«Ծանրագույն այս իրավիճակում ուզում եմ հարցնել՝ մենք պատրա՞ստ ենք սկսել մեր հանդեպ ծավալվող այս վայրագությունների դադարեցման պահանջ կրող խաղաղ ու աննահանջ պայքար»,-Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախն ապաշրջափակելու պահանջով ցույցի մասնակցող հազարավոր արցախցիներին հարցրեց Արցախի Հանրապետության (ԱՀ) պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։ «Այո»,-ի պատասխան հնչեց ցույցի մասնակիցների կողմից։
ԱՀ պետնախարարը վստահեցրեց․ «Արցախի ժողովուրդն աշխարհի ամենախաղաղասեր ժողովուրդն է, մեզնից լավ ոչ մեկը խաղաղության գինը չգիտի, մեր ժողովրդի պահանջն ընդամենը խաղաղությունն է, այս մի բուռ հողի վրա խաղաղ ու անվտանգ ապրելու՝ մեր իրավունքի հարգումն ու երաշխավորումն է»։
Գուրգեն Ներսիսյանը նաև հարցրեց՝ մենք պատրա՞ստ ենք տևական պայքարի, արցախցիները պատասխանեցին՝ այո։
Գուրգեն Ներսիսյանն այնուհետև ներկայացրեց իրենց հետագա անելիքները․ «Հիմա բոլորս շարժվում ենք Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակ, որտեղ պետք է հնչեցնենք մեր պահանջը՝ իրական տեղեկատվություն փոխանցելու միջազգային կառույցներին Արցախում իրավիճակի վերաբերյալ իրական ու օբյեկտիվ, անկեղծ ու առանց ձևականություննների ու առանց Արցախի ժողովրդի ցեղասպանության գործընթացը սկսած Ադրբեջանի ճնշումներին տուրք տալու։ Այնուհետև կշարժվենք ռուս խաղաղապահ ուժերի տեղակայման վայր, որտեղ մեզ արդեն պատրաստվում են դիմավորել Ասկերանի շրջանի մեր հայրենակիցները։ Ռուս խաղաղապահներին ևս պետք է ներկայացվի Արցախն ապաշրջափակելու և հումանիտար աղետի ընթացքը դադարեցնելու պահանջ-խնդրանք, որից հետո հանդիպումը կշարունակվի նորից Վերածննդի հրապարակում՝ գրեթե ամենօրյա ռեժիմով, որտեղ մենք կներկայացնենք ամենօրյա հումանիտար իրավիճակը, խորացող հումանիտար ճգնաժամի հասցրած խնդիրներն ու հետևանքները»։
Կարդացեք նաև
Նշենք, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այս ընթացքում հնչում էին նաև «Նիկոլ, դավաճան» կոչեր։
Գուրգեն Ներսիսյանն էլ ամփոփելով իր ելույթը հայտարարեց․ «Այս գործընթացը ապաքաղաքական է, մեր հետագա գործողությունները լինելու են կազմակերպված, թույլ չենք տալու այս համաժողովրդական շարժումը քաղաքականացնելու կամ որևէ մեկի անձնական կամ քաղաքական շահերին ծառայեցնելու որևէ փորձ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ