Պաշտոնական Երեւանը կողմնակից է Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ երկխոսության` «միջազգային հանրության ներկայությամբ»
Հուլիսի 21-ին Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիեւ հանդիպումը հնարավոր է ավելի շուտ տեղի ունենա, «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում օրերս ակնարկել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Հիշեցնենք, հունիսի 1-ի քիշնեւյան բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ եռակողմ ձեւաչափով՝ իր, Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում հուլիսի 21-ին:
Ադրբեջանը Արցախում եւ Հայաստանի սահմաններին ընդգծված լարվածություն է պահպանում: Պաշտոնական Երեւանը վերջին շրջանում հստակ նշում է, որ Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը պետք է կայանա միջազգային ձեւաչափի ներքո: Կարելի է ենթադրել, որ պաշտոնական Երեւանը դեմ է Մոսկվայի հովանու ներքո նման ձեւաչափի գործարկմանը:
Կարդացեք նաև
«Կարծում եմ, որ առկա է միջազգային մեխանիզմ ստեղծելու հնարավորություն: Անհրաժեշտ է ավելի մեծ ջանքերի գործադրում միջազգային հանրության, Ստեփանակերտի ու Բաքվի կողմից, որպեսզի կայանա այդ միջազգային մեխանիզմը, քանի որ միջազգային մեխանիզմը միակ տարբերակն է, որ կայունություն լինի տարածաշրջանում եւ միջազգային հանրությունը ներգրավված լինի կոնֆլիկտի հաղթահարմանը: Դժվար եմ պատկերացնում առանց միջազգային հանրության ներգրավման կոնֆլիկտի հաղթահարումը», նույն հարցազրույցում ասել է Արմեն Գրիգորյանը, միաժամանակ պարզաբանելով, որ միջազգային մեխանիզմներ ասելով առաջին հերթին՝ Երեւանը պատկերացնում է «բանակցություններ, որոնք տեղի են ունենում Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ եւ որին ներկա է միջազգային հանրությունը»:
Հերթական բանակցային ռաունդից առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ ներկայացրել է Բաքվի պահանջները, հիշեցնելով, որ առաջիկա օրերին տեղի կունենան Հայաստանի հետ բարձր մակարդակով բանակցություններ խաղաղության պայմանագրի շուրջ, եւ որ նա ակնկալում է դիրքորոշումների հետագա մերձեցում։ «Մեր դիրքորոշումը հստակ է, տրամաբանական եւ հիմնված է միջազգային իրավունքի վրա։ Կարծում եմ՝ այդ սկզբունքների հիման վրա կարելի է խաղաղության պայմանագիր կնքել։ Բոլոր դեպքերում, իմ կարծիքով, կա նման հնարավորություն», – ասել է Ալիեւը: «Մենք դրան ենք ձգտում, այդ նախաձեռնությունն ենք առաջ տանում։ Բայց պետք է ասեմ, որ ամեն ինչ չէ, որ կախված է Ադրբեջանից, հակառակ կողմն էլ պետք է պատրաստ լինի եւ խոսքերով արտահայտած սկզբունքները թղթին փոխանցի»,- հավելել է Ալիեւը:
Ալիեւը պնդում է՝ ժամանակն է, որ Երեւանը թղթի վրա վերահաստատի իր հայտարարությունները, թղթին հանձնելուց հետո էլ՝ ստորագրի դրա տակ։ Ի դեպ, Ալիեւն, ինչպես խոստովանել է, «դրական» է գնահատում հայկական կողմի դիրքորոշման փոփոխությունը. նա հիշեցրել է հայկական կողմի քայլերի հաջորդականությունը՝ անցած տարվա հոկտեմբերին Հայաստանի իշխանությունն ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ սահմանները, ընդամենը մի քանի ամսից ավելի հեռուն է գնացել՝ մայիսին արդեն պաշտոնապես ճանաչելով Ադրբեջանի տարածքի պարամետրերը՝ ներառյալ Ղարաբաղը եւ անկլավները։ «Սա պետք է դիտարկել որպես դրական պահ։ Հիմա եկել է ժամանակը, որ այդ նույն խոսքերն ամրագրվեն թղթի վրա, ստորագրություններ դրվեն, հարաբերություններ հաստատվեն», – հավելել է նա։
Ալիեւը պաշտոնական Երեւանի դիրքորոշումներին հարկ էլ չի համարել անդրադառնալ։
Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, որ անցյալ շաբաթ կարծիք հայտնեց, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ չէ ստորագրման եւ կարեւորեց Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների ու անվտանգության հասցեագրումը Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմների շրջանակներում: Եվ չնայած Բաքվի հետ հարաբերություններում եղած բարդություններին, Փաշինյանը կրկին շեշտեց, թե խաղաղության օրակարգն այլընտրանք չունի. «Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմների շրջանակներում, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի»: Այնուամենայնիվ, ըստ նրա, վաշինգտոնյան վերջին բանակցությունների ընթացքում առաջընթացը շոշափելի չէ, իսկ խաղաղության պայմանագրի տեքստը պատրաստ չէ ստորագրման:
Պաշտոնական Երեւանի առաջարկը` «Ստեփանակերտ-Բաքու բանակցություններ` միջազգային մեխանիզմների ներքո», ընդունելի՞ է Բաքվի ու Մոսկվայի համար:
Եվ ընդհանրապես, Ստեփանակերտում ի՞նչ տրամադրություններ կան այս առնչությամբ: Վերջերս տեղեկություն շրջանառվեց այն մասին, որ Ստեփանակերտը մերժել է, ԼՂ-ն հրաժարվեց ԱՄՆ միջնորդությամբ Բաքու-Ստեփանակերտ հանդիպում կազմակերպելու առաջարկից, թեեւ Արցախի ԱԳ նախարարը հավելյալ պարզաբանեց, որ Լեռնային Ղարաբաղը չի մերժել Բաքու-Ստեփանակերտ հանդիպում անցկացնելու առաջարկը, պարզապես` «երկխոսությունը որոշակի չափորոշիչների պետք է համապատասխանի, եւ դա է պատճառը, որ հանդիպում կազմակերպելու քննարկումները շարունակվում են»:
Հայտնի է նաեւ, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նամակով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնեց Արցախի հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը` առանց նամակի բովանդակությունը հրապարակելու:
Արդյո՞ք այդ նամակով Ստեփանակերտն ակնկալում է Բաքվի հետ բանակցություններ ռուսական միջնորդությամբ, առայժմ հայտնի չէ։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 13.07.2023