Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի քիչ վալիերանկա կխմի, կյանքն ավելի թեթեւ կլինի»․ Փաշինյանը բացատրում է, թե ինչո՞ւ են միջազգային կազմակերպությունները նախընտրում ՀՀ պետական պարտատոմսերում ներդրում անել

Հուլիս 13,2023 13:08

«Մեր պարտատոմսերի նկատմամբ հետաքրքրությունը վերջին ամիսներին էականորեն փոխվել է։ Մենք ունենք մեծ հետաքրքրություն աշխարհի խոշորագույն ներդրումային կազմակերպությունների եւ բանկերի կողմից, ովքեր մեծ ցանկություն ունեն պետական գանձապետական պարտատոմսերում դրամով ներդրում անել»,-այս մասին այսօր կառավարության նիստում ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ միջազգային այդ հետաքրքրությունը հաշվի առնելով՝ կառավարությունը պետք է մտածի, թե ինչպես է բավարարելու այդ պահանջարկը՝ միեւնույն ժամանակ պահելով ՀՀ պետական պարտքի ցուցանիշները կանխատեսված մակարդակում։

Նա հայտնեց, որ երկու օր առաջ հերթական տենդերն է տեղի ունեցել, որին մասնակցել են միջազգային կազմակերպություններ։ Առաջիկա մեկ շաբաթում արդյունքները պարզ կլինեն, եւ ինչպես նախարարն ասաց, կազմակերպությունների անունները կհրապարակվեն։

«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն հուշեց, որ այդ մեխանիզմը եւ նաեւ կապիտալի շուկան, որը ես անվանում էի արժեթղթերի շուկա, բայց նոր հարցրեցի ու իմացա, որ ավելի ճիշտ է կապիտալի շուկա ասել, որովհետեւ արժեթղթերի շուկան կապիտալի շուկայի մաս է, այդ մանրամասները հետո կհասկանանք (Փաշինյանը կատակեց, Ն․Բ․), հնարավորություն է օտարերկրյա ներդրումների համար»,-ասաց Փաշինյանը։

Մհեր Գրիգորյանն էլ հավելեց՝ սա ոչ միայն հնարավորություն է, այլ նաեւ պահանջ է․ «Որովհետեւ այսօր մեր երկրի ռիսկերն, ըստ միջազգային վարկանիշային ընկերությունների գնահատման, այնպիսին են, որ շատ հրապուրիչ են ներդրումների համար։ Բայց գործիքների բացակայության պատճառով այդ հոսքը չի գալիս։ Այս դեպքում ձեւը շատ մեծ կարեւորություն ունի ներդրումային գործարքի տիպը, այդ իմաստով բորսայական այս առեւտրի խթանումները օտարերկրյա դիվերսիֆիկացված շատ լուրջ ներդրումների հարթակ է նաեւ։ Այսօր, իհարկե, դա մենք չենք զգում, որովհետեւ երբ լիկվիդայնության այս մակարդակն է երկրում, դրա մասին չենք մտածում, բայց դա շատ կարեւոր ռազմավարական նպատակ է, որովհետեւ օտարերկրացի ֆիզիկական անձը պետք է հնարավորություն ունենա հայկական կապիտալում ինտերնետով ներդրում անի, եւ սա որակապես փոխելու է ներդրումային միջավայրն ու հնարավորությունները»։

Ֆինանսների նախարարն էլ նշեց՝ պետական գանձապետական պարտատոմսերի նկատմամբ օտարերկրյա հետաքրքրությունը տեղի է ունենում մի միջավայրում, երբ աշխարհում տոկոսադրույքները բարձրանում են, իսկ Հայաստանում՝ իջնում․ «Սա շատ կարեւոր է, եւ այս հետաքրքրությունը նշանակում է, որ կա սպասում, որ մեզ մոտ տոկոսադրույքները շարունակելու են իջնել»։

Փաշինյանն իր բացատրությունը տվեց, թե ինչու են միջազգային կազմակերպությունները նախընտրում ցածր տոկոսադրույքով ներդրում անել․ «Մի պարզ պատճառով՝ ավելի վստահելի է համարում, այսինքն` իր կյանքն ավելի թեթեւ կլինի, ավելի քիչ կանհանգստանա, ավելի քիչ վալիերանկա կխմի, հետեւաբար ավելի վստահելի շահույթ կունենա»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31