Լրահոս
Օրվա լրահոսը

Օսկանյանը պատասխանում է ՔՊ-ականներին, թե՝ հարց լուծող էր, թող իր ժամանակ լուծեր

Հուլիս 13,2023 22:44

ՀՀ ԱԳ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը շարունակում է պնդել իր առաջարկությունը՝ մասնակցելու հայ-ադրբեջանական բանակցություններին եւ բեկում մտցնելու:

Ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով նա այսօր անդրադարձել է իր առաջարկի մասին իշխանական արձագանքներին ու քննադատություններին, թե՝ 3 ամսում ո՞նց պիտի հարցը լուծի, կամ՝ լուծող էր՝ 10 տարի նախարար էր, թող այն ժամանակ լուծեր:

Օսկանյանն ասաց, որ ինքը հարց լուծելու առաջարկ չի արել. «Ես առաջարկել եմ կարճ ժամանակում կտրուկ փոփոխություններ մտցնել բանակցությունների տրամաբանության, փիլիսոփայության մեջ, ընդլայնել օրակարգը, այնտեղ ներառել նաեւ հայամետ օրակարգային հարցեր: Իմ նախարարության շրջանում հենց սա է, որ ես մեծ հաջողությամբ արել եմ: Ես կարողացել եմ ղարաբաղյան հարցի շուրջ բանակցային փիլիսոփայություն, նարատիվ փոխել: Լիսաբոնյան տրամաբանությունից, որտեղ 50-ից ավելի ԵԱՀԿ անդամ երկրներ հայտարարել էին 96-ին, որ ԼՂ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, այդ տրամաբանությունից ես բերել հասցրել եմ նրան իմ նախարարության շրջանում, որ միջազգային հանրությունը, միջնորդները, որպես իրենց վերջնական առաջարկ, ասել են, որ ԼՂ հարցը պետք է լուծվի ԼՂ ժողովրդի ինքնորոշման սկզբունքի հիման վրա: Նրանք իրավունք պետք է ունենան անցկացնել հանրաքվե եւ որոշել իրենց ճակատագիրը: ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը ամրագրվել է բանակցային փաստաթղթում»:

Օսկանյանն ասաց, որ սա հնարավոր է եղել նաեւ ի պատիվ նրա, որ Լիսաբոնում Լեւոն Տեր-Պետրոսյանը հենց տեղում հակադրվել էր ու ասել, որ այդպես չի կարող լինել. «Դրանից հետո նա չգնաց Փաշինյանի նման անհեթեթ հայտարարությունների, որ նախկինում այս է եղել, այն է եղել: Դրանից հետո Քոչարյանը հստակ հանձնարարական տվեց ինձ փոխել բանակցային տրամաբանությունը, օրակարգային նոր հարցեր բերել եւ ես կարողացա փոխել նարատիվն ամբողջությամբ: Դրանից հետո երրորդ նախագահը կարողացավ այդ նարատիվը բանակցային պահել իր նախագահության շրջանում: Փաշինյանը ուղղակի փոշիացրեց այդ ամենը իր հայտարարություններով: Այսօր ունենք այն, ինչ ունենք: Ունենք բանակցային այնպիսի նարատիվ ու տրամաբանություն, որ վերջնական բոլորի մտքում ամրագրված է, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի մաս: Սա է, որ մենք այսօր պետք է փոխենք: Ես պնդում եմ, որ հնարավոր է դա անել, այդ նարատիվը հնարավոր է փոխել, ես այդ ճանապարհն անցել եմ: Հնարավոր է բանակցային օրակարգը դարձնել շատ ավելի հայանպաստ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31