Դերասանուհի, գրող, պրոդյուսեր, ռեժիսոր Արմինե Անդայի «Թռչող տերեւների երգը» ֆիլմը ներկայացված է հոբելյանական 20-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Կորիզ» կարճամետրաժ մրցութային ծրագրում: 12 րոպեանոց անիմացիան, որը հեղինակը նվիրել է իր հայրիկի հիշատակին,յուրատեսակ ճանապարհորդություն է դեպի երազանք՝ անտառում ապրող ու տերևների ծածկոցի տակ գիշերներով 12 տարեկան Սունայի եւ թաքնված գիտելիքի տիրապետող 200 տարեկան Ծերունու հանդիպման միջոցով։
Սա Արմինե Անդայի ռեժիսորական դեբյուտն է, նաեւ առաջին հայ-իրանական համագործակցությունը՝ անիմացիայում, Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:
Կարդացեք նաև
Ֆիլմում անդրադարձ կա Հոր ու դստեր, ուսուցչի և աշակերտի, մեծահասակի եւ երեխայի հուզիչ ընկերությանն ու անհնարինը հնարավոր դարձնելու նրանց ձգտումներին․..
Ո՞վ է Սունան, փոքրիկ աղջիկ, որ փախել է որբանոցից, որովհետեւ չէին թողնում պարել տերեւների վրա, նրա գաղտնիքն է տերեւների ծածկոցի տակ քնելը, ինչպես գաղտնիք է ծերունու՝ թափվող տերեւների վրայով քայլելը:
Այս նուրբ եւ անչափ գեղեցիկ ֆիլմից ուղղակի բարություն է ծորում, որն այսօր այնքան պակասում է աշխարհին: Հերոսները հորդորում են արեւամուտին լինել դատարկ, արեւածագին՝ լեցուն արեւի լույսով:
«Թռչող տերեւների երգը» սովորեցնում է փակ աչքերով տեսնել ամենակարեւոր բաները եւ ապացուցում, որ սրտում ամեն բանի պատասխան կա: Արմինե Անդայի «Թռչող տերեւների երգը» ինքնատիպ ձոն է բոլոր ուսուցիչներին՝ այդ թվում Արմինեի հայրիկին եւ Ռոման Բալայանին, ում առաջարկով ու ում ստեղծագործության հիման վրա ծնվել է անիմացիան:Հավելենք, որ ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել էր Նիդերլանդներում:
Նշենք, որ «Թռչող տերեւների երգը» ֆիլմի սցենարի հեղինակներն են Արմինե Անդան եւ Ռոման Բալայանը, դերասանները՝ Արմինե Անդան եւ Գագիկ Ղազարէն, պրոդյուսերնեը՝ Արմինե Անդան, Աշկան Ռահգոզարը, Արման Ռահգոզարը, իսկ արտադրող ընկերությունները՝ Հոշկի ֆիլմը (Հայաստան) եւ իրանական Հուրախշ Ստուդիոզը, բեմադրող նկարիչ՝ Աննա Հակոբյան, կոմպոզիտոր՝ Միքայել Ոսկանյան:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Դիտել ենք. ավաղ, շատ թույլ գործ էր: Զարմանալի է, որ կինոկենտրոնը ոնց է փող վատնում նման պարզունակ գործերի վրա: