Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան) ականավոր կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր Սերգեյ Ռախմանինովի ծննդյան 150-ամյակի առիթով հուլիսի 12-ին և 13-ին ներկայացել է երկու բացառիկ համերգով։ Հուլիսի 12-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ են ունեցել Թեո Գեորգիուն՝ կատարելով Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը, Ալեքսանդր Ռոմանովսկին՝ կատարելով Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը։
Հուլիսի 13-ի համերգի ծրագրում էին Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 4 կոնցերտը (մենակատար՝ Անդրեյ Գուգնին), Ռախմանինովի Ռապսոդիան՝ Պագանինիի թեմայով (մենակատար` Դմիտրի Իշխանով) եւ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը (մենակատար՝ Անաստասիա Տերենկովա)։ Երկու համերգներն էլ ղեկավարել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Նշենք, որ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը համարվում է աշխարհում դասական երաժշտության ամենահայտնի ստեղծագործություններից մեկը, իսկ երրորդ կոնցերտը դաշնամուրի համար երբևէ գրված ամենաբարդ կոնցերտներից է։
«Այն որ բոլորը շատ սիրում են Ռախմանինովի կոնցերտները, որոնք բարդագույն գործեր են մենակատարների համար, գաղտնիք չէ: 5 մենակատար, 5 կոնցերտ՝ 2 երեկոյի ընթացքում…Խնդիրն այն չէ, որ իրականացնում ենք 2 երեկո, կատարում 5 կոնցերտ, այլ կարեւոր է այն, որ Հայաստանում այսօր կատարում ենք Ռախմանինովի 5 կոնցերտները, որոնք իմ եւ նվագախմբի համար մեծ արժեք ունեն: Կարող ենք ասել, որ շատ քիչ են կատարվում հատկապես առաջին կոնցերտը, 4-րդը, իսկ 2-րդ, 3-րդ 5-րդ ռապսոդիան շատ հայտնի են, շատ են կատարում»,-ասաց Սերգեյ Սմբատյանը
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին՝ հե՞շտ ստացվեց ներդաշնակվելը՝ նվագախմբի ու մենակատարների, բնականաբար նաեւ դիրիժորի աշխատանքի, Սերգեյ Սմբատյանն այսպես արձագանքեց. «Պրոֆեսիոնալ լեզվով հեշտ եւ դժվարը փորձերն են, փոխըմբռնման պրոցեսը, որը մենք անցնում ենք համերգից առաջ: Իհարկե, միշտ ժամանակը չի հերիքում, հետեւաբար նվագախումբը շատ ճկուն պետք է լինի, որ կարողանա աշխատել 5 մենակատարի հետ: Ռախմանինովի երաժշտությունը շատ անհատական է, շատ ռոմանտիկ, այստեղ դաշնակահարները պետք է լինեն դոմինանտ, ինչը բնորոշ է ռուսական ռոմանտիկ երաժշտությանը: Եվ իհարկե, նվագախումբը պետք է կարողանա 5 մենակատարներին տարբեր բարդությամբ ու խտությամբ նվագակցել»,-ասաց նվագախմբի գլխավոր դիրիժորը:
Հարցին՝ լավ իմաստով մենակատարների մասնագիտական քմահաճույքները ինչպես է հաղթահարում, Սերգեյ Սմբատյանն այսպես պատասխանեց. «Բանակցելով… Ռախմանինովի 5 կոնցերտները շատ չենք հանդիպել: Արվեստում կարեւորը այն մեկնաբանությունն է, որը կարող եք ներկայացնել: Շատ շնորհակալ եմ մեր գործընկերներին, մասնավորապես Ռախմանինովին նվիրված համերգների բացառիկ հովանավոր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին: Մարդիկ հավատացին գաղափարին եւ հնարավորություն տվեցին, որպեսզի իրականացնենք այս հավակնոտ ծրագիրը: Որ դասական երաժշտությունը շատ կարեւոր է, դա գիտեն բոլորը, բայց քչերն այդ փաստն ընդունելուց հետո կարող են գործողություններ կատարել, կանգնել դասական արվեստի կողքին»:
Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Անդրեյ Գուգնինը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ցանկացած երաժիշտ, մասնավորապես դաշնակահարները, որոնք մեծացել են Ռուսաստանում, այսպես թե այնպես գտնվում են Ռախմանինովի հիասքանչ երաժշտության ազդեցության ներքո: Դաշնակահարի ձեւակերպմամբ, կոմպոզիտոր եւ դաշնակահար Ռախմանինովի գրած ստեղծագործությունները աննկարագրելի գեղեցիկ են, եւ կատարելու առումով շատ հարմար են դաշնակահարների «քիմքին»:
Դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Դմիտրի Իշխանովն անդրադարձավ Ռախմանինովի ֆենոմենին, նրա բարդագույն, բայց գեղեցիկ ու յուրահատուկ կոնցերտներին: Ասաց, որ Ռախմանինովի երաժշտությունը հոգեհարազատ է իրեն, ինչպես շատ դաշնակահարների, ուստի անհնար է ձեռնպահ մնալ նրա ստեղծագործությունների կուլմինացիոն հատվածներին «դիպչելուց«:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ