Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թոմ դե Վաալ. «Պարզ է, որ Ստեփանակերտը չունի միայնակ բանակցելու կարողություն, բացի այդ, հենց Ղարաբաղում չկա միասնական կարծիք»

Հուլիս 13,2023 23:40

«Ալիեւը անընդհատ հայտարարում է, որ սահմանագծում, սահմանազատումը պետք է իրականանա ադրբեջանական կողմի պայմաններով: Այդ հարցում կարեւոր է նաեւ Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը, որովհետեւ մենք տեսնում ենք, որ հայկական կողմը անընդհատ հայտարարում է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նշում է թիվը, ասում, որ դրա մեջ մտնում է նաեւ Լեռնային Ղարաբաղը, բայց Ադրբեջանի կողմից նման հայտարարություն մենք չենք լսել: Կա միայն եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելի հայտարարությունը, որը դժվար է համարել Ադրբեջանի հայտարարություն: Իհարկե, Ադրբեջանը չի առարկել, բայց ուղիղ նման հայտարարություն չկա»,- այսօր «Հոդված 3» ակումբում «Վաշինգտոնից հետո եւ Բրյուսելին ընդառաջ. ի՞նչ ակնկալել խաղաղության բանակցություններից» թեմայով քննարկմանը այսպիսի տեսակետ հայտնեց Ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը:

Նա ասաց, որ վատատես է ու չի մտածում, որ ադրբեջանական կողմը պատրաստ է իր զինված ուժերը երբեւէ հետ քաշել ՀՀ սուվերեն տարածքներից, որոնք զբաղեցրել են 2021-ի մայիսից: Այդ հարցում եւս կան տարաձայնություններ:

Ըստ Տիգրան Գրիգորյանի, Խաղաղության պայմանագրի դետալները քննարկվում են Վաշինգտոնում, իսկ Բրյուսելում քննարկվում են հիմնական սկզբունքային հարցերը:

Անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին, շրջափակմանը, APRI Armenia վերլուծական կենտրոնի գիտաշխատող, ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանն ասաց, որ շատ կարեւոր է, որ լինի միջազգային ճնշում Ադրբեջանի վրա՝ չդիմելու զինված հարձակման. «Հիմա ռազմական բալանսը խախտված է եւ ադրբեջանցիներն ուզում են ուժի ազդեցությամբ կնքել տալ խաղաղության պայմանագիր: Այդ մեթոդը կարող է աշխատել, բայց թե ինչքանով այն կարող է ընդունվել հասարակության կողմից ու ինչքանով այն կարող է աշխատել 5-10 տարի հետո՝ մեծ հարց է: Դրա համար պետք է դիմել խաղաղության լիբերալ մեթոդի, ոչ թե ուժի պարտադրանքի:

«Կարնեգի» հիմնադրամի առաջատար վերլուծաբան Թոմ դե Վաալն ասաց, որ հիմա բանակցություններն ընթանում են երկու հարթակով՝ ռուսաստանյան եւ վաշինգտոնյան կամ բրյուսելյան: Ադրբեջանը պնդում է, որ Ղարաբաղի հարցը չպետք է քննարկվի, քանի որ այն իրենց ներքին գործն է: Բազմաթիվ հարցեր կան քննարկելու Բաքվի ու Ղարաբաղի հայերի միջեւ ու լուրջ ձեւաչափ է պետք, ոչ թե մի հինգ հոգով նստեն մի սենյակում, քննարկեն, աշխատանքային խումբ պետք է ձեւավորել. «Պարզ է, որ Ստեփանակերտը չունի նման կարողություն, բացի այդ, հենց Ղարաբաղում չկա միասնական կարծիք, կան տարակածություններ Բալասանյանի, Բաբայանի, Վարդանյանի»:

Տիգրան Գրիգորյանը նշեց, որ սահմանազատման ու սահմանագծման հարցում արեւմտյան ու ռուսական կողմի դիրքորոշումները չեն տարբերվում, միայն գլխավոր հարցը մնում է հետեւյալը՝ ո՞ւմ վերահսկողությամբ պետք է գործընթացը լինի: Ըստ նրա, ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Ռուսաստանը Լաչինի միջանցքի հարցում ունեն ընդհանուր տեսակետ, իսկ դա նշանակում է, որ հայկական կողմը պետք է գնա զիջումների:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31