Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհաղթահարելի ուժ» կարող է համարվել այն իրադրությունը, որը չի կարող ողջամտորեն կանխատեսվել, վերահսկվել

Հուլիս 14,2023 13:00

Այս հիմքով հարկադիր պարապուրդի են մատնվել Արարատի ոսկու գործարանի աշխատակիցները

«30-ամյա գործունեության ժամանակահատվածում արդյոք մեզ հետ աշխատանքային պայմանագրեր կնքելիս գործատուն չգիտե՞ր, որ Սոթքի ոսկու հանքը գտնվում է Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանային գոտում, եւ արդյոք գործատուի համար անկանխատեսելի՞ էին այն հանգամանքները, որոնց հղում է կատարել հրամանում»: Այս հարցերն ուղղել են «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊ ընկերության աշխատակիցներն իրենց տնօրենին…

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ Քելբաջարի շրջանը մինչեւ 2020թ. նոյեմբերի 15-ը վերադարձվում է Ադրբեջանին, այսինքն, Ադրբեջանին էր հանձնվում Սոթքի ոսկու հանքի մի մասը, ինչին այլընտրանքային լուծումներ այդպես էլ չառաջարկվեցին այս երեք տարիների ընթացքում:

«Առավոտի» հունիսի 8-ի համարում տպագրվեց «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊ ընկերության աշխատակից, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ, Արարատ խոշորացված համայնքի ավագանու անդամ Կարեն Ադամյանի հետ հարցազրույցը («Նախարարն ինձ ասաց, որ ամեն ինչ կփոխանցի վարչապետին, եւ ինձ տեղյակ կպահեն այդ մասին»): 2014 թվականից ընկերությունում, որպես հրահանգասարքի օպերատոր աշխատող Կ. Ադամյանը տեղեկացրել էր, որ փաստացի 2021 թվականի մայիսից իրենց առանց որեւէ պատճառաբանության սկսեցին տեղափոխել այլ արտադրամասեր` զրկելով իրենց հիմնական գործառույթներն ու պարտականությունները կատարելու հնարավորությունից, իսկ 2021 թվականի դեկտեմբերին նրանք ընդհանրապես կրճատեցին այդ հաստիքը։ Այդ ամենը իրականացվում էր մեկ անձի` ՍՊԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Անդրեյ Ցվետկովի ձեռքով։ Զրուցակիցս հայտնել էր՝ գործարանում տիրող իրավիճակի եւ առկա կամ սպասվելիք կրճատումների թեմայով քանիցս զրուցել է բազմաթիվ պաշտոնյաների հետ, մասնավորապես, տեղյակ էր պահվել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, մի քանի անգամ վարչապետին գրելուց հետո, վարչապետի հանձնարարությամբ 2023 թվականի մարտի 1-ին հանդիպել էր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ եւ մանրամասն ներկայացրել գործարանում տիրող իրավիճակը։

Երեկ տեղեկացանք մի հրամանի մասին, որի արդյունքում 112 մարդ հարկադիր պարապուրդի է մատնվել, հրամանի դեմ ստորագրություններ են հավաքվում: Երեկվա դրությամբ ստորագրել էին 70 աշխատակիցներ: Ստորագրահավաքը ընթանում է «Արարատի Երիտասարդական Նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ տարածքում:

Կարեն Ադամյանը տեղեկացրեց, որ նամակ են ուղարկել ընկերության տնօրեն Ա.Գոգոտինին, Արարատի մարզպետ Ա. Թեւոնյանին, Արարատ համայնքի ղեկավար Ա. Ավետիսյանին, պատճեն՝ ՀՀ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին:

Աշխատակիցները պահանջում են դադարեցնել ընկերության տնօրենի հունիսի 19-ի թիվ 84-Լ հրամանի գործողությունը, կազմավորել աշխատանքային խումբ՝ ներգրավելով Արարատի մարզպետարանի, Արարատի համայնաքապետարանի, առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի, ինչպես նաեւ չվճարվող, հարկադիր պարապուրդի մեջ հայտնված առնվազն չորս ներկայացուցիչների:

Մասնավորապես, բարձրաձայնվում էր հետեւյալը. «Բաց հանքի աշխատանքի դադարեցման հետեւանքով առաջացած անհաղթահարելի ուժի պատճառով Արարատի ֆաբրիկայի աշխատողների զգալի մասին՝ պարապուրդ հայտարարելու մասին» հունիսի 19-ի թիվ 84-Լ հրամանի համաձայն, հրամայել եք պատրաստել եւ հաստատման ներկայացնել անորոշ ժամկետով պարապուրդի ուղարկվող ֆաբրիկայի աշխատողների ցուցակներ, դադարեցնելով աշխատավարձի, դրանց հավասեցված այլ վճարները»: Որպես իրավական հիմք նշվել էր ՀՀ աշխատանքային օրենսգրքի 107 հոդվածը եւ՝ 186-րդ հոդվածի 6-րդ մասը:

Ըստ աշխատակիցների, Աշխատանքային օրենսգրքի 107 հոդվածը կարգավորում է ոչ աշխատողի մեղքով պարապուրդի դեպքում աշխատողին այլ աշխատանքի փոխադրելու իրավահարաբերությունները, իսկ 186-րդ հոդվածի 6-րդ մասը՝ «անհաղթահարելի ուժի» պատճառներով առաջացած, ինչպես նաեւ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի կանոնները, որով նա կարող է չվճարվել:

Ոսկու գործարանի աշխատակիցները հղում էին կատարել Աշխատանքային օրենսգրքի նշյալ հոդվածի 7-րդ մասին, համաձայն որի՝ «անհաղթահարելի ուժ են համարվում հրդեհները, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները կամ այլ բնական աղետները, ինչպես նաեւ պայթյունները, պատերազմը, ահաբեկչությունը, քաղաքացիական պատերազմը, քաղաքացիական զանգվածային անհնազանդությունը, որոնք ընդերքօգտագործողը չէր կարող կանխատեսել, կանխարգելել եւ որոնց հետեւանքով ընդերքօգտագործողը չի կատարել կամ անպատշաճ է կատարել սույն օրենսգրքով եւ ընդերքօգտագործման իրավունքով սահմանված պարտավորությունները»:

Ոսկու գործարանի աշխատակիցները հղում էին կատարել նաեւ ՀՀ աշխատանքային օրենսգրքիք 5-րդ հոդվածին, որում սահմանված են գործատուի ներքին եւ անհատական իրավական ակտերը:

Համաձայն որի՝ 1. Գործատուի ներքին եւ անհատական իրավական ակտերն ընդունվում են հրամանների կամ կարգադրությունների, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում` այլ իրավական ակտերի տեսքով: Եթե ներքին եւ անհատական իրավական ակտերը բովանդակում են դրույթներ, որոնք նվազ բարենպաստ են, քան աշխատանքային օրենսդրությամբ եւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով աշխատողների համար սահմանված պայմանները, ապա նման ակտերը կամ դրանց համապատասխան մասերն իրավաբանական ուժ չունեն:

2.Ներքին իրավական ակտերն ընդունվում են կազմակերպության ներքին կարգապահական կանոնները, աշխատանքի (հերթափոխային) եւ հանգստի ժամանակացույցերը (գրաֆիկները) հաստատելու, աշխատողներին արտաժամյա աշխատանքի եւ հերթապահության ներգրավելու, ինչպես նաեւ սույն օրենսգրքով եւ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում:

Բողոքաբերները փաստել էին, որ Հայաստանում անհաղթահարելի ուժի առկայությունը հավաստվում է ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի կողմից՝ հավաստագրերի տրամադրման ընթացակարգով: Հրամանով նման հղում կամ հավաստում չկա, հետեւաբար, որեւէ անհաղթահարելի ուժ գոյություն չունի:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Կարեն Ադամյանն ինձ հետ հարցազրույցի ժամանակ դեռ մեկ ամիս առաջ նաեւ հայտնել էր. «2023 թվականի մարտի 20-ին Արարատի ոսկու գործարանում փակցվեց գլխավոր տնօրենի հրամանը, ըստ որի՝ 01.09.2023 թվի դրությամբ դադարեցվելու է Սոթքի ոսկու բաց հանքի շահագործումը, ընկերությունն անցնում է փակ հանքի շահագործման, հետեւաբար, 70% կրճատվելու է արտադրողականությունը։ Ըստ նրանց կողմից ներկայացրած ցուցակների` միայն Արարատի ոսկու գործարանից պիտի կրճատվեր 217 աշխատակից… Այս տարվա ապրիլի 14-ին տեղի է ունեցել «ԳՊՄ գոլդ» ՍՊԸ տնօրեն Ա. Գոգոտինի հանդիպումը Արարատի մարզպետ Ս. Թեւոնյանի եւ Արարատ խոշորացված համայնքի ղեկավար Ա. Ավետիսյանի հետ, որի ժամանակ հիմնականում քննարկվել են սոցիալական ծրագրերին ընկերության մասնակցությանը վերաբերող հարցեր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է կատարել ընկերության աշխատակից Ռուզաննա Գրիգորյանը»:

«Առավոտ» օրաթերթ
13.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31