Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն իր ելույթում ասաց․ «Ես կողմ եմ այս օրենքին, բայց մեկ այլ օրենքի մասին եմ ուզում խոսել։ Ես ուզում եմ անդրադառնալ ծխելն արգելելու օրենքին, որը խայտառակություն է։ Բոլոր տեղերում ծխում են։ Եթե մենք օրենք ենք ընդունում, մենք ի՞նչ ենք ուզում անել, ասենք՝ հասարակություն, մենք այդ օրենքն ընդունում ենք, մենք այդ ռեսուրսը չունենք, որպեսզի հետեւենք, որ սրճարաններում ու ռեստորաններում չծխե՞ն»։
«Մենք՝ որպես պատգամավոր, գնում` նստում ենք սրճարան, ուրիշները ծխում են։ Եթե 20 հոգի ծխում է, գնալու ենք` ի՞նչ ասենք։ Եթե խորը մտածեինք, մի քիչ ավելի ուրիշ գործիքներ կգտնեինք։ Եթե չենք գտել, ես խնդրում եմ հեղինակներին մի հատ նորից հետ գնան, այս մի տարին մոնիտորինգ անեն, ուսումնասիրեն, մտնեն սրճարանները, ասեն՝ պարոն, ձեզ մոտ քանի՞ հոգի է ծխում։ Հասկացանք, այդ իրավունքն ունենք, բերենք Ազգային ժողովով օրենք անցկացնենք, բայց դրանից հետո պետք է հետեւենք։ Օրինակ` մարդը, որն այդ օրենքն անցկացրել է, փողոցով քայլում է, տեսնում է սրճարանում ծխում են, իրեն ո՞նց է զգում։ Նշանակում է` չի աշխատում այդ օրենքը, ինչ-որ բան սխալ է արված։ Իհարկե, եթե բոլորը չծխեն, երջանիկ կլինենք, առողջ կլինի մեր հասարակությունը, բայց վերջին հաշվով` այդ գործիքը չենք գտել»,- ասաց Խաչատուր Սուքիասյանը։
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն արձագանքեց․ «Պարոն Սուքիասյան, հույս ունեմ, միայն բացօթյա մասին էր վերաբերում ձեր ելույթը, որովհետեւ ես սրճարաններում ու այլ փակ վայրերում շատ հստակ տեսնում եմ, որ օրենքը գործում է։ Եվ դա քաղաքակրթության նշան է»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ