Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Անունը դրել են հումանիտար խնդիր: Գերու վիճակում ի՞նչ հումանիտար խնդիր. Արցախում միայն ինտերնետ կա: Ու հայտնի չէ՝ լա՞վ է, որ կա, թե՝ վատ». «Ազգ»

Հուլիս 14,2023 12:04

Ոտքի տակ տվեք ամբողջ Ստեփանակերտը, գյուղերը. մի շիշ ձեթ չեք գտնի, մի փշուր շաքարավազ՝ նույնպես: Արցախի մանուկները չեն հիշում՝ վերջին անգամ երբ են կոնֆետ կամ մի քաղցր բան կերել:

Արցախում միայն ինտերնետ կա: Ու հայտնի չէ՝ լա՞վ է, որ կա, թե՝ վատ:

Ինտերնետը որ կա, սոցցանցերն էլ կան, բառի բուն իմաստով՝ քաղցած, 6 ամիս շարունակ թերսնված հազարավոր արցախցիները տեսնում են, Հայաստանում քեֆ-հարսանիք-տարեդարձի ճոխ սեղանների, ուրախ ժամանցի, կյանքի վայելքների տեսանյութերն ու լուսանկարները: Ցավոք, հենց Արցախում էլ, թեեւ հազվադեպ, կան «ժանտախտի ժամին» «ժանտախտի կողքով անցնողներ», որոնց կենցաղի վրա, չգիտես ինչ հրաշքով, շրջափակումը չի ազդել:

Դու գերի ես, բանտարկյալ, ուղղակի կալանավայրը լայն է, շուրջբոլորն էլ ադրբեջանցի է, որ ամեն վայրկյան կարող են հարձակվել ու բնաջնջել. ամենօրյա այս գիտակկցումը չի կարող մարդու միտքն ու ուղեղն առողջ պահել:

Հասմիկ Հակոբյանը 7 ամիս է՝ մենակ է ապրում Հայաստանում: Մայրն անցյալ տարի մեկնել էր Արցախ՝ որդիների ընտանիքներին տեսության, ու մնացել շրջափակման մեջ: Հասմիկի կրտես եղբայրը՝ Իլյան, 44-օրյա պատերազմում զոհվել է Շուշին պաշտպանելիս:

«Արցախում ասում են՝ մինչեւ վերջ կդիմանանք, բայց վերջում ի՞նչ է լինելու, վերջը ո՞րն է: Ի՞նչ է այդ նպատակի, այդ վերջի անունը՝ պատմական արդարությո՞ւն, հաղթանա՞կ, ո՞ւմ դեմ ենք պայքարում, ո՞ւմ ենք հաղթում, Արցախն Ադրբեջանին վերջնակապապես չհանձնելու նպատա՞կն է, վերջնարդյունքը ո՞րն է, ի՞նչ ձեւակերպում տանք»,-տարակուսած հարցնում է արցախցի Հասմիկը:

Հադրութցի Արթուր Սարգսյանը Հայաստանում է ապրում, որովհետեւ գյուղը, տունուտեղը կորցրել է, ձեռքից առել, տվել են ադրբեջանցուն: Երեւանից պայքարում է, որ Արցախի վերջին բեկորն էլ չկորչի, շունուգելի բաժին չդառնա:

«Անունը դրել են հումանիտար խնդիր, ի՞նչ հումանիտար… Հումանիտար խնդիրն այն ժամանակ է լինում, երբ այս պահին վերքը մշակել-փաթաթելու միջոցներ չկան, բայց մի քանի օրից կլինեն, երբ մի քանի օրով գազն անջատում են, բայց նորից միացնում, երբ այս պահին ծանր հիվանդին վիրահատելու հնարավորություն չկա, բայց մի քանի օրից կլինի: Հումանիտար խնդիրը ժամանակ ունի, ժամանակային սահման. 7 ամիս է Արցախը շրջափակված է, պատանդ, գերի: Գերու վիճակում ի՞նչ հումանիտար խնդիր: Սա հատուկ քաղաքականություն է, լավ մշակված քաղաքականություն՝ խաբել ժովորդին: Ընդ որում՝ խաբողներն Արցախի ու Հայաստանի իշխանություններն են, որ հայտարարում են, թե պայքարում են, պայքարում են, որ հետո լավ լինի: Արցախցիներն էլ հույսով սպասում են»,- պատմեց հադրութցին:

Նաիր ՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31