Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիան Հայաստանում 2 տրիլիոն դրամին համարժեք ներդրում է կատարել, ԵՄ-ում ՀՀ թիվ մեկ առեւտրային գործընկերն է․ փոխնախարար

Հուլիս 13,2023 12:46

Գերմանիան 1995 թվականից ի վեր Հայաստանում 2 տրիլիոն դրամին համարժեք ներդրումներ է կատարել։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում «Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-ի եւ վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KFW) տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ» հայտագրերի փոխանակման ձեւով կնքված համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գեւորգյանը։

Ըստ կառավարության հիմնավորման՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության եւ Վերականգնման վարկերի բանկի տեղական գրասենյակների հիմնումը մեծապես կաջակցի Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջեւ զարգացման ոլորտում համագործակցությանը:

«Դեռ 1995 թվականից մենք Գերմանիայի հետ ունենք բավական հարուստ իրավապայմանագրային բազա։ Այս տարիների ընթացքում Գերմանիան Հայաստանում կատարել է մոտ 2 տրիլիոն դրամին համարժեք ներդրումներ։ Այս պահին KFW բանկի ակտիվ պորտֆելը Հայաստանում կազմում է մոտ 650 մլն եվրո։ Այսինքն՝ բավական զգալի ներդրումներ են կատարվել ենթակառուցվածքների մեջ, փոքր ու միջին ձեռնարկությունների վարկավորման եւ մի շարք այլ ծրագրեր։ GIZ-ի կողմից մասնավոր հատվածի զարգացման համար շատ կարեւոր աշխատանք է կատարվել, եւ ներկայում էլ բավական ակտիվ աջակցություն է ցուցաբերում ՀՀ-ին։ Երկու տարի առաջ, երբ կովիդյան շրջանից հետո վերականգնվեց հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովը, մենք փորձեցինք ակտիվացնել երկկողմ տնտեսական հարաբերությունները։ Հայաստան ժամանեց իրենց միջազգային համագործակցության նախարարը, եւ Հայաստանը վերջապես ներառվեց իրենց նախարարության 2020-2030 թվականների ռազմավարական ուղղությունների մեջ։ Դա կարեւոր ձեռքբերում էր, այլապես մենք ԵՄ ծրագրերի շրջանակում էինք շարունակելու մեր համագործակցությունը»,- ասաց նա։

Ըստ Ռաֆայել Գեւորգյանի՝ տեղական գրասենյակներ հիմնելու գործընթացը մեկնարկել է 10-12 տարի առաջ։ «Որոշակի միջգերատեսչական անհամաձայնությունների արդյունքում գործընթացն առաջ չի շարժվել, բայց հավանաբար նախաձեռնողականության պակաս կար։ Մեզ հաջողվեց ներսում համաձայնեցնել այն բոլոր սուր կետերը, որոնք գոյություն ունեին եւ համաձայնեցնել գերմանական կողմի հետ։ Արդյունքում՝ ունեցանք այն համաձայնագիրը, որն այսօր ունենք։ Առեւտրային հարաբերություններում Գերմանիան առաջինն է մեր ԵՄ գործընկերների թվում»,- ասաց փոխնախարարը։ Նա նաեւ հավելեց, որ համաձայնագիրն ավելի վաղ չվավերացնելը խոչընդոտել է երկկողմ հարաբերությունների զարգացմանը, 2019 թվականին Գերմանիայի միջազգային զարգացման նախարարությունը որոշել էր իր 2020-2030 թվականների ռազմավարության միջից Հայաստանը հանել՝ որպես երկկողմ համագործակցության ուղղություն։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց․ «Իրականում, որքան ես եմ հիշում, երբեք էլ արհեստական խոչընդոտներ չեն ստեղծվել։ Հակառակը, կարգավիճակը որոշակի ձեւով տարածաշրջանային քաղաքականության սահմանափակումների ներքո է եղել։ Հենց գերմանական կողմի քաղաքականության նպատակաուղղվածությունն է եղել դա։ Ես նաեւ շատ լավ եմ հիշում, որ երբ գերմանական ավիաընկերությունները Հայաստանում պետք է գործունեություն ծավալեին, նաեւ այստեղ էլ կային հարցադրումներ՝ տարածաշրջանային իրենց քաղաքականության շրջանակներում։ Հիմա շատ լավ է, որ իրենք վերանայել են եւ ուզում են ակտիվացնել»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31