Ինչպե՞ս է լուծվելու արցախցի այն դիմորդների խնդիրը, որոնք ընդունվել են Հայաստանի բուհեր։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադառնալով այս հարցին, ասաց, որ այս պահին էլ այնպիսի իրավիճակ է, որ արդեն կան ՀՀ բուհերում սովորող ուսանողներ, որոնք հանգստյան օրերին մեկնել էին Արցախ, սակայն Լաչինի միջանցքը փակվելուց հետո չեն կարողացել վերադառնալ։
Անդրեասյանի խոսքով՝ այդ ուսանողների ուսման գործընթացը նախարարությունը կազմակերպել է հեռավար․ «Հեռավար եղանակով նույն կերպ ապահովել ենք ընդունելության քննության կազմակերպումը՝ Լեռնային Ղարաբաղի մեր գործընկերների հետ։ Ես շարունակաբար բարձրացնում եմ այդ հարցը, որ ուսանողների կրթության իրավունքը պետք է ապահովվի։ Նամակներով դիմել եմ համապատասխան մարմիններին։ Հուսով եմ, որ սեպտեմբերին իրավիճակն այլ կլինի եւ կկարողանան ուսանողները գալ ու դասին մասնակցել։ Եթե հնարավոր չլինի, ապա մենք էլի կփորձենք ապահովել գործընթացը»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ