«Խոշտանգումների բացարձակ արգելքը եւ փաստաբանները» խորագրով հանրային կրթական մարաթոնի նպատակը, որ եռօրյա գործադուլի շրջանակներում այսօր կազմակերպել էր փաստաբանական համայնքը, հանրության շրջանում իրավական գիտելիքների տարածումն է։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ներկաներին մի քանի նկատառում ներկայացրեց։ «Տեսագրման դերը շատ մեծ է խոշտանգումների արգելքը արդյունավետ դարձնելու մեջ։ Այս ուղղությամբ վերջին շրջանում ընդունված օրենքները, որոնք իրականում շատ երկար են մշակվել, այս ուղղությամբ շատ ուղիղ պահանջներ են պարունակում։ Օրինակ, մեր քաղաքացիներից շատերը չգիտեն էլ, որ քննչական գործողություններ կատարելիս որպես կանոն եւ դա իրավունք է, անձը կարող է պահանջել, որ քննչական գործողության ընթացքը տեսագրվի։ Մեր քրեական դատավարության օրենսգիրքը նման հնարավորություն տալիս է։ Ինքս մի քանի անգամ պահանջել եմ եւ քննիչները մերժել են այդ միջնորդությունը՝ նշելով, որ տեխնիկական հնարավորություններ չունեն։ Այնպիսի տպավորություն է, որ այս օրենքը պետությունն ընդունել է, բայց որոշել է չկիրառել։
Ինչի՞ համար է սա կարեւոր։ Որպեսզի, մի կողմից մենք վստահ լինենք, որ այդ ընթացքում անօրինական ճնշում, խոշտանգում, անօրինական այլ միջամտություն չի կատարվում։ Մյուս կողմից, քաղաքացին ունենա երաշխիք, որ իմ նշած գործողությունները չեն լինի։ Մի կողմից պաշտպանենք բարեխիղճ քննիչներին, հարցաքննություն իրականացնող անձանց, որպեսզի որեւէ մեկը հանիրավի ապօրինության մեջ չմեղադրի եւ իհարկե, առաջին հերթին պաշտպանենք քաղաքացուն, որ ռիսկը նվազեցվի։ Ես չգիտեմ մի դեպք, որ Հայաստանում այս օրենքը կիրառվի։ Բայց օրենքը կա։
Հաջորդ հարցը, որ վերաբերվում է տեսագրմանը, ոստիկանության բաժիններն են։ Երեք տարի առաջ ՄԱԿ ծրագրի շրջանակներում բավական երկար տեւած քննարկումների արդյունքում բարեփոխումներ եղան, որտեղ որպես խոշտանգումների արգելքի երաշխիք ուղիղ սահմանվեց , որ ոստիկանության բաժնում երկու բան պետք է տեսագրվի․ այն հատվածները, որտեղ հետաքննության գործառույթի շրջանակներում իրականացվում է անձի հետ զրույցը եւ այլն, եւ ոստիկանության մուտքերն ու ելքերը։ Այսինքն, անձը որ ժամին մտավ ու որ ժամին դուրս եկավ»,-ասաց պարոն Մելիքյանը։
Կարդացեք նաև
Սակայն իրավապաաշտպանը նշեց․ փորձը ցույց է տալիս, որ պարզվում է՝ տեխնիկական խնդիրներ են առաջացել ու տեսագրություն չի իրականացվել։ Իմ պատկերացմամբ, սա մտածելու, որոշակի օրենսդրական կարգավորումներ նախատեսելու տեղիք է տալիս։ Եվ եթե տեսագրություն չկա, ուրեմն քաղաքացին ինչ ասաց, ճիշտ է։ Որովհետեւ պետության պարտականությունն էր ապահովել տեսագրությունը։ Ու դա շատ արդար կլինի։ Քաղաքացու մասով այս սկզբունքը, կանխավարկածը գործում է։ Եթե քաղաքացին հրաժարվում է արյան թեստ հանձնել, օրինակ, երբ կասկածվում է հարբած վիճակում մեքենա վարելու մեջ, ընդունված է համարել եւ դա օրենքն է սահմանում, ուրեմն պետությունն իրավունք ունի մտածելու, որ անձը եղել է ալկոհոլի ազդեցության տակ։
Այդ դեպքում ինչի է քաղաքացու մասով այդպես, իսկ պետության մասով հակառակը այն էլ այն դեպքում, երբ ըստ մեր սահմանադրության մարդն է բացարձակ արժեք:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ