Լրահոս
Օրվա լրահոսը

Oր օրի բազմապատկվում է մարդկանց թիվը, որոնց վրա կարելի կլինի բարդել պարտության մեղքը. «Հրապարակ»

Հուլիս 14,2023 10:08

Մեր զինվորականությունը 44-օրյայի ընթացքում թշնամու դեմ դուրս էր եկել առանց հակաօդային եւ պաշտպանության այլ միջոցների, զինատեսակների։ Այս հանգամանքը, որպես մեղմացուցիչ, պետք է հաշվի առնվեր բազմաթիվ գործերի քննության ընթացքում, իհարկե, եթե նպատակ չկա կոտրելու զինվորականության մեջքը եւ վերջնականապես խաչ քաշելու զինվոր դառնալու ցանկության ու հայկական բանակի վրա։ Բայց պարզվում է՝ հենց նման նպատակ կա, հակառակ պարագայում ինչո՞ւ է դատախազությունն օրական մի տեքստ տարածում՝ պատերազմի ժամանակ զինվորականների կատարած հանցանքների մասին, քրեական գործեր հարուցում` նրանց մեղադրելով դավաճանության եւ անբարեխղճության մեջ:

Օրերս եւս երկու նման գործ է ուղարկվել դատարան։ Մեկը հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ Մեսրոպ Պետրոսյանին է առնչվում։ Դատախազությունը հայտնում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին նա ռազմական դրության ժամանակ (անուն-ազգանունը չի նշվում) հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու եւ տարածումը կանխելու փոխարեն մարտական դիրքի անձնակազմի մոտ խուճապ է տարածել եւ հրամայել է նահանջել:

Դատարան ուղարկված մյուս գործն առնչվում է ԱԻ նախկին նախարար, գեներալ Անդրանիկ Փիլոյանին։ Գնդապետ, մոտոհրաձգային գնդի բոլոր զինծառայողների պետ Արմեն Գրիգորյանը, ըստ մեղադրանքի, չի կատարել Փիլոյանի հրամանը՝ պատճառաբանելով իր բարոյահոգեբանական ընկճված վիճակը, եւ հրաժարվել է մեկնել առաջնագիծ։ Իսկ մյուս մեղադրյալը՝ փոխգնդապես Սամվել Մուղսյանը (անունները պարզել ենք մեր աղբյուրից՝ Ս․ Ս․)հրաժարվել է զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց։ «Մասնավորապես՝ Ս. Մ.-ն զինծառայողների խմբեր չի կազմել, բնագիծ չի վերադարձել, բացահայտ հրաժարվել է զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ»,- ասված է հաղորդման մեջ։ Այս գործն ուղարկվել է Սյունիքի դատարան։

Այսպես, օր-օրի բազմապատկվում է այն մարդկանց թիվը, որոնց վրա կարելի կլինի բարդել պարտության մեղքը, որոնց կարելի կլինի հետագայում` օրենքի փոփոխությամբ օրերս սահմանված գործուն զղջման հանգամանքով մեծահոգաբար ազատել պատասխանատվությունից։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31