Ամառային շոգ օրերը մեծացնում են երիկամներում քարերի առաջացման հավանականությունը, սակայն, բարեբախտաբար, կարելի է կանխարգելել այդ խնդիրը սննդակարգում որոշ փոփոխություններ կատարելու և ջրի քանակի ավելացման շնորհիվ։
Երիկամային քարերը ձևավորվում են, երբ կալցիումի օքսալատը, այլ հանքանյութերն ու միզաթթուն խտանալով՝ բյուրեղներ են ձևավորում երիկամներում և սկզբում լինելով շատ մանր՝ կարող են մեծանալ ու բավականին շատ անհանգստություններ պատճառել մարդուն՝ առաջացնելով միզածորանի խցանում, երիկամային խնդիրներ և այլն։
Մոտավորապես 10 մարդուց մեկի մոտ կյանքի ընթացքում երիկամային քարեր են առաջանում, ընդ որում՝ տղամարդկանց մոտ՝ ավելի հաճախ։
Կարդացեք նաև
Երիկամային քարերի առաջացման ռիսկի գործոններն են ժառանգականությունը, երիկամային հիվանդությունները, ճարպակալումը, դիաբետը, սննդակարգը, քրոնիկ ջրազրկումը, աղիների բորբոքային հիվանդությունները։
Երիկամաքարային հիվանդության ախտանշաններն են գոտկատեղի միակողմանի ցավը, սրտխառնոցը, փսխումը, ջերմությունը, դողն ու մեզի մեջ արյունը։ Սակայն որոշ մարդիկ կարող են և ախտանշաններ չունենալ։
Ինչպես կանխարգելել երիկամային քարերի առաջացումը
Ավելի շատ ջուր խմել՝ ջրազրկումից խուսափելու և մեզը «ջրիկացնելու» համար։ Ավելացնել սովորաբար օգտագործվող ջրի քանակը հատկապես շոգ եղանակին դրսում գտնվելիս։
Ջրին կարող եք կիտրոնի կամ լայմի հյութ ավելացնել, քանի որ ցիտրատները կապվում են կալցիումի հետ՝ խոչընդոտելով քարերի ձևավորմանը։ Օգտագործել C վիտամինով հարուստ մրգեր ու բանջարեղեն՝ մեզի մեջ ցիտրատի մակարդակը բարձրացնելու համար։
Սահմանափակել աղի օգտագործումը․ նատրիումով հարուստ դիետան մեծացնում է մեզի մեջ կալցիումի քանակը։ Խորհուրդ է տրվում օրական օգտագործել մետ 1 թեյի գդալ աղ։
Սննդում աղի կրճատումն ընդհանուր առմամբ դրական է երիկամների համար, ինչպես նաև կարող է նպաստել զարկերակային ճնշման նվազեցմանը։
Սննդակարգը հարստացնել կալցիումով հարուստ մթերքներով․ կալցիումի բավարար քանակությունը որոշիչ դեր ունի օրգանիզմում կալցիումի մակարդակի կարգավորման և երիկամային քարերի կանխարգելման համար, որքան էլ դա անտրամաբանական թվա՝ ելնելով այն փաստից, որ կալցիումը մասնակցում է քարերի ձևավորմանը։ Սննդից ստացվող կալցիումը կապվում է օքսալատների հետ աղիներում, և օքսալատները դուրս են գալիս օրգանիզմից կղանքի, այլ ոչ թե մեզի միջոցով, ինչն էլ նվազեցնում է քարերի ձևավորման վտանգը։
Օրական 1000-1200 մգ կալցիումի օգտագործումը կնպաստի օրգանիզմում այս հանքանյութի բավարար քանակության պահպանմանը։ Կալցիումի լավ աղբյուր են կանաչ բանջարեղենը, կաթնամթերքը, ընդեղենը։
Կրճատել կենդանական սպիտակուցի օգտագործումը, քանի որ դա ևս կարող է նպաստել քարերի առաջացմանը։
Խուսափել մթերքներից, որոնք քարեր են առաջացնում։ Բազուկը, շոկոլադը, սպանախը, խավարծիլը, թեյն ու ընդեղենի շատ տեսակները հարուստ են օքսալատով։ Եթե մարդու օրգանիզմն ունի երիկամային քարերի ձևավորման հակվածություն, ապա ավելի լավ է խուսափել այդ մթերքներից։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Աղբյուր՝ Harvard Health, MedicineNet