Լրահոս
Օրվա լրահոսը

Պետականաքանդության էջը պետք է օր առաջ փակել: Դադարեցնենք պայքարի իմիտացիան. Վահե Հովհաննիսյան

Հուլիս 14,2023 13:15

Ադրբեջանի և նրա դաշնակիցների խնդիրը հստակ է. հայկական միավորների՝ Արցախի և Հայաստանի ինստիտուցիոնալ ապամոնտաժում։ Նրանց ճանապարհային քարտեզը սա է. սկզբում չպետք է լինի Արցախը, հետո՝ Հայաստանը։

Տագնապը, թե փոքր Արցախը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ, ինչ-որ իմաստով տոքսիկ հանգստություն է տալիս մեծ Հայաստանին։ Իրականում Հայաստանը կանգնած է մեծ արհավիրքի առաջ, և միջազգային հանրությունը մեզ համար ոչինչ չի անելու, եթե մենք ընդունենք այս սցենարը։

Մեզնից հիմա պահանջվում է գրագետ պայքար ու պետություն պահելու որոշում։

Հաջողության պարտադիր պայմանը ինստիտուցիոնալ վերակենդանացումն է, ինստիտուցիոնալ պայքարը։

Այստեղ ունենք ծայրահեղ բարդ վիճակ, և արագ լուծումներ են պետք։ Եթե չկարողացանք վերականգնել և ստեղծել ինստիտուտներ, վերջը Դեր Զորի անօգնական վիճակն է լինելու։

ԻՆՉ ՈՒՆԵՆՔ

Պետությունը

Նիկոլը, իր քաղաքական թիմը աղանդի վերածելուց հետո, աղանդի է վերածում պետական համակարգը։ Անձնական շահի տեսակետից՝ ճիշտ է, պետական շահի տեսակետից՝ սա պետության քանդումն է։ Աղանդի վերածված պետական համակարգը ունակ չէ գոյաբանական մարտահրավերներ կասեցնելու։

Ընդդիմություն

 Խորհրդարանական համակարգում խորհրդարանական ընդդիմությունը չափազանց լուրջ ինստիտուտ է։ Եթե նույնիսկ ոչ մի օրենք չկարողանա անցկացնել, այն ունի բացառիկ հնարավորություն և առաքելություն՝ ապահովել հասարակության և արտաքին աշխարհի համար ինստիտուցիոնալ և բովանդակային (սոլիդ) այլընտրանք։ Այսօր հենց սա´ է տապալված։ Տապալված է նաև կոնսոլիդացնող առաքելությունը։ Կազմված լինելով հանդերձ զգալի թվով գրագետ ու պարկեշտ գործիչներից՝ ընդդիմությունը, սակայն, տապալել է ընդդիմության ինստիտուտը։ Այս պայմաններում այդ գործիչներից ոմանք հանդես են գալիս զուտ որպես մանդատ ունեցող բլոգերներ, քաղակտիվիստներ, փորձագետներ։ Ինստիտուտն ինքը չի գործում։

Հրատապ պետք է փոխել վիճակը։ Պետք է ելնել այն կետից, որ հարյուր հազարավոր ձայներով ձևավորված խորհրդարանական ընդդիմությունը ոչ մեկի սեփականությունը չէ, և պետության շահը պահանջում է ինստիտուտի ֆունկցիոնալ վերականգնում։ Անելիք ունեն պատգամավորները. պետք է խմբակցության ներսում սրեն հարցը։ Սա վիճակ չէ։ Բացարձակ անպատասխանատվություն է՝ Դեր Զորից հինգ րոպե առաջ ԱԺ-ում «կառուցողական» կերպով քննարկել կենցաղային հարցեր՝ այդպիսով նաև հարվածելով ԱԺ-ից դուրս հանրությանը պայքարի կոչ անող ուժերին։

Այս հարցը վաղը ծագելու է՝ ո՞վ և ի՞նչ նպատակով քանդեց խորհրդարանական ընդդիմությունը՝ որպես ինստիտուտ, ինչի՞ դիմաց, և ովքե՞ր լռեցին։

Արցախ

Թեկուզ՝ թույլ, թեկուզ՝ կիսաքանդ, բայց Արցախում առկա պետական ինստիտուտները կենսական կարևորության են։ Չցեղասպանվելու համար։ Նախագահի ինստիտուտը, ԱԺ-ն, Անվտանգության Խորհուրդը և այլն, բոլորը չափազանց կարևոր են։ Պետք է ամեն կերպ ուժեղացնել դրանք։ Շատ կարևոր է, որ այնտեղից գան ռացիոնալ, սառը, իրավիճակին համահունչ ձևակերպումներ, ուղերձներ։ Եթե դրա համար պետք է փող, ուրեմն պետք է հավաքել և տալ, եթե պետք է բովանդակային աջակցություն՝ պետք է անել։

Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Արցախի անվտանգության և զարգացման ճակատը» այսօր հույսի և նոր գաղափարների աղբյուրն է։ Շատ կարևոր է ճակատի ինստիտուցիոնալ կայացումը։ Գուցե այլ պայմաններում կարիք չլիներ, բայց հիմա անհրաժեշտություն է։ Եթե կա կետ, որը կարող է մագնիս դառնալ մտածող և մտահոգ մարդկանց համար, և որը կարող է ձգել տարբեր հայացքների տեր մարդկանց (ճակատը հենց այդպիսին է), ուրեմն պետք է արագ գնալ ինստիտուցիոնալ կայացման ճանապարհով՝ թե´ Արցախում, թե´ Հայաստանում։

Ձևավորվող նոր շարժումները

Ձևավորվող շարժումները քաղաքական և հանրային առողջացման տարրեր են։ Նրանք կոչված են՝ բերելու նոր մոտեցումներ և փոխարինելու սպառված կամ անպիտան քաղաքական համակարգերին։ Նրանց միակ խնդիրը ժամանակի սղությունն է։ Այլ պայմաններում նրանց էվոլյուցիան այլ կլիներ։ Բայց հիմա՝ արհավիրքի շեմին, նրանց ինստիտուցիոնալացումը առաջնահերթ է։

Այս ճանապարհին շատ կարևոր է, որ նրանք կարողանան գտնել հանրային միավորների հետ ճիշտ համագործակցության ձևը և, օրինակ, ճիշտ ֆորմատով՝ «հանրության թեկնածու»-ով մասնակցեն Երևանի ընտրություններին։

Սփյուռքի կառույցներ

Սփյուռքի հայկական ինստիտուտները գտնվում են բովանդակային պարալիզացման մեջ։ Շատերը ստեղծված պայմաններում չեն պատկերացնում անելիքը, պետության բացակայության և կոորդինացիայի բացակայության պայմաններում՝ առավել ևս։ Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ նրանք գտնվում են իրենց պետությունների պաշտոնական քաղաքականության ճնշման տակ։ Եվ եթե ԱՄՆ-ը պատրաստ է Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում, ապա ԱՄՆ-ի հայկական ազդեցիկ կառույցները առանձնապես չեն պայքարելու։ Կան ազդեցության և կախվածության բազմաթիվ լծակներ։ Հիմա ծնվել է մի հրեշավոր գաղափար՝ «սփյուռքը՝ սփյուռքի համար»։ Պիտի գիտակցենք, որ եթե չլինի հայկական պետությունը, սփյուռքը 1.5 սերունդ հետո չի լինելու։

Նույնը վերաբերում է ռուսահայ կառույցներին. քանի դեռ իրենց «կուրատորը» բան չի ասել, կարող են անձայն հետևել Արցախի խեղդամահությանը։ Մոտավորապես այն, ինչը հիմա արվում է։

Սփյուռքում կա հսկայական աշխատանքի պահանջ, և այստեղ անփոխարինելի է Եկեղեցու, Դաշնակցության և ազդեցիկ անհատների դերը։ Դա պատմական դերակատարություն է, որի համար պահանջվում է խնդիրների գրագետ ձևակերպում և ահռելի կամք։

Все для фронта, все для победы

Խորհրդային հայտնի կարգախոսի պես. ամեն ինչ պետք է ուղղել ինստիտուտների վերականգնմանը, ձևավորմանը և գրագետ պայքարին։ Քաղաքական, հասարակական, մասնագիտական, ստեղծագործական, հոգևոր. բոլոր ինստիտուտները պետք է աշխատեցնել և ծառայեցնել վերջնական նպատակին։ Այդ նպատակն է նոր, սոլիդ իշխանության ձևավորումը։ Պետականաքանդության էջը պետք է օր առաջ փակել։ Սա նոր Դեր Զորից խուսափելու միակ ճանապարհն է։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31