Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեկ բացատրություն եմ տվել քննիչին։ Ինձ վրա հարձակվել են մարդիկ, որոնք շատ մտերիմ հարաբերություններ ունեն անձամբ Կարեն Սարգսյանի հետ»․ Հայկ Ղազարյան

Հուլիս 13,2023 15:11

«Այս պահին գնում եմ պոլիկլինիկա, կարգն է այդպես․ դատաբժիշկը նշանակել է ռենտգեն հետազոտություն, հասկանան՝ կոտրվածք կա, չկա։ Առողջական վիճակս նորմալ է»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս է Ձեր առողջական վիճակը, այսպես պատասխանեց ՍիվիլՆեթի լրագրող Հայկ Ղազարյանը։

Հիշեցնենք՝ նա հայտարարել էր, որ Ստեփանակերտում քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք քաշքշել են իրեն, հարվածներ հասցրել։ Միջադեպը տեղի է ունեցել Հայկ Ղազարյանի՝ օրեր առաջ մի խումբ քաղաքացիների բողոքի ցույցը լուսաբանելուց հետո, որի ընթացքում մի ոստիկան խլել էր նրա հեռախոսը։ Ավելի ուշ հեռախոսը վերադարձրել էին՝ տեսագրությունը ջնջած։

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Հայկ Ղազարյանը ահազանգել էր․ «Ես էլ չէի սպասում, որ կոնկրետ նման զարգացում է լինելու, քաղաքի կենտրոնում հին ձևերով դալանն են մտցրել, օպերացիա էր մշակված, սպասել են հարմար պահի․ գրասենյակի մոտ էր։ Աղմուկ եմ դրել, որ մարդիկ դուրս գան։ Ակնհայտորեն փորձ է արվել, որ բռնեն, տանեն ինձ։ Կարեն Սարգսյանի վարորդն էր․ Վրեժ է անունը, մյուս էլ Կարեն Սարգսյանի աշխատակազմից է։ Չէի սպասում, որ Կարեն Սարգսյանից նման ռեակցիա է լինելու, չգիտեմ՝ էդ լայվում ո՞ր մասն է վիրավորել իրեն, որ նման գրոհ է սկսել»։

Մեզ հետ զրույցում Հայկ Ղազարյանն ասաց, որ բացատրություն է տվել ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում․ «Դա այն բաժինն է, որը հիմնականում քննում է այն գործերը, որոնք առնչվում են կամ շատ բարձրաստիճան պաշտոնյաներին կամ ոստիկաններին։ Ես երեկ բացատրություն եմ տվել քննիչին»։

Հիշեցրինք՝ նախկին նախարար Հայկ Խանումյանը հրապարակային հայտարարել էր, որ ԱՀ Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը և Արարատ Մելքումյանը պետք է Հայկից ներողություն խնդրեն։

Հայկ Ղազարյանը մեզ հետ զրույցում ևս մեկ անգամ հաստատեց․ «Այդ մարդիկ, որոնք հարձակվել են ինձ վրա, ՆԳ նախարարության աշխատակիցներ են, սպաներ, շատ մտերիմ հարաբերություններ ունեն անձամբ Կարեն Սարգսյանի հետ»։

Aravot.am-ը փորձեց պարզաբանումներ ստանալ ԱՀ ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանից։ Նա մեր զանգերին ու նամակներին մինչև այս պահը չի արձագանքել։

Արձագանքի դեպքում կներկայացնենք նաև Ներքին գործերի նախարարության տեսակետը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ ՍիվիլՆեթի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31