Լրահոս
Օրվա լրահոսը

«Մյուս տարի գարնանը կրկեսը 100 տոկոսով կբացվի». Սոս Պետրոսյան

Հուլիս 13,2023 14:48

Երեւանի կրկեսի շինարարությունը սկսվել էր դեռեւս 2011 թ. մարտին, երբ Երեւանի քաղաքապետարանը եւ «Տաշիր» ընկերությունների խումբը համաձայնագիր ստորագրեցին: 2012-ի սեպտեմբերին կրկեսի հին շենքը պայթեցվեց, որովհետեւ «Տաշիր» ընկերությունների խումբը որոշեց ոչ թե վերանորոգել, այլ նոր շենք կառուցել։

Yerevan Circus

Completely demounted Yerevan Circus

Aravot.am-ը Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահ, Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սոս Պետրոսյանից հետաքրքրվեց, թե երբ է ի վերջո բացվելու նորակառույց կրկեսը, եւ ինչն է խոչընդոտում դրան:

«Կրկեսը միայն շենք չէ… ճիշտ է, մի քիչ երկար տեւեց… պատերազմ, կորոնավիրուս, թեեւ դա էլ պատճառ չէ, արդեն քանի տարի է՝ կրկեսը փակ է, բայց մենք ոչ մի օր չենք կանգնել, մեր ողջ ստեղծագործական կոլեկտիվը գտնվում է հյուրախաղերի մեջ։ Կրկեսը թատրոն չի, որ դերասանները սպասեն, խաղացանկը փոխվի՝ Շիրվանզադե, Շեքսպիր խաղան։ Մենք ոչ մի պարապ դերասան չունենք, բոլորը, այդ թվում՝ իմ ընտանիքի անդամները ամբողջ աշխարհով մեկ հյուրախաղերի են: Մենք էլ՝ Երեւանում գտնվող դերասանները եւ իմ ստեղծած կրկեսային ստուդիայի սաները ամեն ամիս 2-3 ներկայացում ենք ունենում Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում՝ լեփ-լեցուն դահլիճներում»,-ասաց Սոս Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է կրկեսի բացմանը, այս մասին էլ հավելեց. «Մնում է ավարտին հասցնել ներքին հարդարման աշխատանքները։ Աթոռները ճանապարհին են, արդեն տեղ են հասնում: Մի քիչ մտահղացումը փոխվել է, որոշվեց հասարակ աթոռների փոխարեն շքեղ բազկաթոռներ տեղադրել: Մնում է նաեւ լուսային եւ ձայնային համակարգ ներդնել մեր կրկեսում, որը նույնպես ճանապարհին է: Ինչո՞ւ երկարեց, ես էլ եմ ուզում այդ հարցի պատասխանն իմանալ:

«Տաշիրն» է կառուցում, այդ մարդիկ Հայաստանին կրկես են նվիրում, գնանք ասենք՝ արագացրե՞ք, չենք կարող…Պետությունը ոչ մի բան չարեց, «Տաշիրն» անում է։ Վերջին տվյալներով՝ մինչեւ այս տարեվերջ, պետք է ավարտին հասցվի, պայմանագրով այդպես է ամրագրված, հակառակ դեպքում մեծ տույժ-տուգանքների տակ կընկնի «Տաշիրը»: Ես կարծում եմ՝ գուցե մինչեւ տարեվերջ չհասցնենք, բայց մյուս տարի գարնանը 100 տոկոսով կրկեսը կբացվի»:

 Սոս Պետրոսյանը տեղեկացրեց, որ Գերմանիայում ապրող իլյուզիոնիստ թոռնիկը՝ Սոսը, օրերս զանգել եւ ուրախալի լուր է հայտնել. «Աչքերս լցվեցին, ասաց՝ պապիկ Գերմանիայում կրկեսի տաղանդներին գնահատում են: Պետությունը թոռնիկիս 4 հարկանի վիլլա է նվիրել, որպեսզի փորձեր անի, լավ ելույթներ ունենա»:

Կրկեսի գեղարվեստական ղեկավարը հիշեցրեց, որ մի քանի ամիս առաջ տպագրվել է իր նոր գիրքը՝«Հայկական կրկեսը երեկ եւ այսօր» վերնագրով, որտեղ ամփոփված է կրկեսի հարյուրամյա պատմությունը: Այժմ էլ Սոս Պետրոսյանն աշխատում է իր դոկտորականի վրա, որը նույնպես հայկական կրկեսի թեմայով է:

Հիշեցնենք, որ Երևանի կրկեսի առաջին՝ փայտաշեն շենքը կառուցվել էր 1928 թ., այնուհետեւ Նիկոլայ Բունիաթյանի նախագծով 1939 թ. նոր շենք էր կառուցվել, որը վերափոխվել էր 1962 թ.։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Սոս Պետրոսյանի լուսանկարները՝ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31