«Մարգարա» մաքսակետի 1-ին փուլի շինարարական և մոնտաժային աշխատանքները մեկնարկել են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է կառավարության համապատասխան որոշման մեջ։
«Մաքսակետի կառուցման կապալառու «Արտկոն» ՓԲԸ-ին մաքսակետի կառուցման 1-ին փուլի շինարարական և մոնտաժային աշխատանքների իրականացման համար արդեն վճարվել է 140.4 մլն. դրամ։ Մաքսակետի կառուցման 2-րդ փուլի նախագծանախահաշվային փաստաթղթերը ենթարկվել են պարզեցված փորձաքննության և ստացել դրական եզրակացություն։ Պայմանագրով սահմանված գումարի մնացած մասը՝ 110.2 մլն դրամը, փոխանցվելու է կապալառուին՝ առնվազն երեք մոդուլային տաղավարների երկաթբետոնե հիմքերի սալերի աշխատանքների իրականացման պայմանով: Մաքսակետի գործարկման համար սահմանված սեղմ ժամկետներով և դրա իրականացման գործընթացին առնչվող ոչ ստանդարտ մոտեցումներով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել գլխավոր կապալառու «Արտկոն» ՓԲԸ-ին տրամադրել գումար՝ 20․06․2023 թ․կնքված թիվ ՊԵԿ-ՀՄԱ-ԱՇՁԲ-23/2 պայմանագրի գնի քառասունչորս տոկոսի չափով՝ առնվազն երեք մոդուլային տաղավարների երկաթբետոնե հիմքերի սալերի աշխատանքների իրականացման պայմանով», – ասված է որոշման մեջ։