Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նրանք կլինեն համաշխարհային՝ իրենց մասշտաբով ու լսարանով, բայց եւ հայկական՝ իրենց արժեքներով ու ժառանգությամբ»

Հուլիս 14,2023 12:30

Հարցազրույց Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի մշակութային ծրագրերի եւ մեդիայի ղեկավար Վարդան Ծուլիկյանի հետ

– Պարոն Ծուլիկյան, օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ «ՀԲԸՄ-ը բացահայտում է տաղանդներ» խորագրով համերգը։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ մաեստրո Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ, ներկայացրեց միության հովանու ներքո ստեղծագործող մեր երիտասարդ տաղանդավոր երաժիշտներին։ Ի դեպ, ֆիլհարմոնիկ նվագախումբը հայաստանյան միակ պետական կոլեկտիվն էր, որին բախտ վիճակվեց 1990-ականների սկզբներից արժանանալ ՀԲԸՄ-ի հովանավորչությանը։

Մեր դիտարկմամբ՝ ձեր կառույցն առաջինն էր, որ Հայաստանում սկիզբ դրեց մի շարք մշակութային նախաձեռնությունների՝ միավորելով աշխարհի տարբեր երկրներում ապրող ու ստեղծագործող տաղանդավոր հայերի։ Այսօր էլ ՀԲԸՄ-ի Կատարողական արվեստների բաժինը լայն հնարավորություններ է ընձեռում մեր նորահայտ տաղանդներին՝ ոչ միայն բացահայտելու, այլեւ բարելավելու նրանց մասնագիտական հմտությունները, ելույթներ ունենալ հեղինակավոր բեմերում։ Ունե՞ք վիճակագրություն, թե քանի պատանի երաժիշտ է արժանացել միության ուշադրությանը եւ այդ ցանկում կա՞ն այսօր միջազգային ճանաչման արժանացածներ։

– Նախ կուզեի նշել, որ մշակույթը մշտապես եղել է ՀԲԸՄ-ի ուշադրության կենտրոնում եւ միության գործունեության չորս հիմնական ուղղություններից մեկն է։ Դրա վառ ապացույցներից է աջակցությունը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին տասնամյակներ շարունակ, ինչպես նաեւ Արցախի կամերային նվագախմբի ստեղծումը 2004-ին եւ առայսօր շարունակվող աջակցությունը, ինչպես նաեւ բազմաթիվ այլ ծրագրեր մշակույթի տարբեր ոլորտներում։ Դեռ մինչ «ՀԲԸՄ-ը բացահայտում է տաղանդներ» ծրագրի մեկնարկը, մենք արդեն իսկ աջակցում էինք երիտասարդ տաղանդավոր երաժիշտներին՝ տրամադրելով կրթաթոշակներ աշխարհի լավագույն համալսարաններում սովորելու համար։ Այս ծրագիրը մեկնարկեց 2018-ին, ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղի եւ «Երաժիշտները երաժիշտների համար» կազմակերպության համատեղ ջանքերով եւ ՀԲԸՄ Հայաստանի մասնակցությամբ։ 2018-ից ի վեր անցկացրել ենք հինգ մրցույթ լարային եւ փողային գործիքներին տիրապետող պատանիների համար՝ բացառությամբ 2020թ., երբ համավարակի պատճառով այն չեղարկվեց, իսկ այս տարի՝ նաեւ դաշնակահարների համար։ Ընդհանուր առմամբ հինգ մրցույթներին մասնակցել է ավելի քան 300 փոքրիկ ու պատանի, որոնցից 50-ն արժանացել են յուրատեսակ մրցանակների, 25-ը նվագել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, իսկ 30-ը ստացել են երաժշտական գործիքներ եւ աքսեսուարներ ժամանակավոր օգտագործման նպատակով։ Երիտասարդներից շատերը մասնակցել են բազմաթիվ միջազգային հեղինակավոր մրցույթների ու արժանացել մրցանակների։ Նրանց թվում են Դիանա Ադամյանը, Արտյոմ Իոնիսյանը, Լյանա Ուլիխանյանը, Նավասարդ Հակոբյանը, Էդուարդ Խորոզյանը եւ այլք։ Մենք հավատում ենք, որ մշակութային դիվանագիտությունն ու ազդեցությունը հսկայական դեր ունեն ժամանակակից աշխարհում, եւ սա ներդրում է մեր ապագայի համար, որի արդյունքները տեսնելու եւ վայելելու ենք տարիներ անց, նոր սերունդների շարքում տաղանդավոր ու ազդեցիկ անհատների կերտմամբ։ Նրանք կլինեն համաշխարհային՝ իրենց մասշտաբով ու լսարանով, բայց եւ հայկական՝ իրենց արժեքներով ու ժառանգությամբ։

– Հետաքրքիր է իմանալ, թե այս կամ այն կոլեկտիվը կամ անհատ կատարողն ինչպե՞ս են արժանանում նման բախտի՝ ստանալով ձեր կառույցի աջակցությունը։ Գուցե ունեք համապատասխան հանձնախումբ, որը զբաղվում է կոնկրետ այդ հարցով։

– Եթե խոսքը կոնկրետ այս մրցույթի մասին է, ապա՝ այո, գործում է միջազգային ժյուրի, որը մի քանի օր շարունակ կենդանի կատարումներով լսում է բոլոր մասնակիցներին եւ որոշում հաղթողներին։ Այս տարվա ժյուրիի կազմում էին ներկայացուցիչներ Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Բելգիայից, ԱՄՆ-ից եւ Հայաստանից։

Մշակութային աջակցության ոլորտում ունենք նաեւ համագործակցություն «Ստեղծարար Հայաստան» կազմակերպության հետ, որտեղ դիմորդները նույնպես անցնում են ընտրական փուլ եւ արժանանում տարատեսակ աջակցության։ Պետք է հետեւել, թե երբ է հայտարարվում AGBU-Creative Armenia Fellowship ծրագիրը։ Մեր դահլիճում անցկացվող միջոցառումները նույնպես անցնում են ընտրություն եւ պետք է համապատասխանեն սահմանված չափանիշներին։

– ՀԲԸՄ-ն լինելով հասարակական կազմակերպություն, այնուամենայնիվ, հաշվետո՞ւ է կառավարությանը, թե՞ գործում եք լիովին անկախ։

– ՀԲԸՄ-ն հասարակական կազմակերպություն է եւ իրականացնում է անկախ գործունեություն, սակայն միությունը մշտապես համագործակցում է կառավարության հետ եւ համաձայնեցնում իր գործունեությունը պետության առաջնահերթությունների հետ, ընդ որում՝ բոլոր ոլորտներում։ Այժմ էլ Եվրամիության հետ իրականացնում ենք «Կատապուլտ» մշակութային աքսելերացիոն ծրագիրը, որի շրջանակներում համագործակցում ենք ԿԳՄՍ, էկոնոմիկայի ու բարձր տեխնոլոգիաների նախարարությունների հետ եւ ունենք ստորագրված փոխըմբռնման հուշագրեր պետական այս հիմնարկների հետ։

– Մի բան էլ մենք հուշենք. վերջերս Վրաստանում կայացավ «Համաշխարհային բալետի աստղերը Թբիլիսիում» խորագրով միջազգային փառատոն, որն անցկացվում է 2017թ.-ից։ Բալետային արվեստի եւ ոչ մի փառատոն Հայաստանի պատմության մեջ չի անցկացվել, այն դեպքում, երբ տասնամյակներ շարունակ մեր աստղերը զարդարել են աշխարհի շատ հեղինակավոր թատրոններ։ Գուցե այս փաստը ձեզ մտածելու տեղիք տա…

– Շնորհակալ եմ։ Իրականում ՀԲԿՄ-ի գործունեությունը մշակույթի ոլորտում շատ բազմազան է եւ ընդգրկում է բազմաթիվ ճյուղեր՝ երաժշտարվեստից մինչեւ գրականություն, կինոյից մինչեւ թատրոն, պարարվեստից, ընդ որում՝ բոլոր ճյուղերից, մինչեւ նկարչություն։

Փորձում ենք նաեւ աջակցել հայաստանյան փառատոներին՝ կայանալու կամ արդեն իսկ կայացած գործունեությունը հաջողությամբ շարունակելու հարցում։ Չի բացառվում, որ մեր բազմաբնույթ ու բազմաժանր ծրագրերում տեղ գտնի նաեւ բալետային արվեստը։

– Պարոն Ծուլիկյան, մեզ հետ զրույցներում, երբ խոսք է գնում հովանավորչության մասին, կոլեկտիվների ղեկավարները, անհատ կատարողները նշում են հետեւյալը. քանի որ մեր երկրում վերացել են արվեստագետներին շնորհվող կոչումները, փոխարենն՝ ինչպես Արեւմուտքում է, մեզ մոտ էլ կարելի է ներմուծել «Բարի կամքի դեսպան» կոչումը։ Նաեւ հավելում են, թե առաջինը միանշանակ կտրվի ՀԲԸՄ-ին։

– Կրկին շնորհակալություն։ Դա պատիվ կլինի ՀԲԸՄ-ի համար, բայց կարծում եմ՝ խնդիրը կոչումները չեն, այլ այն, թե որքան ենք մենք կարեւորում ու գնահատում մեր մշակույթը, մեր արժեքները, հետեւաբար՝ նաեւ մեր ապագան, ինչ տեղ են գրավում մշակույթն ու արվեստը մեր ներքին ու արտաքին քաղաքականության մեջ, ինչպես է հայկականը ներկայանում աշխարհին։ ՀԲԸՄ-ի կողմից աջակցության չափորոշիչների մեջ են ինքնության եւ ազգային արժեքների պահպանումը, որոնք հաճախ կարող են հակադրվել օրվա հրամայականին ու շուկայական պահանջին։ Այսպիսով, աջակցելով շուկայական պայմաններից դուրս, մենք միտված ենք գործել նորարարության եւ ժառանգության խաչմերուկում։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարները՝ «ՀԲԸՄ-ը բացահայտում է տաղանդներ» համերգից։

«Առավոտ» օրաթերթ
14.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31