Լրահոս
Օրվա լրահոսը

«Դու նվիրում ես Արցախը, դու հայրենիք ես տալիս, դու Հայաստանի պատմական հողերն ես տալիս». Օսկանյանը Փաշինյանին սովորեցնում է ինչպես Բրյուսելում օրակարգ փոխել

Հուլիս 13,2023 23:13

ՀՀ ԱԳ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքյան ուղիղ եթերով հրապարակային առաջարկ արեց Փաշինյանին, թե ինչպես կարող է իրեն պահել Բրյուսելում, որ իրավիճակը փոխվի հօգուտ հայկական կողմի:

Օսկանյանն ընդգծեց, որ ինքը չի հակադրվի Փաշինյանի քաղաքականությանը, եթե փորձի քաղաքական վեկտոր փոխել, ՀԱՊԿ-ից դուրս գալ, ՆԱՏՕ մտնել եւ այլն. «Փաշինյանը կարող է անտեսի կարծիքները, արտաքին քաղաքականությունն իր լիազորությունների մեջ է սահմանադրությամբ, կարող է արհամարհել, չլսել, բայց այս հարցը, ինչը վերաբերում է Արցախին, սա սովորական արտաքին քաղաքականության հարց չէ: Սա համազգային հարց է: Դու Արցախը հանձնում ես, դու նվիրում ես Արցախը, դու հայրենիք ես տալիս, դու Հայաստանի պատմական հողերն ես տալիս: Սա այն հարցը չէ, որ դու կարող ես արհամարհել ու չլսել, սա քո լիազորությունների մեջ չի՛ մտնում: Դու ո՛չ բարոյական, ո՛չ էլ իրավական օրինական հիմքերն ունես նման բան անելու: Լավ գիտես, որ Հայաստանի բնակչության 90%-ից ավելին, համաձայն հարցումների, դեմ են, որ ցանկացած կարգավիճակով Արցախը լինի Ադրբեջանի կազմում, ուստի, միայն դրանից ելնելով՝ դու բարոյական իրավունք չունես նման փաստաթուղթ ստորագրելու:

Այդ փասաթուղթը ստորագրելով՝ դու անտեսում ես ԳԽ որոշումը, հակադրվում ես ՀՀ Սահմանադրությանը, հակասում ես հենց քո կառավարության ծրագրի մեջ տեղ գտած Ղարաբաղի հարցում սկզբունքային դիրքորոշումներին: Դու այդ ստորագրությունը բացատրում ես նրանով, որ այլընտրանք չունես, հայ ժողովրդի համար լավ բան ես անում, Հայաստան ես փրկում: Երբ ասում են, որ կա այլընտրանք, որի բարոյական, իրավական իրավունքը դու չունես ստորագրելու, դու ստիպված ես ականջալուր լինելու, կանչելու այդ մարդկանց, խոսելու, հասկանալու: Դու պարտավոր ես դա անել՝ լինել միասնական, փորձել աշխատել: Չես ուզում անել: Դու շուտով հանդիպելու ես Ալիեւին՝ Բրյուսելում Շառլ Միշելի միջնորդությամբ: Ես շատ կոնկրետ առաջարկ ունեմ քեզ: Կարծում եմ, որ հենց Բրյուսելում դու հնարավորություն ունես բանակցային օրակարգը փոխելու, նարատիվը փոխելու:

Մինչեւ գնալդ կարող ես հայտարարությամբ դրա մասին խոսել: Ավելի ճիշտ կլինի հենց բանակցություններում՝ Շառլ Միշելի ու Ալիեւի ներկայությամբ անես հետեւյալ հայտարարությունը՝ «Հակառակ, որ Պրահայում ես ստորագրել եմ հայտարարություն, որով ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը՝ վկայակոչելով 91-ի Ալմա Աթայի հռչակագիրը, հաշվի առնելով որ դա բազմակողմ հռչակագիր է եւ ոչ թե երկկողմ պայմանագիր, կարծում եմ, որ թերեւս այդ շրջանակում տեղ գտած տարածքային ամբողջականության ճանաչման գործոնը չի կարող ամուր հիմք ծառայել՝ համարելու, որ արդեն Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքայյին ամբողջականությունը ներառյալ Արցախը»։

Դու կարող ես շարունակել՝ ասելով, որ «Համենայնդեպս, ես՝ Փաշինյանս, մնում եմ իմ տեսակետին, պատրաստ եմ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եթե բանակցությունները գնան այնպիսի հունով, որ իրոք հիմք կստեղծի մեր երկու ժողովուրդների միջեւ արդար ու կայուն խաղաղության, ուստի ես՝ Փաշինյանս, առաջարկում եմ, որ մեր բանակցային օրակարգում անպայման տեղ գտնի այն փաստը, որ Սովետական շրջանում Արցախն ունեցել է ինքնավար կարգավիճակ, առաջարկում եմ, որ ներառենք նաեւ այս հանգամանքը»:

Ըստ Օսկանյանի, Փաշինյանը եթե նման հայտարարություն անի, Միշելը դա կհասկանա, ուստի արժե, որ գոնե ինքնաթիռում այդ մասին մտածի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31