ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՀՀ զինանշանի փոփոխության վերաբերյալ նախարարությունում քննարկմանն, ասաց՝ այս պահին քննարկում, որ որեւէ աշխատանքային խումբ լինի, նման բան չկա։
«Իհարկե, հարցը ձեւակերպված է եւ դրա շուրջ պետք է մտածել, բայց ավելի կոնկրետ աշխատանքային գործընթաց չկա»,-ասաց նախարարը։
Հիշեցնենք, որ խորհրդարանում նախորդ ամիս ՀՀ զինանշանին անդրադարձել է վարչապետ Փաշինյանը։ Նա նկարագրելով զինանշանն՝ ասել է․ «Նայելով կենտրոնին՝ Արարատ սարի վրա Նոյան տապանն է, ՀՀ այսօրվա տարածքը ջրհեղեղի տակ է։ Առյուծ, որն արդեն Հայաստանում բնական պայմաններում վաղուց չի ապրում։ Եվ այս խնդիրը, որը մենք քննարկում ենք, իրականում մեզնից յուրաքանչյուրի մեջ առկա երկվության մասին է՝ պատմական Հայաստանի եւ իրական Հայաստանի։ Ինչի՞ մասին է մեր ամբողջ բանավեճը, հետեւյալի մասին է՝ իրական Հայաստանը պետք ծառայի պատմական Հայաստանին, թե՞ պատմական Հայաստանը պետք է ծառայի իրական Հայաստանին»։
Լրագրողների հետ ճեպազրույցում Ժաննա Անդրեասյանը կարծիք հայտնեց, որ պետք է մտածել այն խնդիրների մասին, որոնք գուցե պետք է փոխել․ «Ես որպես ոլորտը ղեկավարող նախարար՝ կարիք ունեմ լսել պրոֆեսիոնալներին, որովհետեւ շատ սպեցիֆիկ հարց է։ Ես կարծում եմ, որ մտածելու բան ունենք եւ այդ մտածելու բանը ձեւակերպված է նաեւ մասնագիտական դաշտի կողմից։ Դա այն հարցերից է, որի շուրջ պետք է ավելի երկար աշխատանք տանենք, որպեսզի այդ փոփոխությունների անհրաժեշտության մասին ավելի հստակ պատկերացում ձեւավորվի»։
Կարդացեք նաև
Նախարարը հիշեցրեց, որ մոտ վեց տարի առաջ մասնագիտական խումբը սկսել է աշխատել զինանշանի փոփոխության վրա, բայց ավարտին չի հասցվել, հիմա կարիք կա վերադառնալու այդ գործընթացին։
Դիտարկմանը՝ նախկինում տարիներ առաջ շղթայված սրի փոփոխության մասին էր խոսքը, Արարատ լեռան մասին խոսք չկար, նախարարը պատասխանեց․ «Ոչ միայն։ Բազմաթիվ շերտեր են նկարագրված, չեմ ուզի մտնել մասնագիտական խոսակցության մեջ, օրինակ` առյուծի կերպարի հետ կապված։ Ես կարծում եմ, որ պետական խորհրդանիշները պետության դեմքն են, եւ որեւէ փոփոխություն պետք է շատ լավ մտածված, քննարկված ու հասկացված լինի։ Մենք մեր պատմությունից չենք հրաժարվում, ուղղակի պետք է հասկանանք՝ ինչպես ենք վերաբերվում ներկային։ Մեր պետության խորհրդանիշները պետք է արտացոլեն մեր այսօրվա պետությունը, դրա մասին է խոսքը։ Ես կարծում եմ, որ մասնագետները կարող են գտնել բոլոր հարցերի լուծումները»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Թե դուք ու ձեր շեֆն ինչպես կարող եք փոփոխել Հայաստանի զինանշանը, շատ լավ նկարագրում է քաջարի զինվոր Շվեյկը.
— Քեզ մի տեսակ չի հաջողվում, — ասաց նրան Շվեյկը։— Բոիշչեում, նկուղային բնակարանում, մի ավլող էր ապրում, անունը Միխաչեկ։ Նա մեկ-մեկ խնչում էր լուսամուտի ապակու վրա և այնպես վարպետորեն քսմսում, որ uտացվում էր այն պատկերը, թե ինչպես Լիբուշան Պրագային փառք է գուշակում։ Ամեն մի պատկերի համար նա կնոջից այնպիսի պետական թոշակ էր սատանում, որ շարունակ ման էր գալիս քիթ ու մռութն ուռած։ Սակայն այդ զբաղմունքից նա ձեռք չքաշեց և շարունակում էր կատարելագործվել։ Ճիշտ է, դա նրա միակ զվարճությունն էր։