«Ես կողմ եմ զենքի ազատ վաճառքի եւ դրա հնարավորությունների մեծացմանը»,- այսօր Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի քննարկման ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը։
«Կյանքը ցույց է տվել, որ զենքի ազատ վաճառքը շատ ավելի դեմոկրատիկ հնարավորություններ է տալիս հասարակությանը։ Եվ դրա հիմնավորումը ես մտածել եմ այսպես՝ ամբողջ հասարակությունն իրենից ներկայացնում է ժողովրդին, իշխանությունը եւ հանցագործ աշխարհը։ Իշխանությունները ուզեն թե չուզեն, զինված են, հանցագործ աշխարհը զինված է, ժողովուրդը՝ ոչ։ Դրա համար էլ ամեն ինչ թափվում է ժողովրդի գլխին։ Մենք պետք է այս հավասարակշռությունը կարողանանք վերականգնել»,- ասաց Հակոբ Ասլանյանը։
Ըստ նրա՝ երբ թույլ չենք տալիս, որ մարդը զինվի, նրան զրկում ենք ինքնապաշտպանության իրավունքից։ «Մարդն իրավունք ունի ինքնապաշտպանվելու, եւ պետությունը չէ, որ միշտ կանգնած է մարդու կողքին, երբ մարդը մենակ գնում է, եւ ինչ-որ սոված շներ կարող են հարձակվել ու նրան ուտել, իսկ նա զրկված է ինքնապաշտպանությունից։ Ընդհանրապես, եթե ժողովուրդը զինված է, իշխանությունները շատ ավելի լուրջ են վերաբերվում այն ժողովրդին, որը նրան իշխանություն է տվել»,- ասաց Ասլանյանը։
Խորհրդարանում ներկայացնելով օրենսդրական փոփոխությունների նախագիծը՝ ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանն ասաց, որ անհրաժեշտություն է առաջացել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի դրույթները տարածել նաեւ փամփուշտների, ինչպես նաեւ հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի շրջանառության վրա, քանի որ գործող կարգավորումներով փամփուշտներին եւ հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերին վերաբերող դրույթներ որոշ հոդվածներից բացակայում են, ինչը խոչընդոտներ է առաջացնում իրավակիրառ պրակտիկայում:
Կարդացեք նաև
Մյուս կարեւոր փոփոխությունը վերաբերում է առաջին անգամ քաղաքացիական հրազեն ձեռք բերող քաղաքացիներին։ «Օրենքը նախատեսում էր, որ այս դեպքում քաղաքացիներն ունեին պարտականություն՝ կառավարության երաշխավորած ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում հանձնել զենքի հետ կապված եւ անվտանգության կանոնների իմացության տեսական եւ գործնական քննություններ։ Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմամարզական կազմակերպություններին վերաբերող հարաբերությունները շատ ավելի դետալային քննարկման առարկա պետք է դառնան, առաջարկում ենք այս օրենքից հանել ռազմամարզական կազմակերպություններին վերաբերող դրույթները, բայց եւ պահպանել քննության հանձնման կանոնը, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան օգտվել առաջին անգամ քաղաքացիական հրազեն ձեռք բերելու հնարավորությունից։ Եվ ըստ այդմ՝ ներքին գործերի նախարարի հրամանով կտանք շատ ավելի պարզեցված ընթացակարգեր մեր քաղաքացիների համար՝ այս քննությունը հանձնելու նպատակով։ Եվ մի կարեւոր փոփոխություն եւս՝ նախատեսում ենք, որ Պաշտպանության նախարարության համակարգի սպայական կազմի զինծառայողներին սպայական դաշույնով պարգեւատրելու իրավունք կարող է ունենալ նաեւ պաշտպանության նախարարը։ Պարգեւատրման հնարավորությունը միայն վարչապետին էինք թողել այս օրենքով»,- ասաց Արփինե Սարգսյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ