Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրացրել են ասֆալտ ու բետոն․ ահազանգ իրավապահներին

Հուլիս 14,2023 12:16

2018 թվականի հունիսին՝ «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանի եւ «Շինպլյուս» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Նազարյանի միջեւ կնքված պետական գնման պայմանագրի համաձայն՝ պետք է բարեկարգվեին Ջերմուկ համայնքի Կեչուտ բնակավայրի ներթաղամասային ճանապարհներն ու մայթերը։ Ծրագրի ընդհանուր գինը՝ 174.996.000 դրամ էր։

Aravot.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2018-2019թթ․-ին Ջերմուկ համայնքի Կեչուտ բնակավայրի ճանապարհների եւ մայթերի բարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքում թույլ են տրվել չարաշահումներ։

Իրականացված օպերատիվ ուսումնասիրություններից պարզվել է, որ Կեչուտ բնակավայրի 9-րդ փողոցի 1-ին փակուղի հատվածում նախատեսված հենապատի միաձույլ երկաթբետոնե ժապավենային հիմքի, ինչպես նաեւ բուն հենապատի համար նախագիծ-նախահաշվով նախատեսված 5.189.142 դրամից փաստացի հենապատի համար նախատեսված բետոնի համար ծախսվել է 3.693.995 դրամ։

Բացի սրանից, ասֆալտապատման աշխատանքներն եւս կատարվել են ոչ լիարժեք։ Մասնավորապես՝ Կեչուտի 1-ին, 7-րդ, 8-րդ եւ 9-րդ փողոցների, ընդհանուր առմամբ, մոտ 12192քմ մակերեսով միջնահատիկ ասֆալտբետոնի աշխատանքները նախագիծ նախահաշվով նախատեսված 6սմ հաստության փոխարեն իրականացվել են 4սմ հաստությամբ: Ասֆալտապատման համար հատկացված 54.158.139 դրամ գումարից փաստացի ծախսվել է 36.105.426 դրամ, տարբերությունը կազմել է 18.052.713 դրամ:

Արդյունքում՝ «Շինպլյուս» ՍՊԸ տնօրեն Տ. Նազարյանը, հանդիսանալով ՀՀ առեւտրային կազմակերպության անունից փաստաթուղթ կազմելու, տալու կամ դրա իսկությունը հավաստելու համար լիազորված անձ, ՀՀ կառավարության կողմից ստեղծված «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ» ոչ առեւտրային կազմակերպության հետ կնքված պայմանագրով նախատեսված շինաշխատանքները ամբողջովին կատարված չլինելու պայմաններում, իրավաբանական նշանակության այդ փաստը հավաստող եւ դրա դիմաց վճարման իրավունք վերապահող՝ աշխատանքներն ամբողջությամբ կատարված լինելը փաստելու վերաբերյալ հանձնման-ընդունման արձանագրությունում կատարել է կեղծ գրառումներ՝ դրանք ներկայացնելով հիմնադրամ։

Պայմանագրի կատարման արդյունքը ընդունելու համար կառավարության որոշմամբ ստեղծված հանձնաժողովի անդամները ունենալով պետության կողմից ստեղծված ոչ առեւտրային կազմակերպության անունից կապալառուի համար վճարման իրավունք առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձինք, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործել են ծառայողական շահերին ի վնաս, մասնավորապես դիտավորությամբ չեն արձանագրել թերի կատարված աշխատանքները, կազմել են կեղծ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի արձանագրություն։

Այսպիսով՝ էական վնաս է պատճառվել տվյալ կազմակերպության եւ պետության օրինական շահերին, ինչն արտահայտվել է առանձնապես խոշոր չափերով՝ մոտ 19.547.860 դրամ ավել գումար կապալառու ընկերությանը փոխանցելով:

Բոլոր փաստաթղթերը ՆԳՆ ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչությունից կուղարկվեն ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։

Պարզաբանումներ ստանալու համար դիմել ենք «Շինպլյուս» ՍՊ ընկերությանը։ Պատասխանը ստանալուց հետո կներկայացնենք նաեւ ընկերության տեսակետը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31