հանդես պիտի գա որպես բացառապես միջազգային մարմին, այլ որպես այս հասարակության մաս, ժողովրդի խնդիրները գիտակցող և կիսող․ «Երբ միջազգային շահերն ու խաղերը սկսում են կլանել մարդկությունը, արդյունքում գերեվարվում են տասնյակ հազարավոր մարդիկ, պատանդառվում է մի ամբողջ երկիր, և մենք սկսում ենք միմյանց հետ ընդամենը երկխոսել։ Պարտադիր փոխանցեք մեր ժողովրդի պահանջը, որը գրված է յուրաքանչյուրիս ճակատին։ Առաքելության ղեկավարին ուզում եմ զգուշացնել, որ Արցախի ժողովուրդը սպասում է ձեր հրապարակային խոսքին, որ օբյեկտիվ տեղեկությունը մեր իրավիճակի վերաբերյալ փոխանցվել է միջազգային կառույցներին»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ