Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, եղել է այդպիսի դեպք, բայց խնդիրը կապված չի եղել իմ աշխատավարձի բարձրացման հետ». Տիրան Խաչատրյանը՝ վարչապետի աշխատակազմի հայտարարության մասին

Հուլիս 14,2023 11:36

«Այդպիսի դեպք էլ է եղել. ցավում եմ, որ այդքանը հիշում են, մյուսները չեն հիշում: Այո, եղել է այդպիսի դեպք, բայց խնդիրը կապված չի եղել իմ աշխատավարձի բարձրացման հետ, եղել է զինվորականների աշխատավարձի հետ կապված»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ Տիրան Խաչատրյանն՝ անդրադառնալով երեկ երեկոյան վարչապետի մամուլի խոսնակի տարածած հայտարարությանը:

Իր վերջին հարցազրույցներից մեկում Տիրան Խաչատրյանը կրկին հերքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, որ ինքը մշտապես ընդառաջել է ԶՈՒ ղեկավարության բոլոր առաջարկներին և սպառազինություն ձեռք բերելու համար միշտ տրամադրել է անհրաժեշտ ֆինանսավորումը: «Բազում են եղել դեպքերը, երբ անհրաժեշտ ֆինանսավորումը չի հատկացվել»,- պնդել է Տիրան Խաչատրյանը՝ մանրամասնելով. «Դա շատ մեծ ցուցակ է, և հատ-հատ չեմ կարող ներկայացնել: Բնականաբար, խոսքը գնում է առաջնահերթ պահանջների մասին: Պարզ է, որ ավել ձեռք բերելու համար գումար չէինք ուզելու նրանից»:

Ի պատասխան, վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը երեկ հաղորդագրություն է տարածել: Դրանում ասված է. «Վարչապետի աշխատակազմն անդրադարձել էր Գլխավոր շտաբի նախկին պետի տեղակալի՝ քաղաքական շարժառիթներով պայմանավորված կեղծ պնդումներին։ Վերստին հաստատելով մեր դիրքորոշումը՝ պետք է մատնանշենք միայն մեկ դեպք, երբ Տիրան Խաչատրյանը ֆինանսական հարց է բարձրացրել խորհրդակցության ժամանակ, այն վերաբերել է իր իսկ աշխատավարձի բարձրացմանը եւ արժանացել պաշտպանության նախարարի ամոթանքին»։

Մանրամասնելով տեղի ունեցածը՝ Տիրան Խաչատրյանն ասաց, որ քաղծառայողների աշխատավարձն ավելի բարձր է եղել, քան զինվորականներինը, ուստի, ինքը զինվորականների աշխատավարձը բարձրացնելու առաջարկ է արել:

«Իսկ ինչ վերաբերվում է նախարարի ամոթանքին, նախարարն ամոթանք չի տվել, ասել է՝ լավ, կկարգավորենք»,- ասաց մեր զրուցակիցը՝ հաստատելով իր դիրքորոշումը, որ վարչապետի աշխատակազմում հերթական սուտ պնդումն են անում։

«Չգիտեմ՝ ինչո՞ւ են ինձ հետ կապված այդպես անում: Ամեն դեպքում, հավանաբար իրենց ստերի հակադարձումները ես եմ միայն իրականացնում, դրա համար ինձ հետ կապված են ներկայացնում: Իսկ այն, ինչը որ ես ներկայացրել եմ, ոչ թե անձամբ ես եմ արել կամ իմ կողմից է ներկայացվել վարչապետին, դա, պետք է հասկանան, որ ԶՈՒ ԳՇ-ն մեկ մարմին է, այդ մարմնում ներկայացնող կոնկրետ անձ կա, մնացած գործողությունները կազմակերպելու համար պատասխանատուներ: Ընդհանրապես ասած՝ կարգն այլ է եւ երբ հարցը բերում եւ փաթաթում են մեկին, այն բանի համար, որ զուտ վճռականություն կամ համարձակություն ունի կեղծիքները ներկայացնելու, դա է հետաքրքիր»,- ասաց Տիրան Խաչատրյանը:

Օրերս նաեւ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Անդրանիկ Քոչարյանն էր վրդովվել այն փաստից, որ Տիրան Խաչատրյանը չի ներկայանում քննիչ հանձնաժողով, քանի որ չի վստահում:

«Վրդովվում է՝ թող վրդովվի. հիմա, ես որ չեմ վստահում, ասեմ վստահո՞ւմ եմ: Ես իմ փաստարկները կոնկրետ ներկայացրել եմ»,- արձագանքեց Տիրան Խաչատրյանը:

Պատասխանելով երեկ երեկոյան, Արցախում ձերբակալված գեներալ Վիտալի Բալասանյանին մեղսագրվող արարքի մասին հարցին էլ, Տիրան Խաչատրյանն ասաց, որ առայժմ ձեռնպահ կմնա մեկնաբանություններից, քանի որ շատ մանրամասների ծանոթ չէ. «Միայն մեկ բան, որ հիմա անձնական խնդիրները փորձում են այդ կերպ լուծել՝ տարբեր աստառներ տալով, մարդկանց անունը կեղտոտելով, դա փաստ է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31