Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի իշխանությունների քաղաքական կուրսը շատ պարզ է՝ իրենք գնում են տոտալ կապիտուլիացիայի. քաղաքագետ

Հուլիս 13,2023 19:20

Ես կարծում եմ, որ ռուսների հետ նման պայմանավորվածություն չկա և Էրդողանի խոսքից էլ է դա զգացվում, պարզապես նրանք առաջին հերթին նպատակ ունեն իրականացնել իրենց ծրագիրը, այսինքն՝ Զանգեզուրի միջանցքը վերցնել, դուրս գան Կասպից ծով և Կասպից ծովով դուրս գալ Միջին Ասիա: Այսպես մեկնաբանեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Էրդողանի հայտարարությունը:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին Վիլնյուսում ընթացող ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին, ի պատասխան ադրբեջանցի լրագրողի այն հարցին, թե 2 տարի հետո ռուս զինվորը արդյո՞ք պետք է շարունակի իր ներկայությունը Ղարաբաղում, Թուրքիայի նախագահն ասել է. «Մեր դիրքորոշումն այն է, որ Ռուսաստանը մնա պայմանագրի համաձայն որոշված վայրերում մինչև 2025-ը: Իսկ 2025․-ին Ռուսաստանը լքելու է այդ վայրերը։ Պայմանավորվածությունն այդպիսին է։ Ես էլ հավատում եմ, որ Ռուսաստանը հավատարիմ է մնալու այդ պայմանավորվածությանը։ Իմ թանկագին եղբայր Իլհամ Ալիևն էլ հետևողական է դրան»:

Քաղաքագետի խոսքով, Էրդողանն, ըստ էության, Վիլնյուսի գագաթնաժողովից հետո քաղաքական կուրսի փոփոխություն է անելու և գնալու է հակամարտության Ռուսաստանի հետ:

«Երկրորդ պահն էլ կա, Էրդողանը հոգեբանական ճնշում է ուզում գործադրել Արցախի հայերի վրա, Ադրբեջանն էլ իր գործողություններով փորձում է անհուսության մթնոլորտ ստեղծել, որպեսզի Արցախի բնակչությունը դուրս գա»,-նշեց Դանիելյանը:

Նա խորհուրդ տվեց ծանոթանալ օրերս իրանական Tasnim-ում հրապարակված, Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի տեսակետին, որի համաձայն՝ արտաքին ուժերը՝ Եվրոպա, Իսրայել, Թուրքիա մտադիր են Իրանը կտրել Ռուսաստանից, ապակայունացնել, հետագայում փլուզել այդ երկրները և դուրս գալ մինչև Չինաստանի սահման:

«Նա այդ հոդվածում նշում է, որ Թուրքիայի այդ ծրագիրն Իրանի համար կարմիր գիծ է, որի մասին, ըստ էության, խոսեց Էրդողանը, այսինքն՝ Իրան-Թուրքիա հակամարտությունը կա, հիմա փորձ է արվում պատերազմ հրահրել Իրանի և Ադրբեջանի միջև և ներքաշել Իրանին և Թուրքիային: Ես կարծում եմ՝ հենց դրա համար է Իսրայելի պաշտպանության նախարարն այցելել Ադրբեջան, այսինքն՝ նման զարգացումներ են նախապատրաստում և Ադրբեջանին դրդում են հայ-ադրբեջանական պատերազմի՝ հույս ունենալով ներքաշել նաև մյուսներին:

Հաշվի առնելով, որ Թուրքիան իր քաղաքական կուրսը փոխում է, նաև ծրագիր ունի 3 ռազմաբազա ստեղծել Ադրբեջանում, մեկը՝ Կասպից ծովի ափին, ապա այն արդեն Ռուսաստանի և Իրանի համար պետք է անընդունելի լինի: Եվ Էրդողանի հայտարարությունը հենց քաղաքական կուրսի փոփոխության մասին էր»:

Aravot.am-ի հարցին, թե տարածաշրջանային նման գլոբալ փոփոխությունների շեմին, ո՞րն է Հայաստանի իշխանությունների քաղաքական կուրսը, արդյոք նրանք մտահոգվելու առիթ չունե՞ն, քաղաքագետ Դանիելյանն ասաց. «Հայաստանի իշխանությունների քաղաքական կուրսը շատ պարզ է՝ իրենք գնում են տոտալ կապիտուլիացիայի: Դրա մասին հայտարարեց նաև Ալիևը, որ բոլոր պայմանները՝ ՀՀ վարչապետը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, որի տակ պաշտոնապես պետք է ստորագրի , անկլավները, որոնք Ալիևի պնդմամբ, ևս Հայաստանի վարչապետը ճանաչել է, նույնպես պետք է ստորագրի: Ես կարծում եմ, որ հիմնական հարցը լինելու է իրենց ասած, Զանգեզուրի միջանցքը, կամ գուցե Հայաստանով մինչև 3 միջանցքները, որտեղ իրենք առանց վերահսկողության կարողանան տեղափոխել մարդկանց և ապրանքներ, որոնք ունենալու են նաև ռազմական բնույթ:

Հայաստանի գործող կառավարության կուրսն այն է, որ պատերազմ չլինի և իրենք գնան կապիտուլիացիայի՝ ամեն ինչի տակ ստորագրելով, որովհետև իրենք ընտրել են թուրք-ադրբեջանական դաշինքը և սա որպես գեղարվեստական խոսք չեմ ասում, իրենք այդ դաշինքի կազմի մեջ են մտել: Հիմա անհանգստացա՞ծ են, թե՞ չէ, իհարկե՝ անհանգստացած են, և առաջին հերթին անհանգստացած են հանրության վերաբերմունքից, իրենց հետ հանրությունը ինչ որ մի բան կանի, թե՞ ոչ. այս հարցերն իրենց մտահոգում»,-ընդգծեց Դանիելյանը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31