Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում «Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-ի եւ վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KFW) տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ» հայտագրերի փոխանակման ձեւով կնքված համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն արձագանքեց Հայաստան խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցադրմանը։ «Ասում եք, որ փոխնախարարի հետ հարցուպատասխանից դատելով՝ այնպիսի տպավորություն է, որ ժամանակին խոչընդոտվել է այս համաձայնագիրը ստորագրելու գործընթացը։ Հիմա ուզում եմ հարցնել՝ երբ մենք օրակարգը հաստատում ենք, եւ դուք դեմ եք քվեարկում այդ օրակարգին, որի մեջ մտած է նաեւ այս հարցը, որի կարեւորությունը ոչ մեկը չի վիճարկում, արդյոք դա կարելի՞ է համարել խոչընդոտել կամ չխոչընդոտել»։
Թունյանը հավելեց․ «Չեմ ասում՝ խոչընդոտել եք, ասում եմ՝ փորձել եք խոչընդոտել։ Կարելի է այդ օրակարգի հարցերից մեկին դեմ լինել, մեկի կողմ լինել, բայց ընդհանուր օրակարգին դեմ լինելը նշանակում է՝ դուք օրակարգի բոլոր հարցերը փորձում եք խոչընդոտել։ Եթե դուք դեմ եք քվեարկում օրակարգին, եւ եթե մեր ձայները բավարար չլիներ, կստացվի, որ այս տարբերակում դուք խոչընդոտում եք հայ գերմանական հարաբերությունների զարգացմանը։ Արդյոք օրակարգը մերժելը նշանակո՞ւմ է հարցը խոչընդոտել, թե՞ չէ»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ