Կարսում նկատվել են ցիրուցան եղած խաչերով գերեզմանաքարեր, որոնց մեծ մասն ավերված վիճակում է։ Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հայտնում է թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը։
Աղբյուրի համաձայն՝ Կարս քաղաքում տարիներ առաջ սկսված նորակառույցների շինարարության համար դատարկվել էր Ուչլեր թաղամասը, որտեղ զանազան խաչեր կրող գերեզմանները օրըստօրե ոչնչանում են։ Դրանց մի մասն ավերվում է գանձ որոնողների կողմից, իսկ մյուս մասն էլ պահպանության տակ է վերցվել տեղի բնակիչների կողմից։
Բնակիչների շրջանում հայկական գերեզմանոց անվամբ հայտնի այդ վայրում տարբեր մեծությամբ գերեզմանաքարեր են գտնվել, որոնց վրա խաչեր են փորագրված։ Տեղի բնակիչները նշում են, որ այդ կողմերում ավերակ դարձած մի եկեղեցի էլ կա, և կարծում, որ նմանատիպ պատմական նմուշները կարող են ցուցադրվել որևէ թանգարանում՝ այդպիսով նպաստելով շրջանում զբոսաշրջության զարգացմանը։
Հայկական գերեզմանների, եկեղեցիների և այլ մշակութային կառույցների ոչնչացումը նորություն չէ Թուրքիայում։ Նորություն չէ նաև, որ տեղի քուրդ կամ թուրք բնակիչները և իշխանության որոշ ներկայացուցիչներ նման շինությունների վերականգնումը կամ պահպանումը դիտարկում են զուտ զբոսաշրջության զարգացման հեռանկարով, այլ ոչ թե, առնվազն, հանգուցյալների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը վերացնելու առումով։
Կարդացեք նաև
Մելինե Անումյան / Akunq.net