Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կառավարությունը ներդնում է թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդել

Հուլիս 13,2023 13:32

Կառավարությունը ներդնում է թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդել։ Այս տարի ծրագրով նախատեսված ֆինանսավորման փորձնական մոդելը կներդրվի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով որոշման նախագիծը։ Նրա խոսքով՝ անցյալ տարի թատրոնի տոմսերի վաճառքից գեներացված սեփական եկամուտները կազմել են 614.14 մլն դրամ, արտաբյուջեն՝ 749 մլն դրամ, 2019-ի համեմատ թատրոնը կրկնապատկել է իր սեփական եկամուտների ծավալը։ Այս տարի Օպերային թատրոնին կառավարությունը տրամադրել է 1,4 մլրդ դրամ։

Նախագծով առաջարկվում է թատրոնին հավելյալ տրամադրել 233,5 մլն դրամ, որը թույլ կտա, ըստ նախարարի, առաջարկվող փորձնական մոդելն ամբողջությամբ իրականացնել․ «Թատրոնը պետք է բեմադրի առնվազն երկու նոր բալետային կամ օպերային ներկայացումներ՝ այս միջոցների շրջանակներում՝ հրավիրելով նաեւ արտերկրի մասնագետների։ Այնուհետեւ մոդելը նախատեսում է մոնիթորինգի եւ համապատասխան քայլերի գործողություններ, որոնք թույլ կտան բարելավել կառավարման որակն ու արդյունավետությունը՝ շարունակաբար ավելացնելով սեփական եկամուտներն ու պետության կողմից տրվող ֆինանսավորման չափը»։

Որոշման նախագծում նշված է՝ տրամադրվող գումարի արդյունքում թատրոնը պարտավորվում է գումարի նպատակային եւ ռացիոնալ շրջանառություն իրականացնել՝ յուրաքանչյուր եռամսյակ նոր բեմադրություն իրականացնելով, գեներացնելով անընդհատ եկամուտներ ու ներգրավելով նոր հանդիսատես:

Նախարարը վստահեցրեց՝ մինչեւ 2026 թվականը այս նոր մոդելը կներդրվի նախարարության ենթակայության տակ գործող բոլոր 21 կազմակերպություններում:

Ֆինանսավորման այս նոր մոդելն, ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, ենթադրում է կազմակերպությանը պետության կողմից լրացուցիչ ֆինանսավորման հատկացում, որը կարող է կազմել տվյալ կազմակերպության տվյալ տարում տոմսերի վաճառքից ստացված սեփական եկամուտների առավելագույնը 100%-ը՝ նոր եւ նախկին ներկայացումների վերափոխված տարբերակների բեմադրության համար:

Մոդելը նախատեսում է, որ յուրաքանչյուր տարի կազմակերպության կողմից գեներացված սեփական եկամուտների դիմաց կազմակերպությունը կստանա հավելյալ գումար, որոշակի տոկոսային հարաբերակցությամբ, որը թույլ կտա ապահովել նոր բեմադրությունների իրականացումը:

«Թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելի ներդրումը նոր հնարավորություն կընձեռնի Հայաստանում եւ արտերկրում արվեստասեր հանրությանը բարձր բեմական վարպետությամբ հանդես գալու, հայ արվեստը հանրահռչակելու համար»,-նշված է հիմնավորման մեջ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31