Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանների պալատի նախագահ․ «Ակնկալում ենք, որ պետական մարմինները կգիտակցեն փաստաբանների, փաստաբանական գործունեության դերն ու նշանակությունը եւ, կարծում եմ, արդյունքի հասել ենք»

Հուլիս 13,2023 21:33

«Խոշտանգումների բացարձակ արգելքը եւ փաստաբանությունը» խորագրով այսօր կազմակերպված հանրային կրթական մարաթոնում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը հանրության համար պարզ ու մատչելի լեզվով խոսեց վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումների համատեքստում փաստաբանության ինստիտուտի դերի մասին։

«Իմ կարծիքով մեր հասարակության համար պետք է բացահայտել փաստաբանին, փաստաբանական գործունեությունը որպես քաղաքացիական հասարակության ինստիտուտ եւ դրա դերն ու նշանակությունը»,-ասաց նա ու նշեց, որ փաստաբանական ինստիտուտի գործունեությունը 2015 թվականից ամրագրվեց սահմանադրությամբ։ ՀՀ սահմանադրության 64-րդ հոդվածով երաշխավորվեց անվճար եւ իրավաբանական օգնությունը հենց փաստաբանության միջոցով։

«Շատ կարեւոր է, որ այստեղ ուրվագծվեցին փաստաբանական գործունեության կարեւորագույն հատկանիշներ։

Անկախություն։ Այսինքն, հասարակությունը պետք է պատկերացնի, որ փաստաբանական համայնքը անկախ համայնք է, որ պետական համայնք չէ, որեւէ կախվածության մեջ չէ պետական որեւէ մարմնից։ Այդ անկախությունը կարեւորագույն երաշխիքներից է, որ մենք հիմա խոշտանգումների համատեքստում եթե քննարկենք, կհասկանանք, թե փաստաբանական գործունեության համար ինչ առանցքային նշանակություն ունի հենց անկախությունը։

Ինքնակառավարում։ Հետեւաբար, կան պատկերացումներ, որ պետական մարմինները պետք է կառավարման ազդեցություն ունենան փաստաբանական համայնքի վրա։ Դա սահմանադրական մակարդակով բացառվում է եւ ինքնակառավարման այդ հնարավորությունը տրված է բացառապես հենց փաստաբաններին։

Իրավահավասարություն։ Փաստաբանական գործունեության կարեւորագույն հականիշներից է։ Սա նշանակում է, որ բոլոր փաստաբանները իրավահավասար են։ Անգամ Փաստաբանների պալատը եւ նրա մարմինները մեծ հաշվով որեւէ հնարավորություն չունեն ազդելու փաստաբանական գործունեության վրա»։

Անդրադառնալով խոշտանգումներին՝ Սիմոն Բաբայանը նշված երեք հատկանիշերի շրջանակներում անդրադարձավ փաստաբանի առաքելությանը՝ ապահովել անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը օրենքով չարգելված միջոցներով։ Եվ որպեսզի փաստաբանի այդ անկախությունն ու արդյունավետ գործունեությունը ապահովվի, օրենսդիրը սահմանել է որոշակի երաշխիքներ․ որ պետական մարմինները չպետք է միջամտեն փաստաբանի մասնագիտական գործունեությանը, փաստաբանին խուզարկելու արգելքը, փաստաբանական գործունեությանը չխոչընդոտելը։ Այ, սրա վրա պետք է մենք հատուկ ուշադրություն դարձնենք։ Վերջին շրջանում մենք ունեցանք մի իրավիճակ, երբ խոշտանգումների կապակցությամբ փաստաբանն սկսեց իրականացնել իր գործունեությունը։ Եվ պարզվեց, որ վերջինը ենթարկվեց բռնության։ Ըստ էության խոչընդոտեցին նրա մասնագիտական գործունեությունը, ինչը ուղղակի ազդեցություն էր գործելու պաշտպանության որակի վրա։ Վերջին դեպքով մենք ունեցանք նաեւ խուզարկության փաստ»,-ասաց Սիմոն Բաբայանը եւ արձանագրեց, որ եթե հիմա չհաջողվի այս անօրինությունները կանխել, կկորսվի փաստաբանի ազատ գործելու սահմանադրական իրավունքը, կնվազի իրավունքների պաշտպանության մակարդակը, որովհետեւ փաստաբանի մասնագիտական աշխատանքը խոչընդոտեցին, նրան ենթարկեցին բռնության։

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ արդյունք է տվել փաստաբանների գործադուլների այս շարքը։ «Առաջին արդյունքը, որ ակնկալում ենք, պետական մարմինների գիտակցումն է փաստաբանների եւ փաստաբանական գործունեության դերի եւ նշանակության։ Ընկալման տեսանկյունից, կարծում եմ, արդյունքի մենք հասել ենք։ Մյուս կարեւոր երեւույթն այն է, որ հասարակությունը տեսավ, որ փաստաբանությունը պատրաստակամ է իր իրավունքները պաշտպանել եւ դա ուղղված է ոչ թե ինքնապահպանմանը, այլ ապահովում է նաեւ նրանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը։ Եվ այս ամենը որ արվում է, արվում է ի շահ հասարակության, որովհետեւ փաստաբանական ինստիտուտի բացառումը ուղղակի ազդեցություն է ունենալու հասարակության վրա»,-պատասխանեց Փաստաբանների պալատի նախագահը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31