Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը:
Կառավարութան որոշմամբ, փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում և կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի 2111-ն որոշման մեջ: Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2023թ պետական բյուջեի կիսամյակի արդյունքներով հարկային եկամուտների գծով ծրագրային ցուցանիշից ավել հավաքագրմամբ, որի արդյունքում 10 մլրդ դրամ լրացուցիչ հարկային եկամուտների ծրագրային ցուցանիշի ավելացման հաշվին համալրվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդը: Նախագծի նպատակն է Կառավարության ս.թ. դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ ավելացնել 2023 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները 10 մլրդ դրամով և միջոցներն ուղղել Կառավարության պահուստային ֆոնդ:
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հավելել է, որ Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2023 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով բյուջեի եկամուտների գերակատարմամբ, որը գերակատարվել է առաջին կիսամյակի պլանի նկատմամբ շուրջ 50 մլրդ դրամով: Արդյունքում՝ 10 մլրդ դրամով լրացուցիչ հարկային եկամուտների ծրագրային ցուցանիշների ավելացման հաշվին համալրվում է պահուստային ֆոնդը: «Նշեմ, որ սրանից առաջ, 10 որոշումներով արդեն իսկ մեր պլանն ավելացվել էր շուրջ 7.5 մլրդ դրամով, որի հիմնական մասը, մոտավորապես՝ 6.5 մլրդ դրամը հատկացվել է Լեռնային Ղարաբաղին»,-ասել է Վահե Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թեմայի առնչությամբ ասել է. «Պետք է գոհունակությամբ ընդգծեմ ՊԵԿ և Քննչական կոմիտեի համագործակցությունը, միաժամանակ, օպերատիվ աշխատանքներն իրականացնում է ՊԵԿ օպերատիվ վարչությունը։ Իհարկե, մեր մյուս իրավապահ մարմինները նույնպես աջակցություն են ցուցաբերում՝ Ազգային անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունը, Գլխավոր դատախազությունը, բնականաբար։ Բայց ուզում եմ շնորհակալություն հայտնել հատկապես այն հարկատուներին, ովքեր օրենքով սահմանված հարկերը վճարում են առանց Քննչական կոմիտեի, դատախազության և մյուս իրավապահ մարմինների օգնության»։ Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ շատ լավ հնարավորություն է ընձեռված առաջին հինգ ամսվա ցուցանիշներով 2023 թվականը նույնպես ապահովել բարձր տնտեսական աճով:
Բյուջետային ցուցանիշների կապակցությամբ վարչապետը նշել է, որ նախորդ տարի բյուջեի ընդունումից հետո, Ֆինանսների նախարարությունը և ՊԵԿ-ը եռամսյակային բաշխվածություն են հաստատել, և դրա համեմատ առաջին եռամսյակում շուրջ 14 մլրդ դրամով է գերակատարվել, իսկ կիսամյակի տվյալներով՝ 49 մլրդ 900 մլն դրամով։ «Եվս 2 ցուցանիշ կա, որոնք կարևոր եմ համարում ընդգծել: Առաջին ցուցանիշը վերաբերում է բյուջեի եկամուտների կիսամյակային աճին 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Կիսամյակի տվյալով մենք 19 տոկոսով ավելի հավաքագրում ունենք 2022 թվականի առաջին կիսամյակի համեմատ, բացարձակ թվով 176 մլրդ դրամի։ Շատ կարևոր է նաև համեմատել 2018 թվականի առաջին կիսամյակի հետ, և այս տարվա առաջին կիսամյակում 2018 թվականի առաջին կիսամյակի հետ համեմատ հավաքագրել ենք 531 մլրդ դրամով ավելի գումար, որը կազմում է 92,7 տոկոսով»- ասել է կառավարության ղեկավարը։
Վարչապետի խոսքով, ամենակարևոր ձեռքբերումներից մեկն այն է, որ նույնիսկ կորոնավիրուսի, պատերազմի և հետպատերազմական շրջանում, ոչ մի օր բարեփոխումների օրակարգից շեղում չի եղել և պետք է նույն կերպ շարունակել բոլոր ոլորտներում։
Կապիտալի շուկայի զարգացման վերաբերյալ նախորդ նիստում կայացրած որոշման մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև կառավարության նախորդ նիստում կայացրած մի կարևոր որոշման, որը վերաբերում է կապիտալ շուկայի զարգացմանը՝ հիշեցնելով, որ կառավարության և՛ 2018 թվականի, և՛ 2021 թվականի ծրագրում հատուկ տեղ է տրվում կապիտալի շուկայի զարգացմանը։ «Վերջերս մենք նաև ներգրավում ունեցանք, մեր բորսայում նոր բաժնետերեր, նոր ներդրողներ հայտնվեցին, ինչը մեզ հույս է տալիս, որ այդտեղ աշխուժություն կունենանք։ Կառավարության նախորդ նիստում որոշում կայացրեցինք աջակցություն ցուցաբերել այն ընկերություններին, որոնք այսպես ասած, կգնան ցուցակման»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և ընդգծել, որ ֆոնդային արժեթղթերի շուկայի զարգացումը հնարավորություն կտա, որպեսզի ընկերությունները նաև այլ աղբյուրներից իրենց անհրաժեշտ միջոցները ներգրավվեն։ Մյուս կողմից, վարչապետի խոսքով, քաղաքացիներն իրենց խնայողություններն այսօր, ըստ էության, հնարավորություն ունեն ներդնել միայն բանկերում՝ ավանդների ձևով, և կապիտալի շուկայի զարգացումը քաղաքացիներին հնարավորություն կտա, որպեսզի իրենց միջոցները ներդնեն երկու տարբերակով՝ կամ որոշակի ընկերություններում իրենց ընտրությամբ և գնահատմամբ, որոնք ցուցակված են, ձեռք բերել բաժնետոմսեր՝ այդպիսով մասնակցելով տնտեսական և ներդրումային կյանքին, կամ պարտատոմսեր։ «Եվ, ահա, մենք որոշակի մեխանիզմ ենք ստեղծել, մասնավորապես՝ պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման համար տեղաբաշխման անվանական ծավալի 2 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 30 մլն դրամ, մենք օժանդակություն ենք տրամադրում ընկերություններին։ Պարտատոմսերի շրջանառության համար տեղաբաշխման անվանական ծավալի 3-ական տոկոսի չափով առաջին 3 տարիների համար, սակայն ոչ ավել քան 45 մլն դրամը շրջանառության յուրաքանչյուր 12 ամիսների համար: Բաժնետոմսերի թողարկման համար փաստացի կատարման ծախսերի 80 տոկոսի չափով օժանդակություն արտաքին աուդիտի, բանկային և բորսայական ծառայությունների ծախսերը՝ կապված թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման հետ փոխհատուցելու կամ օժանդակելու համար։ Միջազգային վարկանիշային գործակալություններից վարկանիշի ստացման և սպասարկման առաջին տարվա ծախսերի 50 տոկոսի չափով սուբսիդավորում, սակայն Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ֆոնդային բորսայում ցուցակման դեպքում՝ առաջին տարվա ծախսերի մինչև 80 տոկոսի չափով սուբսիդավորում, 30 տոկոս՝ ի հավելում նախորդ 50 տոկոսի, եթե պահպանվել են պարտատոմսերի վերաբերյալ նախագծով նախատեսված պահանջները»,- նշել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ, 2018 թվականից Հայաստանի տնտեսական զարգացման նոր իմպուլս հաղորդելուն ուղղված քայլերում առանցքային տեղ է զբաղեցրել այն, որ կապիտալի շուկայի զարգացումը կարող է դառնալ այն նոր կոմպոնենտը, որը ոչ միայն տնտեսական զարգացման նոր խթան կդառնա, այլ նաև մարդկանց սոցիալական պաշտպանվածության նոր մեխանիզմ: «Եկեք չմոռանանք, որ սա Հայաստանի Հանրապետությանը բացարձակապես անծանոթ թեմա է: Նույնիսկ տեղյակ մարդիկ կարող են նրբությունների և հնարավորությունների մասին չիմանալ: Այս առումով՝ չափազանց կարևոր եմ համարում, որ մենք զուգահեռ պատշաճ հանրային իրազեկում իրականացնենք, որպեսզի մարդիկ այս հնարավորությունների մասին իմանան, կարողանան իրենց հնարավորությունները ճիշտ կառավարել»,- հավելել է վարչապետը:
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն իր հերթին նշել է, որ կենսաթոշակային բարեփոխումների շրջանակում մարդկանց անհատական հաշիվների վրա բավականին շատ գումարներ են կուտակվում, և երկու պրոֆեսիոնալ ֆոնդ կառավարողները շատ մեծ ցանկություն ունեն նոր ակտիվներում ձեռքբերումներ իրականացնել, այսինքն, եթե մի կողմից ապահովվի այդ տիպի ակտիվների մուտքը շուկա պարտատոմսերի և բաժնետոմսերի տեսքով, բնակչությունը հնարավորություն կունենա միջնորդավորված իրենց կենսաթոշակային հաշիվներում առկա միջոցների հաշվին նաև ֆինանսավորելու այդ տիպի գործառնությունները:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ևս մեկ կարևոր հանգամանք է ընդգծել, ըստ որի՝ բորսայում ցուցակված կազմակերպությունը կամ միջազգային վարկանիշ ստացած կազմակերպությունը կարևոր է ոչ միայն այն տեսանկյունից, որ այդ կազմակերպությունը հաշվետու և թափանցիկ է իր անցյալ գործունեության մասով, այլ նաև ունի ապագա գործունեության աընդհատության և շարունակականության վստահելիություն:
Ֆինանսների նախարարի հավաստմամբ, կառավարությունը կապիտալի շուկայի զարգացման մեջ էական դեր է խաղում այն իմաստով, որ պետական գանձապետական պարտատոմսերի լիկվիդայնությունը և նրանց շուկայի զարգացումն էական ազդեցություն են ունենում և շուկա ձևավորում: Եթե մասնավոր ընկերությունները պետք է վարկանիշ ստանան՝ ուղղորդվում են սուվերեն վարկանիշով, և մեր պարտատոմսերի գնանշումները հետագայում ուղենիշ են հանդիսանում մասնավոր ընկերությունների համար: «Այստեղ պետք է մեծ ուրախությամբ նշեմ, որ մեր պարտատոմսերի նկատմամբ հետաքրքրությունը վերջին ամիսներին էականորեն փոխվել է, և ունենք մեծ հետաքրքրություն աշխարհի խոշորագույն ներդրումային կազմակերպությունների և բանկերի կողմից, ովքեր մեծ ցանկություն ունեն ներդրումներ կատարել պետական գանձապետական պարտատոմսերում դրամով գնանշված»,- հավելել է Ֆինանսների նախարարը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով, մեր երկրի ռիսկերը, ըստ միջազգային առաջնակարգ վարկանիշային ընկերությունների գնահատման, այնպիսին են, որ շատ հրապուրիչ է ներդրումների համար, բայց գործիքների բացակայության պատճառով այդ հոսքը չի գալիս: Ըստ փոխվարչապետի, բորսայական առևտրի խթանումն օտարերկրյա շատ լուրջ դիվերսիֆիկացված ներդրումների հարթակ է նաև: «Ես կարծում եմ, որ դա էլ շատ կարևոր ռազմավարական նպատակ է, որովհետև օտարերկրացի ֆիզիկական անձը պետք է հնարավորություն ունենա հայկական կապիտալում ինտերնետով ներդրում անի, և դա որակապես փոխելու է ներդրումային միջավայրը և հնարավորությունները»,-ասել է փոխվարչապետը:
Վարչապետի պարզաբանմամբ, այս մեխանիզմները շատ կարևոր են, քանի որ երբ օտարերկրյա խոշոր ներդրողը ՀՀ կառավարության պարտատոմս է ձեռք բերում, դա, առաջին հերթին, վստահություն է Կառավարության և երկրի նկատմամբ:
Փոխվարչապետի հավաստմամբ, այս թեման ռազմավարական գերկարևոր նշանակություն ունի, որովհետև նրա ազդեցությունը ֆինանսական համակարգի և ֆինանսների շրջանառության վրա էլ է շատ լուրջ:
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդգծել է, որ հետաքրքրությունը մեր պետական գանձապետական պարտատոմսերի նկատմամբ տեղի է ունենում մի միջավայրում, երբ աշխարհում տոկոսադրույքները բարձրանում են, իսկ Հայաստանում տոկոսադրույքներն իջնում են: Այս հետաքրքրությունը նաև նշանակում է, որ կա սպասում, որ Հայաստանում տոկոսադրույքները շարունակելու են իջնել:
Հաստատվել է «Թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդելի ներդրման ծրագիրը»
Կառավարության որոշմամբ, հաստատվել է «Թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդելի ներդրման ծրագիրը»: Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի բնականոն գործունեության ապահովման համար որակյալ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունից:
Ֆինանսավորման նոր մոդելը, որն առաջարկվում է պիլոտային եղանակով ներդնել Օպերային թատրոնում, ենթադրում է կազմակերպությանը պետության կողմից լրացուցիչ ֆինանսավորման հատկացում, որը կարող է կազմել նշյալ կազմակերպության տվյալ տարում տոմսերի վաճառքից ստացված սեփական եկամուտների առավելագույնը 100%-ը՝ նոր և նախկին ներկայացումների վերափոխված տարբերակների բեմադրության համար: Մոդելը նախատեսում է նաև, որ յուրաքանչյուր տարի կազմակերպության կողմից գեներացված սեփական եկամուտների դիմաց կազմակերպությունը կստանա հավելյալ գումար, որոշակի տոկոսային հարաբերակցությամբ, որը թույլ կտա ապահովել նոր բեմադրությունների իրականացումը: ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից գումարի հատկացումը հնարավորություն կտա 2023թ. ունենալ 2 նոր և վերափոխված բեմադրություններ, ինչը կնպաստի սեփական եկամուտների աճին և կխթանի հաջորդ տարիներին սեփական միջոցներով նոր ներկայացումների բեմադրման աշխատանքները՝ նոր ներկայացումների բեմադրումը դարձնելով անընդհատ գործընթաց: Թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելի ներդրումը նոր հնարավորություն կընձեռնի Հայաստանում և արտերկրում արվեստասեր հանրությանը բարձր բեմական վարպետությամբ հանդես գալու, հայ արվեստը հանրահռչակելու համար:
Թեմայի առնչությամբ վարչապետը նշել է, որ սա նույնպես Կառավարության կարևորագույն բարեփոխումներից է, որի վրա երկար տարիներ էներգիա է ծախսվել այն տրամաբանությամբ, որ մշակույթը Հայաստանում ռազմավարական ուղղություն է: «Բնականաբար, երբ մենք սա ասում ենք, մշակույթի և թատերական կազմակերպությունների կողմից լինում է արձագանք, որ պետք է պետությունն ավելի մեծ աջակցություն ցուցաբերի և մենք ասում ենք՝ այո՛»,- նշել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ թատրոնների և համերգասրահների կապիտալ ծախսերը 2022թ. 2017թ. համեմատ աճել է 1032 տոկոսով:
Վարչապետի խոսքով, մշակութային հաստատությունները սեփական եկամուտները գեներացնելը պետք է դիտեն իբրև իրենց գործունեության հիմնական ձև. «Մենք հիմա մի մեխանիզմ ենք ստեղծում, որով մեր թատերական կազմակերպությունները ճիշտ կառավարման դեպքում կարող են ուղղակի իմաստով զարգանալ, ոչ թե դա լինի մի կազմակերպություն, որը մաշվում է տարիների ընթացքում, այլ կազմակերպություն, որը տարիների ընթացքում զարգանում է: Հիմա այս մոդելը հաջողությամբ կիրառում ենք կամ կկիրառենք Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Պիտի ասեմ, որ այո՛, այնտեղ սեփական եկամուտների ցուցանիշները շատ էական ավելացել են, բայց շատ կարևոր է, գոնե ես անձամբ տեսել եմ, որ սկսած դեկորացիաներից, հագուստից, ներկայացումների որակից, այո՛, մենք էական փոփոխություն ենք տեսնում: Եվ մենք բոլոր այն տեղերում և բոլոր այն դեպքերում, որտեղ այդ փոփոխությունը տեսնենք, սեփական եկամուտները կրկնակիի չափով մեծացնելու ենք»,- նշել է Կառավարության ղեկավարը և վստահություն է հայտնել, որ այս բանաձևն աշխատելու է, քանի որ այն պարտադրելու է, որպեսզի չլինի թատերական կազմակերպությունների անորակ կառավարում:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր հերթին ընդգծել է, որ այս փոփոխությունն ուղեկցվում է նաև, ընդհանուր առմամբ, մշակութային հաստատություններում աշխատանքի որակի, արդյունավետության բարձրացման այլ փոփոխություններով: Մասնավորապես՝ առաջիկայում նախարարի հրամանով կհաստատվեն համապատասխան ատեստավորման և աշխատակիցների վարձատրության սկզբունքները:
Լճափ, Շողակաթ բնակավայրերին և Գավառ, Մարտունի քաղաքներին հարակից տարածքներից հատկացված հողամասերում կստեղծվեն հանրային լողափեր
Կառավարության որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտու` Գավառ համայնքի Լճափ բնակավայրին հարակից տարածքից 1.0 հեկտար հողամասում (որից` 16.80%-ը գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից բարձր) կստեղծվի հանրային լողափ (N 9 հանրային լողափ)` համաձայն N 1 հավելվածի, Շողակաթ համայնքի Շողակաթ բնակավայրին հարակից տարածքից 1.0 հեկտար հողամասում (հողամասն ամբողջությամբ գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից ցածր) կստեղծվի հանրային լողափ (N 10 հանրային լողափ)` համաձայն N 2 հավելվածի, Գավառ համայնքի Գավառ քաղաքին հարակից տարածքից 1.0 հեկտար հողամասում (որից` 35.52%-ը գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից բարձր) կստեղծվի հանրային լողափ (N 11 հանրային լողափ)` համաձայն N 3 հավելվածի, Մարտունի համայնքի Մարտունի քաղաքին հարակից տարածքից 1.2 հեկտար հողամասում (հողամասն ամբողջությամբ գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից ցածր) կստեղծվի հանրային լողափ (N 12 հանրային լողափ):
Իրավական ակտի ընդունման նպատակը հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացումն է և հանրային լողափերի արդյունավետ շահագործումը, Սևանա լճի ափամերձ տարածքների պահպանությանը նպաստող բնապահպանական և բիոտեխնիկական միջոցառումների մշակումն ու ներդրումը, ինչպես նաև հանրության բոլոր շերտերի համար հասանելի հանգստի հնարավորությունը, անվճար ծառայություններ՝ մուտք լողափ, հանդերձարաններ, հանրային սանհանգույցներ, շվաքարաններ, երեխաների համար խաղահրապարակներ, հեռանկարային ներդրումային ծրագրեր, բացառելով առանց փրկարարական և բուժuպաuարկման ծառայությունների լողափերի շահագործումը և ապահովելով բացառապես մաքրման կայանների միջոցով կեղտաջրերի մաքրումն` ըստ նորմատիվներով սահմանված չափաքանակների:
Արդյունքում՝ նախատեսվում է ունենալ գեղեցիկ կահավորված, հարդարված և գրավիչ ծառայություններ մատուցող նոր հանրային լողափեր Սևանա լճի առափնյա չորս տարբեր հատվածներում, ինչպես նաև Սևանա լճի ափին հանրության բոլոր շերտերին հասանելի հանգստի հնարավորություն, անվճար ծառայություններ՝ մուտք լողափ, հանդերձարաններ, հանրային սանհանգույցներ, շվաքարաններ, բուժկետ, փրկարարական ծառայություն, երեխաների համար խաղահրապարակներ, աղբահանության պատշաճ կազմակերպում և մաքրման կայանների առկայություն, հեռանկարային ներդրումային ծրագրեր և հավելյալ աշխատատեղերի ստեղծում: Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռնի ՀՀ քաղաքացիների և օտարերկրյա հյուրերի համար ստեղծել մատչելի և որակյալ հանգստի պայմաններ:
Վարչապետը պարզաբանել է, որ հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով նախարարին հանձնարարել է այս որոշման ընդունման տրամաբանությունը որոշակի փոխել, և այն ծառայությունները, որոնց մի մասը ենթադրվում է, որ պետք է ամբողջովին անվճար լինեն, լինի անվճար, բայց ծառայությունների մի մասի համար որոշակի վճարի հնարավորություն ստեղծվի:
Երևանի ավագանու հերթական ընտրությունը նշանակվել է 2023 թվականի սեպտեմբերի 17-ին
«Հարգելի գործընկերներ, չզեկուցվող հարցերի փաթեթում, մենք կայացրել ենք որոշում Երևանի ավագանու հերթական ընտրությունը նշանակելու մասին, և ընտրությունները տեղի կունենան 2023 թվականի սեպտեմբերի 17-ին: Կառավարության խնդիրն է՝ ապահովել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրական մարմինների աջակցել ընտրությունների պատշաճ ապահովման գործում և ապահովել ընտրությունների ազատությունը, արդարությունը, թափանցիկությունը և բացառել ընտրություններում քաղաքացիների կամքի ձևախեղման և ձևափոխման ցանկացած դրսևորում»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստանալու հնարավորություն կտրվի սոցիալական աջակցություն ստացող համայնքների բնակավայրերում հաշվառված ուսանողներին
Կառավարության որոշման նախագծով, ուսման վարձի մասնակի փոխհատուցում է հատկացվում սոցիալական աջակցություն ստացող համայնքների բնակավայրերում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես բնակվող ու տվյալ համայնքի հանրակրթական (միջնակարգ կամ ավագ դպրոց), նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններն ավարտած ուսանողներին: ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է սոցիալական աջակցություն ստացող համայնքների բնակավայրերում հաշվառված ուսանողներին ուսման վարձի փոխհատուցում հատկացնելու ընթացքում ի հայտ եկած խնդիրներից:
Արդյունքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցություն ստացող համայնքների բնակավայրերի բնակիչ հանդիսացող ուսանողներին, ովքեր տարբեր պատճառներով իրենց մշտական բնակավայրի հանրակրթական (միջնակարգ կամ ավագ դպրոց), նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները չեն ավարտել, ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստանալու հնարավորություն տալ:
«Թույլատվական փաստաթղթեր» համակարգը կներդրվի «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում
ՀՀ վարչապետի 2022 թվականի նոյեմբերի 30-ի N 02/16.11/39269-2022 հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 10–ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 977-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ, որը պայմանավորված է թույլատվական փաստաթղթերը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով տրամադրելու գործընթացն ապահովելու անհրաժեշտությամբ:
«Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի շրջանակներում ՀՀ արտաքին առևտրի հարթակի և պետական կառավարման մարմինների միջև «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ այսուհետ հայտատուների կողմից դիմումների ներկայացման և ապրանքների ներմուծման, տարանցման և արտահանման անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի կամ անվտանգության սերտիֆիկատների կամ համապատասխանության տեղեկանքի տրամադրումը իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով: Սույն նախագծի շրջանակներում հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ կարող է խափանվել էլեկտրոնային համակարգը կամ արտահանվող երկիրը պահանջի անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի թղթային տարբերակը։
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի N 977-Ն որոշմամբ սահմանված թույլատվական փաստաթղթի ստացման և ներկայացման գործընթացի իրականացումը՝ համացանցային կայք էջում հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով, որը կստեղծի առավել հարմարավետ պայմաններ տնտեսվարողների համար: Միաժամանակ ապահովելով անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի՝ անվտանգության սերտիֆիկատների կամ համապատասխանության տեղեկանքի կամ օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի տրամադրումը բացառապես էլեկտրոնային եղանակով՝ «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգի միջոցով, իրավական կարգավորում է տրվել նաև էլեկտրոնային համակարգի խափանման, ինչպես նաև արտահանվող երկրի պահանջի բավարարման դեպքերին՝ չխոչընդոտելով տնտեսվարողների գործունեությանը։
Զինվորական ծառայության 2023 թ. ամառային զորակոչից տարկետում կտրվի մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին
Կառավարության որոշմամբ, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից մինչև 2025 թվականի ամառային զորակոչը տարկետում տալ մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող հետևյալ քաղաքացիներին՝ 1) Հայկ Արամի Գուրգենյանին (ծնվ.՝ 2000 թվականի հուլիսի 6-ին, հասցե՝ քաղ. Երևան, Կ. Ուլնեցու 66 շենք, բն. 67), 2) Արզաս Գրիգորի Ոսկանյանին (ծնվ.՝ 2005 թվականի մայիսի 17-ին, հասցե՝ քաղ. Երևան, Դեմիրճյան փող., 40 շենք, բն. 74), 3) Արմեն Լևոնի Պուչինյանին (ծնվ.՝ 2003 թվականի հունիսի 29-ին, հասցե՝ քաղ. Երևան, Նորագյուղ, տուն 14), 4) Պավել Արթուրի Պետրոսյանին (ծնվ.՝ 2005 թվականի ապրիլի 28-ին, հասցե՝ քաղ. Երևան, Անդրանիկի փող., 151 շենք, բն. 15), 5) Տիգրան Արտակի Այվազյանին (ծնվ.՝ 2005 թվականի մայիսի 2-ին, հասցե՝ քաղ. Երևան, Ավան 4-րդ փող., 3-րդ նրբ., տուն 16), 6) Վարդան Վահրամի Վարդանյանին (ծնվ.՝ 2005 թվականի ապրիլի 25-ին, հասցե՝ քաղ. Երևան, Անդրանիկի փող., 156 շենք, բն. 52), 7) Միքայել Նարեկի Աղաջանյանին (ծնվ.՝ 2003 թվականի հունվարի 2-ին, հասցե՝ քաղ. Երևան, Դեմիրճյան փող., 25 շենք, բն. 6):
Մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացի Միսակ Սամվելի Հարթենյանին (ծնվ.՝ 1998 թվականի օգոստոսի 16-ին, հասցե՝ քաղ. Երևան, Վեգների 2/7) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից տրվել է տարկետում մինչև նրա 26 տարին լրանալու օրը: Մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացի Սամվել Կարենի Դավթյանին (ծնվ.՝ 2003 թվականի օգոստոսի 3-ին, հասցե՝ քաղ. Երևան, Նանսենի փող., 5/2 շենք, բն. 40) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից տրվել է տարկետում մինչև 2025 թվականի ձմեռային զորակոչը, որի մասով սույն որոշմամբ տրված տարկետումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի դեկտեմբերի 30-ի N 2180-Ա որոշմամբ տրված ժամկետն ավարտվելուց հետո: «Մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին հնարավորություն կտրվի կատարելագործելու մասնագիտական հմտությունները, ինչպես նաև հանրահռչակելու հայկական կատարողական արվեստը միջազգային հարթակներում:
Օրենսդրական նախաձեռնություն
Հավանություն է տրվել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին:
Նախագծի ընդունմամբ կստեղծվի մեխանիզմ՝ ընդհանուր առմամբ նվիրատվության գործարքների մասով ռիսկերը կառավարելու համար, ինչն իր դրական ազդեցությունը կունենա փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի արդյունավետության ապահովման տեսանկյունից:
ՀՀ համար կարևոր նշանակություն ունեցող ապրանքի՝ անմշակ կաշվի արտահանման ժամանակավոր արգելք կկիրառվի
Կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշման նախագիծը: Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության համար կարևոր նշանակություն ունեցող ապրանքի (անմշակ կաշի) արտահանումը սահմանափակելու, տեղական արտադրությունը պաշտպանելու և հումքային բազայով ապահովման, ինչպես նաև Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ: Նախագծի նպատակն է հումքային բազայի ապահովում և խնայողաբար օգտագործում, տեղական արտադրության զարգացում:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ